Էջ:Manuk Abeghyan Collective works vol. 3.djvu/278

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Ժամանակագրությունից», որ «Հերակլիոսի (610-641 թ.) վերջին տարիներից» է, «Հովհաննես Մաղաղասի Ժամանակագրությունից», «որ մինչև Հուստինիանոսի թագավորության վերջը (565 թ.) կհասնի, բայց թերևս ավելի ուշ հորինված է»[1]:

Կարիերի այս գրությունները պատճառ դարձան, որ Էջմիածնում տպագրվեցին Մատենադարանի ձեռագիրներից՝ Սոկրատի հայերեն թարգմանությունը՝[2] «Մեծ Սոկրատ» (Եկեղեցական պատմություն), որ հունարենից, ըստ հրատարակչին, թարգմանված է 696 թ. Փիլոն Տիրակացու ձեռով. Սեղբեստրոսի վարքը, որ, ըստ հրատարակչին, այդ թվականից 18 տարի առաջ, ուրեմն 678 թ. թարգմանված է Աբբաս Գրիգոր Ձորափորեցու ձեռով. և «Փոքր Սոկրատ»։ Հրատարակիչ Մեսրոպ վ. Տեր–Մովսիսյանը, ընդդեմ Կարիերի, այն եզրակացության եկավ, որ Փոքր Սոկրատը մի համառոտ խմբագրություն է Մեծ Սոկրատից և Մ. Խորենացուց, որ Խորենացին չի օգտվել Մեծ Սոկրատից, «բայց օգտվել է Սեղբեստրոսի վարքից, թեև ոչ մեր ձեռքը հասած հայերեն թարգմանությունից»։ Բայց հետո Միաբանը (Գալուստ Տեր-Մկրտչյանը) ցույց տվավ, որ Խորենացին մի կտոր առել է Սեղբեստրոսի վարքի հայ թարգմանությունից և հարմարեցրել Մեսրոպի վրա (Գ. 67) սրան գովաբանելու համար[3]։ Դրանով նա այն եզրակացության եկավ, որ Խորենացու Պատմությունը գրված է 678 թվականից հետո, քանի որ Սեղբեստրոսի վարքի թարգմանությունը, ինչպես ընդունում էին, կատարվել է այդ թվականին։ Սակայն այդ բացարձակ ապացուցված կարելի չէ համարել. որովհետև,- նույն հեղինակի բառերով ասենք,- այն «ոչ բոլորովին անհնարին ենթադրությունն էլ» կարելի է անել, «թե Խորենացին… առաջ բերված հատվածն ուղղակի հույն բնագրից է թարգմանել, իսկ Ձորափորեցին՝ ծանոթ լինելով Խորենացուն… այդ պարբերությունը թարգմանելիս օգտվել է Խորենացու արդեն պատրաստ բանաքաղությամբ», աչքի առաջ ունենալով և հույն բնագիրը, և հետևելով բնագրին ըստ իր հունաբան լեզվին և ըստ բովանդակության։

Եվ այսպես 19-րդ դարի վերջին տասնամյակին երևան բերին մի շարք գրվածքներ- Սեղբեստրոսի վարք, Սոկրատ, Մաղաղաս, Զատկական ժամանակագրություն, Շիրակացու Աշխարհացույց և այլն, որոնցից, ըստ հոդվածագիրների, օգտվել է Մ. Խորենացին։ Նրանք այդ հիման վրա, ինչպես և նկատի ունենալով Խորենացու Պատմության մեջ հիշված մի քանի անուններ և կտորներ, այն եզրակացության եկան, թե Հայոց Պատմությունը գրել է ուշ դարերում և նույնիսկ 9-րդ դարում ապրող մի հեղինակ և իր երկը վերագրել է 5-րդ դարում ապրող մի ուրիշ հեղինակի։ Դրանով նա կեղծել է իր գրած Պատմությունը։ Եղան նույնիսկ Սուտ Մովսես Խորենացի հորջորջողներ մեր Պատմագրին։ Խորենացին մի տեղ Հայոց Պատմության մեջ գրում է. «Այր զարամբ ելանէին տիրել աշխարհիս Հայոց»։ Այս խոսքը կարելի է շուռ տալ նրա քննադատների վրա։ Նրանք, կարծես, ձգտում էին միմյանցից գերազանցելու մեր Քերդողահոր Հայոց Պատմությունը և նույնիսկ դրա հեղինակի անձը վարկաբեկելու մեջ։ Եղան, հարկավ, այդ քննափետողների դեմ բավական թվով գրողներ, որոնք հերքում էին նրանց կարծիքները։ Եվ ահա առաջացավ թեր ու դեմ հոդվածների, գրքերի ու գրքույկների մի մեծ քանակություն, որոնց հեղինակները տարբեր տեսակետներով են մոտեցել խնդրին, և որոնցից դժվար էր գլուխ հանել առանց հատուկ ուսումնասիրության[4]: Այստեղ այդ անելու հնարավորություն և կարիք էլ չկա։

  1. «Հանդէս ամսօրեայ», 1893, էջ 309, «Նամակ առ Հ. Յ. Տ.»։ 1894, էջ 53, 120, «Նորագոյն աղբերք Խորենացւոյ»։
  2. «Սոկրատայ Սքոլաստիկոսի Եկեղեցական Պատմութիւն, թարգմանեաց Փիլոն Տիրակացի, եւ Պատմութիւն վարուց սրբոյն Սեղբեստրոսի եպիսկոպոսին Հռովմայ, թարգմանեալ Աբասուն Գրիգորի Ձորափորեցւոյ», հատ. Ա և Բ, աշխատասիրությամբ Մեսրոպ վ. Տեր-Մովսիսյան, Վաղարշապատ, 1897, Հառաջաբան Մեսրոպ վ.–ի, էջ Ա—ՃԱ. «Պատմութիւն վարուց սրբոյն Սեղբեստրոսի» տեսնել էջ 691-799։
  3. «Արարատ», Վաղարշապատ, 1897, էջ 422 և հտն. «Խորենացու ժամանակը որոշելու նոր փորձ»։
  4. Դրանց մանրամասն ցուցակը, մինչև 1913 թ., Մ. Աբեղյանի կազմած, կարելի է գտնել Մ. Խոր. Հայոց պատմ. վերևում հիշված 1913 թ. տպագրության մեջ։