Էջ:Manuk Abeghyan Collective works vol. 3.djvu/260

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

է թագավորությունից. Ներսեհը նրա փոխանակ թագավորեցնում է Արշակին և իր հոր ու կանանց հետ մեծ պատրաստությամբ ուղարկում է Հայաստան։ Ապա նա կայսրի դեսպաններին էլ ետ է ուղարկում, որ գնան կայսրին պատմեն, թե ինչպես ինքը նրա պայմանը կատարել է: Այդ ժամանակ կայսրն էլ Ներսեհի գերի կանանց է արձակում։ Արշակի վեպի սկզբում, սակայն, այս պատմությունը տարբեր ձևով է։ Նախ կայսրն է պարսից գերիներին արձակում, ապա պարսից թագավորն արձակում է Արշակին և նրա հորը. «Եւ դարձուցանէր կայսրն Յունաց զգերութիւն արքային Պարսից։ Ապա և թագաւորն Պարսից Ներսեհ թագաւորեցոյց զԱրշակ որդի Տիրանայ և հարբ նորին և հանդերձ կանամբք իւրեանց և ամենայն գերութեամբք հանդերձ… Խաղաց գնաց Արշակ արքայ Հայոց Մեծաց. թագաւորեաց յերկրին Ասորեստանեայց հանդերձ հարբն իւրով և ամենայն ընտանեօքն իւրովք. եկն եհաս յերկիրն Հայոց և ժողովեաց զցրուեալս երկրին, և թագաւորեաց ի վերայ նոցա» (Բուզ., Դ. 1)։ Այս տարբերությունը ցույց է տալիս, որ Տիրանի և Արշակի վեպերն իրարուց անկախ պատումներ են եղել։

Երբ Խոսրով Կոտակի օրով Վաչե Մամիկոնյանն ընկնում է մարտի մեջ, նրա որդի «փոքրիկ մանկիկ» Արտավազդին բարձրացնում են իր հոր իշխանությունն ու գահը.

Եւ զզօրավարութեան զգործ
Յանձն առնէին Արշաւրայ Կամսարականի,
Իշխանին Շիրակայ և Արշարունեաց գաւառին,
Եւ Անդովկայ իշխանին Սիւնեաց.
Զի նոքա փեսայք էին տանն Մամիկոնեան տոհմին։

Բուզ., Գ. 11

Հետագայում, Տիրանի գերության վրեժն առնելու համար, Հայոց ավագանին հենց այդ երկուսին, Անդովկին, «նահապետն Սիւնեաց», և Արշավրին, «նահապետն Արշարունեաց», պատգամավոր են ուղարկում Հունաց թագավորի մոտ, և սա հենց այդ երկուսի հետ լրտեսում է պարսկական բանակը, և հաղթությունից հետո նրանց վերակացու է կարգում Հայաստանի վրա (Բուզ., Գ. 21)։ Ուրեմն, Անդովկն առաջուց արդեն լավ հայտնի է։ Բայց և այնպես Արշակի վեպի մեջ «Գնել և Փառանձեմ» մասն սկսվում է այնպես, որ Անդովկը նոր է հանդես գալիս իբրև մի նոր անձ.

Զայնու ժամանակաւ էր դուստր մի գեղեցիկ՝
Անդովկայ ուրումն,
Մի ի նախարարացն, նահապետին Սիւնեաց,
Որում անուն Փառանձեմ կոչէր։

Բուզ., Դ. 15