Էջ:Manuk Abeghyan Collective works vol. 3.djvu/281

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Եվ ահա մեկը նրան 7-րդ դարում է դնում, մեկը՝ 8-րդ դարում կամ 9-րդի սկզբում, մեկն էլ՝ 9-րդ դարի երկրորդ կեսի սկզբում, և աշխատում են Հայոց Պատմության հեղինակ ցույց տալ այս կամ այն անձին: Այսպես՝ մեկը[1] գտել է Վարազ Սահակ Բագրատունի անունով մի իշխան և Մովսես Քերթող անունով մի եպիսկոպոս 7-րդ դարում, և առանց որևէ հիմքի, հավանական է համարում նույնացնել այդ անձերի հետ Մ. Խորենացուն և պատմությունը խնդրող Սահակ Բագրատունուն: Մեկ ուրիշը[2] Մովսես Խորենացուն, մի շարք անընդունելի փաստարկումներով, նույնացնում է 8-րդ դարի հայտնի պատմիչ Ղևոնդ Երեցի հետ և Պատմությունը գրված է դնում 9-րդ դարի սկզբում։ Մի երրորդն էլ, Հ. Մանանդյանը, մի առանձին գրքով հրատարակված իր հետազոտությամբ արդեն «լուծված» է համարում «Խորենացու առեղծվածը»[3]: Նա Խորենացու Պատմությունը դնում է 9-րդ դարի երկրորդ կեսի սկզբում և նրան նույնացնում է այդ դարում ապրող Մովսես անունով մեկի հետ։ Հասկանալի է, որ Մ. Խորենացուն 8-րդ դարում կամ 9-րդ դարի սկզբում դնողը չի ընդունում, ջրում կամ եղծում է նրան 7-րդ դարում դնողի ենթադրությունը. նույնպես 9-րդ դարի երկրորդ կեսի սկզբում դնողը մերժում է նրան 8-րդ դարում կամ 9-րդի սկզբում տեղավորողի կարծիքը։ Այսպես՝ բացասական վերաբերմունք ունեցողները Ժխտում, բացասում են իրար:

Եվ ահա դոկտ. Ստ. Մալխասյանցը[4] վերստին հանդես գալով մի ամբողջ գրքով՝ իրավացի կերպով հեգնում, ծաղրում է Մովսես Խորենացուն Ղևոնդ Երեցի հետ նույնացնողի և՛ մեթոդը, և՛ ասածները, և հիմնովին կետ առ կետ հերքում, ժխտում է Հ. Մանանդյանի փաստարկումները։ Այդ բոլոր փոխադարձ հերքումներից, ժխտումներից ու բացասումներից հետո՝ մեր պատմահայր ու քերդողահայր Մ. Խորենացուն էլ ուրիշ բան չի մնում անել, բայց եթե ետ քաշվել ու նստել իր հին ու բնական տեղում-5–րդ դարում[5]:

3. Մ. Խորենացին և Սահակ Բագրատունին։— «Հայոք պատմութիւն յերիս հատուածս, ասացեալ Մովսիսի Խորենացւոյ ի խնդրոյ Սահակայ Բագրատունւոյ», այսպիսի վերնագիր ունի Մ. Խորենացու մեծ աշխատությունը։ Բացի գրքի ընդհանուր վերնագրից, Սահակ Բագրատունին հիշվում է աշխատության սկզբում ևս երկու անգամ։ Մենք իմանում ենք, որ

  1. Աբր. Զամինյան, Հայ գրականության պատմություն, Նոր Նախիջևան, 1914, էջ 110:
  2. Ն. Ակինյան, Ղևոնդ Երեց և Մովսես Խորենացի, Վիեննա, 1930։
  3. Պրոֆ. Հ. Մանանդյան, Խորենացու առեղծվածի լուծումը, Երևան, 1934։
  4. Ստ. Մալխասյանց, Խորենացու առեղծվածի շուրջը, Երևան, 1940։
  5. Այստեղ կարևոր և հնարավոր էլ չէ քննել վերջին երկու բացասական վերաբերմունք ունեցողների երկերը և կամ մեջ բերել Ստ. Մալխասյանցի հերքումները։ Դրա համար հարկավոր կլիներ մի ամբողջ հատոր լցնել։ Հ. Մանանդյանի փաստարկումներն ընդհանրապես համոզիչ չերևացին ունկնդիրներին, երբ նա այդ մասին զեկուցեց Կուլտուրայի պատմության ինստիտուտի մի գիտական ժողովում։ Հետո, երբ նրա գիրքը տպվեց, նրա իբրև ապացույց բերած բառերի մասին նույն ինստիտուտի մի ժողովում մի գիտական զեկուցում կարդացվեց, որով ցույց էր տրվում, որ նրա բերած բառերը, բացառությամբ մի 10-15–ի, զեկուցողը զտել է 7-րդ դարում և առաջ եղած գրականության մեջ։ Ինչ վերաբերում է Ստ. Մալխասյանցի աշխատությանը, պետք է ասել, որ նա ապացույցներ է բերում այն մասին, թե Մ. Խորենացու Պատմությունը հայտնի է եղել 7-րդ դարի պատմիչ Սեբեոսին, և թե Մ. Խորենացին նույն անձն է Փարպեցու հիշած փիլիսոփոս Մովսեսի հետ, բայց անհասկանալի է, թե նա ինչո՛ւ չի հիշում, որ Փարպեցու Պատմության մեջ կան շատ նույնություններ Խորենացու Պատմության հետ։ Եվ կամ ինչո՛ւ նա լռում է այն մասին, որ Խորենացին օգտվել է այնպիսի գրքերի թարգմանություններից, որոնց թարգմանման ժամանակը դնում են ոչ վաղ քան 6-րդ դարը։