Jump to content

Էջ:Manuk Abeghyan Collective works vol. 3.djvu/254

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Շատ հերոսական վեպերի մեջ կգտնենք ոչ միայն այդպիսի չափազանց կոտորածներ, այլև անհաղթ հերոսի հետ նաև մի դավաճան: Դրանով բացատրվում է հերոսի պարտությունը, և հերոսն ավելի բարձրանում է, թողնելով այն տպավորությունը, թե նա չէր հաղթվիլ, եթե չլիներ դավաճանությունը: Իսկ երբ դավաճանության պատճառով սկզբում միայն անհաջողություն է լինում, դրանով հետո ավելի ևս տպավորիչ է դառնում հերոսի հետագա հաղթությունը, և նա ավելի ևս գաղափարական է դառնում։ Եվ վերջապես, երբ հերոսը թշնամու խաբեության ու նենգության զոհ դառնալով խորտակվում է, թշնամին իր բացասական կողմով, իբրև խաբեբա ու նենգավոր, ավելի ևս նվաստացվում է, իսկ հերոսը, նրա հետ համեմատվելով, ավելի ևս բարձրանում է բարոյապես, որով և նա դարձյալ ավելի գաղափարական է դառնում։

Կարևոր չէ այստեղ ինչպես ուրիշ վիպական մոտիվների, նույնպես և դավաճանության համար զուգանմանություններ բերել ուրիշ ազգերի հերոսական վեպերից։ Այդ նենգավոր ու խաբեական վարմունքը հակառակորդի կողմից, դա շատ տարածված մի վիպական մոտիվ է։ Անշուշտ, Արշակի ու Պապի անկման վեպերը հիմնված են իրական եղելությունների վրա. թերևս պատմական հիմք կարող է ունենալ և մյուսներից սրա կամ նրա անկման պատմվածքը։ Բայց այդ դեպքերը, ինչպես և առհասարակ պատմականորեն ամոթալի իրակությունները, տրված են այնպիսի բազմաթիվ հերոսական հաջողություններից հետո, կամ թե դրանցից հետո գալիս են այնպիսի վրեժխնդրություններ, այն էլ այնպիսի մշակումով, որ հանձինս վիպական իդեալական հերոսների երևան չի գալիս պատմական անձերի թագավորների ու զորավարների և նույնիսկ տերության իրապես գոյության ունեցած թուլությունը։

5. Գաղափարականացման նպատակը։— Պատերազմը պարսիկների դեմ աջողությամբ վարելու համար անհրաժեշտ էր ռազմիկներին ոգևորել։ Իսկ դրա համար հարկավոր էր հերոսական բանաստեղծություն, պետք էին անպարտելի քաջության ու հաղթության երգեր, իդեալական հերոսության օրինակներ։ Նույնպես պետք էր և պարտության արդարացումը՝ զորքին լքում և հուսաբեկություն չպատճառելու համար։ Ահա թե ի՛նչ է եղել գուսանի նպատակը՝ պատմական երգն ու վեպը հորինելիս, և թե ինչո՛ւ նա այնպես չափազանցել ու գունավորել է իրական պատմական եղելությունները։

Հոգևորական պատմագիր Մովսես Խորենացին, պատմական հայացքով նայելով իրերին և Արշակի վախճանը նկատի ունենալով, կարող էր հոգևորականներին չսիրող Արշակին «ինքնահաճ» և «ամբարտավան» համարել, ծաղրել նրան, գրելով, թե «նա պարծենում էր գինարբուքներում», և թե նա միայն «վարձակների» երգերի մեջ էր քաջ և արի երևում։ Բայց այդ երգերի մասին այդպես չէր կարող մտածել ինքն Արշակը։ Նա, ըստ Ամմիանոսի, իրոք լքված էր հռոմայեցիներից (և ոչ թե, ինչպես Խորենացին գրում է, իբր Արշակն ինքը «նշկահեալ արհամարհեաց