Էջ:Manuk Abeghyan Collective works vol. 3.djvu/259

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ժամանակաւ» և այլն: Երբ պահված է եղելությունների բնական պատճառաժամանակական հաջորդությունը, այն ժամանակ առաջ են գալիս ամբողջի մեջ նորանոր կացություններ, սովորաբար գործող անձերի հակադիր միտումներով։ Դրանով գործողության պատմվածքի մեջ շարժում է առաջ գալիս, որ և գրավում է ունկնդիրների ուշադրությունը։

Վիպասանները վիպական «լարում» ասածն առաջ են բերում մի սովորական եղանակով։ Նրանք գործողությունը հասցնում են մի կետի, երբ, կարծես, ամեն ինչ վերջանում է, և երբ ունկնդրի կարեկցական համակրությունն ուղղվում է Հայաստանի թագավորի կամ հերոսի կողմը, որ բաց սրտով, «միամտությամբ», հյուրընկալում է դավադիր մարդասպանին (Խոսրով Մեծ, Տիրան), կամ «միամտությամբ հավատում է» թշնամուն (Արշակ) և հենց դրա համար զոհ է գնում։ Հետո՞, — հարց է տալիս ունկնդիրն այդ միջոցին՝ գործողության ընթացքով հետաքրքրված։ Մի՞թե ամեն բան վերջացավ։ Բայց ահա հենց այդ ժամանակ գործողության մեջ բերվում է մի նոր հանգամանք (Տրդատի ազատվելը. նախարարների կողմից Անդովկի և Արշավրի դիմելը հունական կայսրին. նույնպես և Մուշեղի դիմումը)։ Դրանով գործողությունը նոր ընթացք է ստանում, և ունկնդիրները սպասում են վրեժխնդրության, որ և վրա է հասնում մի նոր պատումի մեջ։ Վեպի գործողության այսպիսի զարգացումը, հարկավ, անդրադարձնում է այն, ինչ որ իրականության մեջ տեղի է ունեցել։ Ինչպես կյանքի եղելությունների, նույնպես և վեպի եղելությունների զարգացումն, ուրեմն, այս դեպքում նույնն է. դրանց երկուսի էլ ամեն մի հաջորդ փուլը հետևանք է նախորդին։ Եվ այս է հենց, որ վեպի պատմվածքի մեջ բնականություն և հետաքրքրություն է ծնեցնում։

2. Վեպի միությունը: — Ինչպես ասվեց, մեր երկրորդ հին վեպն էլ կազմված է մի շարք նույն ցիկլին պատկանող փոքրիկ վեպերից կամ առանձին պատումներից, որոնց կապակցությունը կատարված է շատ նախնական ու պարզ ձևով։ Թե «Պարսից պատերազմը» վեպն իրոք կազմված է եղել տարբեր և անջատ պատումներից, ինչպես է մեր նոր ժողովրդական վեպը, այդ շատ պարզ երևում է Բուզանդի պատմվածքների մեջ։ Բերենք դրանցից երկուսը։

Թե Տիրանի և Արշակի վեպերն առանձին-առանձին պատումներ են եղել, այդ տեսնում ենք այն տարբերությունից, որ կա Տիրանի վեպի վերջի և Արշակի վեպի սկզբի մեջ (Բուզ., Գ. 21., Դ. 1)։ Տիրանի վեպի մեջ պատմվում է, թե Պարսից թագավոր Ներսեհը խնդրում է, որ Վաղես կայսրն իր, Ներսեհի, գերի կանանցն արձակի, բայց կայսրը թուղթ է գրում Պարսից թագավորին, թե «նախ դու, ասէ, դարձուսցես զգերութիւն առեալ յերկրէն Հայոց, և զթագաւորն Տիրան ինքնին գլխովին, և զամենայն ինչ զոր առեալ իցէ անտի. ապա յորժամ զայդ արասցես, և ես զիմս դարձուցից զոր առեալ եմ. զի եթէ ոչ նախ դու զնոցա զաւարն դարձուցես, և (ոչ) ես ապա զքոյդ դարձուցից»: Պարսից թագավորը կատարում է կայսրի պայմանը։ Տիրանը կուրության պատճառով հրաժարվում