ի ներքոյ և արտաքոյ»: Եվ հոգևորականներից այդ Ներսեսն է իսկապես, որ երևում է վեպի մեջ իբրև գործող անձ։
Ֆեոդալական հասարակության երրորդ դասը, աշխատավոր ռամիկը, տնտեսապես, քաղաքականապես և իրավապես կախված է եղել կալվածատերերի այս երկու անաշխատ վայելող դասերից։ Նա միշտ մնացած է եղել անուշադիր։ Մեր հին պատմագիրներն էլ մոռացության են տվել նրան, գրի առնելով միայն ազնվականների պատերազմներն ու հոգևորականների գործերը։ Վեպի մեջ շինականները հիշվում են միայն մեծ կոծերի ժամանակ, ինչպես և երկրի ընդհանուր վիճակը տնօրինելու համար հավաքված ժողովներում։ Այսպես, Տիրանի գերվելուց հետո, շինականներ կան այն ժողովի մեջ, որով որոշում են պատգամավորություն ուղարկել «առ թագաւորն Յունաց, զի ի նա ձեռս տուեալ՝ ծառայեսցեն նմա հնազանդութեամբ»։ Շինականները, իսկապես «դասապետք շինականաց», մասնակցում են նաև Ներսեսի մոտ հավաքված այն ժողովին, որի մեջ ուզում են դադարեցնել երեսնամյա պատերազմը (Բուզ., Գ. 21, Դ. 51)։
Արշակավանի դրվագի մեջ երևում է աշխատավորության՝ վերին երկու դասերի դեմ մղած կռվի հետքը։ Բուզանդի բերած փոփոխակի մեջ, սակայն, պատմվածքն ունի ուժեղ կրոնական բնույթ, փառավորվում են Խադն ու Ներսեսը։
Շինեաց իւր արքայն դաստակերտ մի
Ի հովիտն անուանեալ ի Կոգ գաւառի…
Եւ հրամայեաց կարգել քարոզ
Ընդ ամենայն տեղիս աշխարհացն հրապարակին իւրոյ՝
Եւ ամենայն կողմանս գաւառաց իւրոց
Լի առնէր հրամանաւն արքունի,
Զի «Եթէ ոք ումեք ինչ պարտիցի,
Եթէ ոք ուրուք ուստեք ինչ վնասեալ իցէ,
Կամ ոք ումեք ինչ դատ պարտիցի,
Ամենեքեան եկեսցե՛ն ի Դաստակերտն, շինեսցի՛ն։
Եթէ արիւնահան ոք իցէ,
Կամ վնաս ուրուք ումեք արարեալ իցէ,
Կամ զկին ուրուք տարեալ իցէ,
Կամ պարտապան իցէ,
Կամ ոք զուրուք կարասի ունիցի,
Կամ ոք յումեքէ երկիւղած ինչ իցէ,
Եւ եկեսցէ յայն տեղի,
Դատ և իրաւունք մի՛ լիցին։
Իսկ եթէ ոք ումեք ինչ պարտիցի,
Եւ որում պարտիցին՝ եկեալ յայն տեղին,
Առանց դատի և իրաւանց կալցի՛ն և ի դուրս տարցին»։