Jump to content

Էջ:Manuk Abeghyan Collective works vol. 3.djvu/253

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

հետո լինում է, ամուսնանում են Արշակունի եղբայրներն՝ Արշակն ու Վաղարշակը, և հարսանիքի ուրախությունն են անում.

Եւ մեծապէս արարեալ զհարսանիսն
Ամենայն երկիրն Հայոց,
Ցնծացեալք, խնդացեալք էին
Ընդ այն մեծ խնդութիւն ուրախութեանն:

Բուզ., Ե. 44

Այսպես՝ տեսնում ենք, որ այս հերոսական բանաստեղծության մեջ հայ մարտիկները ճակատ առ ճակատ կռվելիս ոչ մի անգամ չեն պարտվում: Նույնիսկ Քուշանների դեմ պատերազմելիս գերի հայերը քաջության հրաշքներ են գործում, ինչպես օրինակ, Դրաստամատը, որ մահից ազատում է Շապուհին: Քուշանները կոտորում են Պարսից բոլոր զորքերին, բայց ազատվում են Մանուելն ու իր եղբայրը՝ մեծ քաջություններ անելով: Հայերը միշտ ջարդում են իրենցից տասնապատիկ և նույնիսկ հարյուրապատիկ ավելի մեծ թվով թշնամիներին, նրանց երբեմն միլիոնների հասնող մարդկանց բոլորին: Դա հատկանիշ է հերոսական վեպի, որի մեջ մարտը վերջանում է միշտ հերոսների հաղթությամբ: Դրանով, այդ չափազանցումով, լինում է հերոսի վիպական գաղափարականացումը, և արտահայտվում հայրենասիրական ոգին, մոլեռանդ, անձնուրաց, ինքնապարծ: Հայը միշտ և ամենուրեք քաջ է և անհաղթ: Վեպի այդ նկարագիրը, հարկավ, համապատասխան չէ իրական պատմական դրությանը: Թշնամիները հաճախ արշավել, մտել են Հայաստան, կոտորածներ արել, առ ու ավար տարել: Նույնիսկ հյուսիսականները ոչ սակավ անգամ ծայրե ծայր ողողել, ասպատակել են Հայոց երկիրը: Վեպի մեջ էլ գտնում ենք այդպիսի դրությունների ցնցող պատկերներ ու պատմվածքներ: Բայց այդպիսի դեպքերը, վիպական հատկությամբ, միշտ արդարացվում են որևէ պատճառով. կա՛մ թագավոր ու զորավար չկա, կա՛մ դավաճանություն ու դավադրություն կա մեջտեղում, կա՛մ զորավարը բացակա է, կա՛մ դեռ զորք չկա ժողոված, կա՛մ սահմանապահները զեղծ են, կա՛մ թագավորն ու իր սպարապետը երկրի ուրիշ կողմում են, իսկ թշնամին դավաճանի առաջնորդությամբ հակառակ կողմից է մտնում Հայաստան: Բայց վերջ ի վերջո ճակատամարտերի մեջ հաղթողը հայ թագավորն ու սպարապետն են: Եվ եթե հերոսները՝ Արշակն ու Վասակը պարտվում են, այդ լինում է միայն այն պատճառով, որ, ինչպես տեսանք, ամենքը հոգնում են կռվից և լքում են նրանց: Եվ եթե հերոսներն ընկնում են, նրանք ընկնում են միայն նենգության ու խաբեության զոհ դառնալով: Այդպես կործանվում են Խոսրով Մեծը, Տիրանն ու Արշակը, այլև Պապն ու Մուշեղը, որոնց սպանում են դավադրությամբ, ուրախության խնջույքի ժամանակ: Այլապես նրանք անպարտելի են:

Դա վիպական գաղափարականացումն է: