է պարզապես նախարարների շահերի դեմ. «Եւ բազում անգամ բողոքեալ նախարարացն՝ և ոչ ինչ լուաւ նոցա Արշակ. մինչև առ Շապուհ ևս ունել նոցա բողոք»: Երբ Շապուհի զորքերը մտնում են Հայաստան, և Արշակը փախչում է Կովկասի կողմերը, «Նախարարացն Հայոց ժողովեալ՝ դիմեցին ի վերայ արքունական ձեռակերտին Արշակաւանի և հարին զնա սրով սուսերի յառնէ մինչև ցկին, բայց ի տղայոց ստնդիացաց. քանցի դառնացեալք էին իւրաքանչիւր ի վերայ ծառայից իւրեանց յանցաւորաց»(Խոր., Գ. 27):
Որ վեպի մեջ Արշակավանի շինությունը բնորոշված է իբրև գողերի, ավազակների, մարդասպանների ժողովարան, «ժողով մարդկան մեղաւորաց», այդ վերաբերմունքն ու լուսաբանությունը միայն բավական են ցույց տալու, որ այդ զրույցը ծագել և այդ գույնով պատմվել է ընդդիմադիր հոգևորական և նախարարական շրջաներում, բայց ունեցել է իր ուրույն սոցիալական իմաստը: Դա զրկվածների, նեղվածների, տառապյալների մասսայական ըմբոստացումն է ճնշողների դեմ: Թագավորն իր կռվի մեջ ընդդեմ նախարարների՝ հենվել է ճնշվածների վրա: «Բազում ծառայք զիւրեանց տերանց զգանձս ըմբռնեալ, անդր անկանէին». «ծառաներն» այստեղ վասալները չեն, այլ աշխատավորները:
2․ Ազնվականություն:- Մեր այս վեպի մեջ բավական ուժեղ կերպով գծագրված է ֆեոդալների կենցաղն ու պատկերը: Այնտեղ ամենից առաջ աչքի է ընկնում այն, որ թագավորի հետ կան բազմաթիվ ազնվական տոհմեր, որոնք ունեն հողեր, երբեմն նույնիսկ «գաւառատէր», «աշխարհատէր», «գաւառակալ» են: Նրանց վրա է հենված թագավորի իշխանությունը, և նրանցից շատ բան է կախված: Պետական և հասարակական կազմը հենց այդ տոհմերով է:
Կարևոր դեպքում լինում է ժողով, խորհուրդ կամ թագավորի մոտ, կա՛մ առանց նրան: Բայց դրանով չի սահմանափակվում թագավորի իշխանությունը: Այլ ընդհակառակն բոլոր տոհմերը ենթարկվում են թագավորին: Տոհմի «նահապետ» լինում էր տոհմի մեջ ավագը, տարիքով մեծը. բայց, ինչպես երևում է, այդ էլ թագավորի կամքով էր լինում:
Եւ կացոյց արքայն զՎարդան զերէց եղբայրն
Ի նահապետութեանն ազգին իւրեանց.
Եւ զՎասակ, զմիջին եղբայրն, զիւր դայեակն,
Ի սպարապետութիւնն զօրավարութեան, յիրս պատերազմացն.
Սոյնպէս և զկրտսերն ի պէտս զօրացն կացուցանէր:
Սոյնպէս և զամենայն ազգսն զօրացն,
Մեծամեծացն նահապետացն…
Մեծամեծքն յիւրաքանչիւր գահու,
Եւ գործակալքն յիւրաքանչիւր չափու…
Եւ այլ յայսմ ազգաց և ի խոնարհ,