Էջ:Manuk Abeghyan Collective works vol. 3.djvu/279

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Նույն խնդրով 1901, 1902 և 1903 թվերին հանդես եկավ և անգլիացի հայագետ Ֆրիդ. Կոնիբերը մի շարք հոդվածներով[1]: Նա առավ Կարիերի բերած գլխավոր կետերը, ինչպես և կարծիքը Գրիգոր Խալաթյանի (որ Խորենացու Պատմությունը դնում էր մոտ. 750 թ.), մանրամասն քննելով դրանք՝ հերքեց։ Նրա եզրակացաթյունը հետևյալն է գրեթե բառացի:

1. Փոքր Սոկրատը խմբագրված է Փիլոն Տիրակացու և Գրիգոր Ձորափորեցու ձեռով Մեծ Սոկրատի և Սեղբեստրոսի վարքի թարգմանություններից մոտավորապես 685–ին, նույն իսկ խմբագրողների վկայությամբ: Հետևաբար Մեծ Սոկրատի թարգմանությունը 685 թվականից շատ առաջ է եղել: Խորենացին ծանոթ չէ ոչ Սեղբեստրոսի վարքին և ոչ Փոքր Սոկրատին և չի օգտվել նրանցից։ Ընդհակառակն՝ Փոքր Սոկրատի խմբագրողն օգտվել է Խորենացուց, իսկ Խորենացին նմանելով՝ օգտվել է Մեծ Սոկրատից։

2. Սեղբեստրոսի վարքի, ինչպես և Մեծ Սոկրատի թարգմանությունները դասական են, այսինքն 5-րդ դարի։ Այդ երկու թարգմանություններն էլ անանուն են, ինչպես և ընդհանրապես «առաջին թարգմանիչներն իրենց անձնավորությունը ծածկած են. թարգմանում էին՝ անձնապես անծանոթ մնալով»:

3. Նկատի առնելով ոճն և կապակցությունները, որ կան դրանց և Խորենացու Պատմության մեջ, կարող են դրանք էլ նույն ձեռքից լինել, որ գրել է հիշյալ Պատմությունը:

4. Մաղաղասը ոչ Խորենացու և ոչ Զատկական Ժամանակագրության հնագույն աղբյուրն է, թեև ինքն էլ նույն աղբյուրներից է քաղել:

5. Խորենացին չի քաղել ոչ Զատկական Ժամանակագրությունից, ոչ Մաղաղասից, այլ ընդհանուր աղբյուրներից:

6. Այդ ընդհանուր աղբյուրները, գոնե 354 տարեթվից առաջ եղած տեղեկությունների համար—որ տարին վերջնակետ (terminus) է մի ընդարձակ ժամանակաշրջանի համար—հանրածանոթ էին, և նույն տարեթվին՝ 354–ին՝ Զատկական ժամանակագրությունից գործածված:

7. Եթե ընդունենք Խորենացու լսելու ավանդական ժամանակը 480 տարին, Խորենացին մինչև 354 թվականը քաղել է մի աղբյուրից, որ արդեն այն ժամանակ 130 տարվա հնություն ուներ:

8. Թեոդոս կայսրի ժամանակի դեպքերը կշռելով Խորենացու և Մաղաղասի համեմատ՝ տեսնում ենք, որ Խորենացին ինչպես 354–ից առաջ, նույնպես նույն թվականից հետո՝ շարունակում է քաղել նույն ընդհանուր աղբյուրից, որ ոչ Մաղաղասն է և ոչ Զատկական Ժամանակագրությունը։

Ապա Ֆրիդ. Կոնիբերը, ընդդեմ Գր. Խալաթյանցի, ցույց է տալիս, որ (Բ. 86) վրացիների դարձի պատմությունը ծագում է մի հին հիշատակարանից։ Բացի այդ ամենից՝ նա կանգ է առնում այն մասին, որ 7-րդ դարի վերջերում Անանիա Շիրակացին իր ժամանակագրության մեջ հիշում է Մովսես Խորենացուն և օգտվում է նրանից։ Հետո նա Էջմիածնի Մատենադարանի ձեռագիրներից, այն գրքից, որ կոչվում է «Հարցմունք Մովսիսի» կամ «Գիրք էակք», ամբողջապես բերում է մի ընդարձակ հատված, մի կեղծ հիշատակարան՝ «Սրբոց վարդապետացն հայոց Մովսէսի և Դաւթի հարցմունք ընդ երկաբնակ չարափառսն»։ Դրա վերջում կա հետևյալը. Եւ արդ՝ յետ բազում ժամանակաց գրեաց զգիրս զայս, իբրև աստուած հասոյց զմեզ (վարիանտ՝ մեզ) ի ժամանակս յայս, յորում. հ. և զ. էր թվկն. հայոց [=76+551=627]։ Ես Գուրգէն` քարտուղարս Հայոց Մեծաց, և

  1. ա) «Մովսես Խորենացու ժամանակի մասին», Byz. Zeitschrift 1901, 3-4 Heft. Հայ թարգմանությունը «Մ. Խորենացւոյ ժամանակի խնդիրն ըստ հայագետ Կոնիբերի», Հ. Տաշյանի առաջաբանով՝ «Հանդէս ամսօրեայ», 1902, հունվար, էջ 1 և մարտ, էջ 85:
    բ) «Մ. Խորենացու Պատմության աղբերաց խնդիրը», «Հանդէս ամսօրեայ», 1902, էջ 129, 193, 236:
    գ) «Մ. Խորենացու Պատմության ժամանակին մասին» (թղթակցություն հայագետ Ֆ. Կոնիբերի), «Հանդէս ամսօրեայ», 1903, էջ 30, 33, 152, 215, 317, 325: