Այս էջը հաստատված է
1. Հայկ և Օրիոն:— Հնագույն բանաստեղծության մի տեսակն են և առասպելները: Դրանք փոքրիկ զրուցիկներ են, որոնց մեջ, ըստ նախնական աշխարհայեցության ու հավատալիքների, «բնությունն ու հասարակական ձևերը… անգիտակցորեն մշակված են ժողովրդի երևակայությամբ»: Դրանց մեջ՝ ոգիների, դիցազների կամ աստվածների պատկերով՝ ձևավորված ու դրոշմված են նախնական ժողովուրդների հայացքը մի կողմից՝ հասարակական հարաբերությունների, մյուս կողմից՝ բնության ուժերի և երևույթների վրա: Հնուց ի վեր հայ ժողովրդի մեջ պատմվել են բազմաթիվ առասպելներ, որոնք մասամբ կապված են նաև հայոց սկզբնական պատմության և կրոնի հետ: Այդպիսին են Մովսես Խորենացու Հայոց Պատմության մեջ բերված մի քանի առասպելները, որոնցից և Հայկինը: Հայկի առասպելը, ըստ Մ. Խորենացու, ծագում է «գուսանականից»[1]:
- ↑ Մ. Աբեղյան, Հայ ժողովրդական առասպելները Մ. Խորենացու Հայոց պատմության մեջ (արտատպած «Արարատ» ամսագրից), Վաղարշապատ, 1899, էջ 176—258, 581—590: Այստեղ տեսնել նաև աղբյուրները և ուսումնասիրության մանրամասները:
Հին ավանդական բանահյուսության ուսումնասիրության նկատմամբ կարևոր է հիշել հետևյալները.
Մկրտիչ Էմին, Վէպք հնոյն Հայաստանի, Մոսկվա, 1850:
Հովսէփ Գաթըրճյան, Պատմութիւն մատենագրութեան Հայոց, անգիր ժամանակ, Վիեննա, 1851:
Ստ. Պալասանյան, Պատմութիւն հայոց գրականութեան, հատ. առաջին, բանավոր գրականութիւն, Թիֆլիս, 1865:
Մ. Էմին, Մ. Խորենացի և հայոց հին վեպերը, թարգմ. Գ. Խալաթյանց, Թիֆլիս, 1886, ռուս. բնագիրը Մոսկվայում, 1881:
Հ. Տաշյան, Հայկական աշխատասիրությունք պ. Ֆեթթերի, ի մի ամփոփված և թարգմանված, Վիեննա, 1895:
Գ. Զարբհանալյան, Հայկական հին դպրության պատմություն, Վենետիկ, 1897:
Աբր. Զամինյան, Հայ գրականության պատմություն, Նոր Նախիջևան, 1914: Վերջին երկուսը նկատի են առնված և ուրիշ դեպքերում: