Եւ ի վերայ բնակչաց աշխարհին…
Ի վերայ քերց և եղբարց,
Ի վերայ մերձաւորաց տոհմին,
Ի վերայ բարեկաց բարեկիր բարեկամաց,
Հանապազ կայր զորավարն Մուշեղ
Ի նահատակութեան պատերազմին,
Զանձն փոխանակ առնել աշխարհին.
Եւ յանձն իւր անխայէր ի մեռանել,
Զամենայն աւուրս կենաց իւրոց
Առաջի իւրոց բնակ տերանցն,
Արշակունւոց վաստակէր։
Ահա իդեալական հերոսը, որ ապրում է իր տիրոջ և աշխարհի համար, և չի թողնում անգամ մի կորու չափ գետին Հայոց երկրից վտարել, այսինքն օտարացնել։ Դա արդեն հայրենասիրությունն է, վիպական հերոսի ոգևորության աղբյուրը։ Այդ և վեպի գաղափարականացումն է ըստ բովանդակության։
4. Վիպական գաղափարականացումը չափազանցումով և պարտությունների արդարացումը։— «Պարսից պատերազմի» մեջ հայ թագավորներն ու սպարապետները վարում են շատ ու շատ ճակատամարտեր, շարունակ մարտ ու մարտ և միշտ հաղթություն: Նրանք միշտ կոտորում են թշնամու երբեմն միլիոնների հասնող բանակները։ Պատերազմական հաջողությունների այսպիսի վիպական չափազանցումով ևս առաջ է բերվում իդեալականացում։ Այդ պատերազմներն արդեն տեսել ենք Մեծն Խոսրովի, Տրդատի, Փոքր Խոսրովի և Տիրանի ճյուղերի մեջ։ Առնենք Արշակի ճյուղը, որ վեպի կենտրոնական մասն է։
Երեսնամյա պատերազմի ընթացքում քանի՜ քանի անգամ հայերը Վասակ սպարապետի զորավարությամբ ջարդում են պարսիկներին։ Հենց սկզբից Շապուհն անձամբ զորքով գալիս է Արշակի վրա։ Վասակն Արշակի հրամանով վաթսուն բյուր (= 600,000) հեծելազորով դուրս է գալիս նրա դեմ։
Առ հասարակ զօրսն զամենայն
Հարկանէին ի սուր սուսերի իւրեանց.
Եւ միաձի ճողոպրեալ
Արքայն Պարսից Շապուհ փախչէր։
Սոքա հասանէին, գերէին,
Այրացաւեր առնէին առ հասարակ զերկիրն Պարսից.
Եւ ինքեանք կային ունէին զճակատուն տեղի,
Այս ինքն զսահմանս Պարսից պահէին։