Զայն ի գերութիւն վարէին։
Եւ զբազում ամուրս քանդէին,
Եւ զբերդս աւերէին զամուրս:
Բայց դարձյալ Վասակը վրա է հասնում, կոտորում բոլորին, և միայն Շապուհն ու Մերուժանն են ազատվում.
Բայց միայն թագաւորն միաձի
Ճողոպրեալ մազապուր փախչէր…
Բայց յայնմ նուագի ևս
Ապրէր Մերուժանն չարագործն,
Փախուցեալ ընդ արքային Պարսից։
Այնուհետև հայերն իրենց երկիրը պահպանում են «յերկոսին դուրս սահմանացն»։ Այս անգամ Արշակն է հարձակման դիմում հոների օգնությամբ։ Շապուհն էլ իր կողմից գալիս բանակ է դնում Թավրիզում։ Հաղթում են հայերը և կոտորում ամենքին։ Միայն Պարսից թագավորը դարձյալ «միաձի ճողոպրեալ» փախչում է։
Հաջորդ հարձակումներն այլևս Շապուհն անձամբ չի կատարում, այլ զանազան իշխանների ձեռով 23 անգամ մեծամեծ բանակներ է ուղարկում Հայաստան Արշակ թագավորի վրա։ Բայց ամեն անգամ էլ Վասակ սպարապետը համեմատաբար սակավաձեռն ուժերով ջարդում, կոտորում է, նրանց բոլորին «անմի» անում է Հայոց բանակների համար հիշվում են 120 հազար, 11 հազար, 40 հազար, 70 հազար և 30 հազար թվով զորքեր, իսկ պարսիկները երեք անգամ հարձակվում են «անթիվ» կամ շատ զորքերով, իսկ մնացած հարձակումները նրանք կատարում են երկու անգամ 180 հազար զորքով, մեկ անգամ 350 հազար, հինգ անգամ 400 հազար, երկու անգամ 600 հազար, մեկ անգամ 800 հազար, հինգ անգամ 900 հազար, երկու անգամ 4 միլիոն, մեկ անգամ 5 միլիոն զորքերով։ Ընդամենը 26 միլիոն 210 հազար զորքերով, չհաշված երեք անգամի անորոշ բազմությունը, ինչպես և առաջին հինգ հարձակումները։ Իհարկե, այդ թվերը՝ «վաթսուն բիւր», «չորեքհարիւր հազար», «քառասուն բիւր», «իննսուն բիւր», «չորեքհարիւր բիւր», «իննհարիւր հազար» և այլն՝ ճիշտ իմաստով չեն գործածված։ Վիպասանը դրանով ուզեցել է միայն Պարսից բանակի մեծությունը ցույց տալ չափազանցությամբ, առանց, գուցե, կարողանալու հաշվել, թե ո՛րքան է անում, օրինակ, «իննսուն բիւր» թիվը: Այդպես ասվել է իբրև՝ անչափ, անհամար, կամ ինչպես՝ «գումարէր գումարտակ բազում իբրև զաւազ ծովուն բազմութեամբ»։ Այս բոլոր 28 հարձակումների ժամանակ ահա, ըստ Վեպի հայերը կոտորում են միլիոնավոր պարսիկներին, մեծ մասամբ և նրանց զորավարներին, և փախչում, ազատվում է Շապուհը, եթե նա գալիս է, ինչպես և Մերուժանը։ Եվ հետևանքն ի՛նչ է լինում։