Jump to content

Էջ:Manuk Abeghyan Collective works vol. 3.djvu/244

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

սոցիալական իմաստ, հարկավ, ավատական ժամանակի հասկացությամբ: Դրանով Մամիկոնյան սպարապետները դառնում են վեպի գլխավոր հերոսները։ Թե իրոք մի ժամանակ ապրել են Վաչե, Վասակ, Մուշեղ ու Մանուել զորավարները, և կյանքի մեջ ինչպիսի մարդիկ են եղել նրանք, մենք այդ չգիտենք։ Թերևս այդ վիպական անձերը պատմական են։ Բայց վեպի մեջ պահվում է պատմական անձի այս կամ այն իրական գիծը միայն, և չի տրվում ամբողջական պատկերացում նրա մասին։ Ինչպես Արշակը, մի պատմական անձ, վեպի մեջ կորցրել է իր իրական գծերը և կյանքի իրական եղելությունները, նույնպես և սպարապետները։ Վեպի մեջ նրանց անձերից ևս, — եթե նրանք պատմական են,— անշուշտ շատ քիչ բան է մնացել։ Նրանք նկարված են ընդհանուր հերոսական գծերով, ընդհանուր առաքինություններով։ Նրանց վերագրված են փառավոր սխրագործություններ, մեծազգի նախնիք և քաջարի ոգի և այլ բարեմասնությունները ըստ դարի վիպական պահանջի։ Այդպիսով այդ հերոսները մեր այս վեպի, այսպես ասած, սոցիալական անձերն են և իբրև այդպիսիներ, պատմական են։ Նրանք իրականության իդեալական պատկերացումներն են և ստեղծված են 3—5-րդ դարերի սոցիալական պայմաններում, որոնք հերոսական բանաստեղծություն էին պահանջում պարսիկների դեմ պատերազմները վարելու համար։ Հարկավոր էր պաշտպանել «բնիկ տիրոջը», որի մեջ, ըստ այն ժամանակի հասկացության, մարմնացած էր երկրի անկախության գաղափարը և նույնիսկ աշխարհն ինքը։ Հիշենք Տիրանին մատնող և կորցնել տվող Փիսակին տրված «տիրանենգ» և այլ մականունների հետ նաև «աշխարհակորոյս» մակդիրը։ Այդ էր այն դարերի գաղափարը։

Կարդանք և այն դրվագը (Բուզ., Ե. 20), որի մեջ,— ինչպես հաճախ լինում է հերոսական վեպերի մեջ հերոսների սխրագործությունների պատմվածքի վերջում,— բերված է Մուշեղի գովաբանությունը.

Այլ քաջն զորավարն, սպարապետն Հայոց
Լի էր քինիւ մեծաւ և բազում նախանձու
Զամենայն աւուրս կենաց իւրոց,
Եւ միամտութեամբ և արդար վաստակով
Ջանայր հանապազ և վաստակէր
Ի վերայ թագաւորութեանն Հայոց աշխարհին։
Զտիւ և զգիշեր կայր յաշխատութեանն.
Ջանայր և ճգնէր կալ ի ճակատու պատերազմին,
Եւ ոչ թողոյր բնաւ, ամենևին,
Եւ ոչ քան զկորի մի գետին
Ի սահմանաց երկրին Հայոց ուրեք վտարել։
Ի վերայ աշխարհին կեալ և ի մեռանել,
Ի վերայ անուանն քաջութեան,
Ի վերայ բնակ տերանց,