սկզբից։ Մամգոնը որսի ժամանակ սպանում է Սլկունիների նահապետին և տիրանում նրա ամրոցին: Վիպասանքի մեջ Սանատրուկն սպանվում է որսի ժամանակ։ Տրդատը Հռիփսիմեի սպանվելուց հետո որսի է ելնում։ Սիրված մոտիվ է որսի անտառ տնկելը։ Վիպասանքի մեջ Երվանդը տնկել է տալիս Ծննդոց անտառը (Խոր., Բ. 41), «Պարսից պատերազմի» մեջ Խոսրով Կոտակը՝ Խոսրովակերտ անտառը (Բուզ., Գ. 8), և վերջապես նույնը գտնում ենք և «Սասնա Ծռերի» մեջ։ Նման անտառ եղել է նաև Շահապիվանի և Բագավանի մոտ. Գնելին Արշակի հրամանով գլխատում են այնտեղ, «մօտ յորմածս արգելոցացն որսոյն էրիոցն» (Բուզ., Դ. 15)։ Խորենացու մեջ (Գ. 23) մի տարբեր փոփոխակ է պատմված Գնելի սպանման մասին, որ կապված է դարձյալ որսի սարի և որսորդության հետ։
Հյուրերին որսով և խնջույքով («բազմականք») պատվելն ազնվականի կենցաղային գծերից մեկն է։ Տիրան թագավորն այդպես պատվում է իր մոտ եկող պարսիկ Վարազ Շապուհին։
Եւ մինչ չև նա եկեալ էր,
Խորհէր արքայն ընդ իւր ծառայսն ներքինիսն,
Սպասաւորսն իւրում սենեկի, ասէ.
«Արժան է մեզ, այր որ գայ առ մեզ՝
Զբօսուցանել և ուրախ առնել որսովք և բազմականօք,
Եւ ամենայն պէս պէս վայելչութեամբք։
Այլ ոչ եթէ այնչափ ինչ արժան է
Զմեծ ինչ որսոյ տեղիս
Ի մերում երկրի աստ նմա տեսանել՝
Վասն չարակնութեան, յաչաղանաց, չարաբարութեան,
Նենգութեանն ազգին պարսկաց։
Այլ նմանեցուցէք տեղիս դոյզնագիւտ որսոց ինչ,
Որով լոկ զբօսուսցուք զնա,
Եւ մի՛ որսասցուք զառատ ինչ որսոց զտեղիս,
Եւ զի մի՛ մեծ ինչ նախճիրս որսոց
Կոտորեալ առ ի ցոյցս առնելոյ»։
Որսի և պատերազմի հետ կապված էր լավ ձի և լավ զենքեր ունենալու փափագը։ «Պարսից պատերազմի» մեջ առանձնապես երևում է ձին իբրև պարգևի առարկա։ Գովվում են Տիրան թագավորի ձիերը, որ Խորենացին ըստ իր պատումի (Բ. 62) դնում է Վիպասանքի ցիկլի մեջ, համարելով Տիրանին վիպական Արտաշեսի որդին. «Որսոց և զբօսանաց պարապեալ, որպէս ասեն։ Եւ ձիոց երկուց լեալ՝ թեթև առաւել քան զՊիգասոս, երագութեամբ անբաւ. զորս ոչ երկրակոխս, այլ օդագնացս համարէին. յոր խնդրեալ հեծանել Դատաքէի ուրումն իշխանի Բզնունեաց՝ պարծէր ընչեղագոյն գոլ քան զարքայ»։ «Պարսից պատերազմի» մեջ Տիրան թագավորի ձին այսպես է գովվում.