Էջ:Manuk Abeghyan Collective works vol. 3.djvu/282

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

այդ իշխանը, որ անձամբ ծանոթ չի եղել Մ. Խորենացուն, սրանից նամակով խնդրել է գրել հայոց պատմություն։ Մ. Խորենացին նամակով պատասխանել է նրան։ Այդ նամակն է հենց, որ դրված է Խորենացու աշխատության սկզբում իբրև առաջին գլուխ։ Հայոց Պատմության մի խումբ ձեռագիրներ Գ. գրքի ցանկի վերջում ունին այսպիսի վերնագրով մի գլուխ ևս. «Տաղք չափաւ յինք և ի Սահակ Բագրատունի», բայց Պատմության վերջում այդ չկա։ Եթե այդ մնացած լիներ, մենք ծանոթություն կունենայինք և՛ Խորենացու, և՛ Սահակ Բագրատունու մասին։ Մեր այս Պատմագիրը, սակայն, այնպիսի գրողներից է, որ ամեն մի հարմար րոպեի հայտնում է իր կարծիքները։ Ուստի և մենք նրա Հայոց Պատմությունից լավ ճանաչում ենք նրա բնավորության շատ կողմերը, և մեր ոչ մի պատմագրի հայացքի, համոզումների ու դրական ճաշակի մասին այնքան ստույգ ծանոթություն չունենք, որքան Մ. Խորենացու։ Նա մի երկու տեղեկություններ տալիս է նաև իր մեկենասի մասին։ Հետևենք Պատմագրի մտքի ընթացքին իր գրքի առաջին երեք գլուխների մեջ էական գծերով։

Հենց սկզբի նամակից, բացի վերևում գրածից, իմանում ենք նաև, որ այդ իշխանն «անհատ ցանկութիւն» է ունեցել, այսինքն շարունակ ցանկացել է հայոց պատմության, ուստի և խնդրել է Պատմագրին կատարել այդ աշխատանքը, որ միաժամանակ և Պատմագրի իրեն ուզածն է եղել։ Ուստի նա ուրախացած շատ գովում, բարձրացնում է այդ իշխանին իր «գեղեցիկ խնդրի», «գեղեցիկ մտածության» համար։ Բայց գովեստը նա լոկ խոսքով չի անում, այլ անմիջապես հիմնավորում է պատմականորեն, ասելով, որ եթե Հայաստանի և՛ հին, և՛ ժամանակակից իշխաններն այդ բանն անել չեն տվել, և Սահակ Բագրատունին առաջինը մտածում է այդ մասին, ապա ուրեմն նա ավելի մեծ է քան առաջինները և արժանի է բարձր գովեստների և իր Պատմության սկզբում դրվելու։ Դրա համար,— ասում է Պատմագիրը,— «ոչ միայն գովել արժան է զքեզ, այլ և ի վերայ քո աղոթել՝ առ ի լինել քեզ միշտ այսպիսի»: Նա ուրախությամբ ընդունում է և խոստանում կատարել նրա խնդիրը՝ անմահ հիշատակ թողնելու այդ նրան և նրա սերունդներին, ինչպես և Հայոց նախնական ազգին, որ քաջ և արգասավոր է «ոչ միայն ի բանս և ի պիտանաւոր խոհականութիւնս, այլ և ի մեծամեծս և ի բազում գործս արժանափառս»։ Եվ իսկույն նա դնում է իր գրելիքի ծրագիրը, որ է՝ Հայաստանի իշխող տան պատմությունն անել հորից որդի ծննդաբանելով, իսկ հայոց նախարարությունների միայն որտեղից և ինչպես ծագելը հայտնելով համառոտ և հավաստի։ Աղբյուրը՝ մի քանի հունական պատմություններ։

Եվ ահա նրա մտքում, պատմության աղբյուրների առթիվ, ծնվում է մի համեմատություն հույների և հայերի միջև, հույն թագավորների և հայ թագավորների միջև։ Հանաց թագավորները հոգ են տարել «իմաստության», այսինքն գիտության համար։ Իբրև Ալեքսանդրիայում ուսած մեկը՝ նա հիշատակում է Պտղոմեոս Եղբայրասերին, Եգիպտոսի այն