Jump to content

Էջ:Manuk Abeghyan Collective works vol. 3.djvu/214

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Որ գործակալս անուն,
Բարձիւք առաջի արքային,
Պատիւ ի գլուխ բազմէին.—
Թող զնահապետս մեծամեծն և զտանուտեարս,
Որք գործակալք միայն էին՝ ինն հարեւր բարձ,
Որ մտանէր ի ժամ տաճարին ուրախութեանն,
Բազմակալացն կարգելոց.
Թող զոտնկայս գործակալութեանն սպասու:

Բուզ., Դ. 2

Այս ինն հարյուր թիվն, անշուշտ, վիպական չափազանցություն է, ազնվականների թվի մեծությամբ փառավոր ցույց տալու համար «տէրութիւնն թագաւորութեանն Հայաստան երկրին»։

Վերևում տեսանք, որ Արշակը Մամիկոնյան տոհմի նահապետ կարգում է Վարդանին: Այսպես և Վարազդատ թագավորը, Մուշեղի մահից հետո, այդ տոհմի նահապետ է կարգում Վաչեին:

Եւ ազգին Մամիկոնեան տոհմին
Տանուտէր նահապետ կացոյց թագաւորն՝
Վաչէ անուն ի նմին տոհմէ:

Բուզ., Ե. 37

Բայց երբ Վաչեի եղբայր Մանուելը գերությունից վերադառնում է, նահապետ դառնում է նա։

Քանզի նա էր երէց յազգին…
Եւ Վաչէն լինէր երկրորդ։

Մանուելն «առանց հրամանի թագաւորին Վարազդատայ յինքն յափշտակեաց զզօրավարութեանն զսպարապետութիւնն, զի այն ինչ որ իւրոց նախնեացն ի բնէն կալեալ էր ի սկզբանէ, զոր արքայն Վարազդատ շնորհ առնէր իւրում դայեկին Բատայ»։

Ազնվական տոհմերի նշանավորությունը, «մեծազգեաց» լինելը, ամենակարևոր բանն էր համարվում։ Գահն ու բարձը կապված էր դրա հետ։ Թագավորի հետ սեղանի նստելիս՝ «նահապետք մեծազգեացք» ավելի բարձր էին նստում։ Դրանց պատիվն ավելի մեծ էր։ Այդ պատճառով վեպի մեջ շեշտվում է գահի աստիճանը։ Դրաստամատի համար ասվում է.

Եւ բարձ նորա ի վեր քան զամենայն նախարարացն։

Բուզ. Ե. 7