Jump to content

Էջ:Manuk Abeghyan Collective works vol. 3.djvu/284

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

գրականությունը»: «Բայց սակայն սկսայց, թէպէտ և ջանիւ. միայն թէ շնորհակալ ոք մերոցս գտանիցի աշխատութեանցս»։

Այսպես Հայոց Պատմության առաջին երեք գլուխների մեջ արդեն մենք տեսնում ենք, որ Մ. Խորենացու հունասիրության հիմքը հունական գիտությունն է, որի համար առանձնապես հոգացել են Եգիպտոսի Պտղոմյան թագավորները։ Ըստ այնմ էլ նա խիստ քննադատում է հին և նույնիսկ իր ժամանակի հայերին նրանց տգիտության, անուսումնասիրության և գրականություն չունենալու համար։ Նա բնականաբար ուրախացած և զարմացած է, որ գոնե մեկն իր ժամանակ գտնվել է, որ առաջարկել է իրեն Հայոց պատմություն գրել և նույնիսկ պատմության ծրագիրն էլ տվել է։ Թեպետ և նամակը միայն առաջին գլուխն է, բայց Պատմության շարունակության մեջ ևս, իր աղբյուրների մասին մտածելիս, ինչպես և ուրիշ դեպքերում, իր աչքի առաջ ունի այդ իշխանին, խոսում է նրա հետ, իր մտքերը նրան է բացատրում, կամ ասում. «Եթէ շնորհակալ և մերոցս տքնութեանց և ջանից լինիցիս, ո՛վ ուսումնասէր դու և յայսոսիկ զմեզ աշխատեցուցանող, անցից սակաւ բանիւք յիշատակաց» (Ա. 6)։ Կամ գրում է նրան. «Եթէ զամենայն եղեալսն յաշտարակագործութենէն մինչև առ մեզ ի հասողութիւն քեզ ի մերումս ածել ջանասցուք պատմութեան, ե՞րբ ապա յըղձալին քո հասանիցեմք զրուցաց պատմութիւնն. մանաւանդ զի և առաջիկայս մեր երկար է գործ, և ժամանակ մահկանացուաց սուղ և անյայտ» (Ա. 7): Ուրիշ անգամ նրան դիմելով ասում է. «Երկրորդեմք այժմ քում հարցասիրութեանդ», կամ հայտնում է նրան. «Յայսմհետէ մինչև ցթագաւորութիւնն Վաղարշակայ ի Հայս՝ ոչինչ ճշմարտագոյն ունիմ պատմել քեզ» (Ա. 31)։

Պարզ երևում է, որ այդ իշխանն էլ անտարբեր չի մնացել։ Նա ոչ միայն սկզբում ծրագիր է տվել Պատմագրին, այլև հետո թելադրել է նրան, թե ինչ գրի, ինչպես գրի, շտապով գրի։ «Երկուք այսոքիկ են, որք աշխատութիւն տագնապաւ մեզ ի վերայ ի քումմէդ հասուցանեն հարցասիրութենէ,— համառօտասիրութիւն, արագաբանութիւն. և այսոքիկ՝ պերճք և պայծառք, պղատոնականք իբր եղանել բանք. հեռի ի ստութենէ, և լի որ ինչ ընդդէմ ստութեան. և զայսոսիկ յառաջին մարդոյն մինչև զքեզ առ ժամայն պատմել։ Եւ այսոցիկ ի միասին պատահել անհնարին է… իսկ զքո փափագ արտաքոյ այսպիսւոյ աստուածայնոյ տեսանեմք սահմանի, զի արդար և բնաւ և առ ժամայն ամենայնք քեզ եղիցին ասացեալ։ Այլ առ ի մէնջ այսոքիկ կա՛մ յերկար, և քեզ ըստ կամաց, կամ փոյթ, և քեզ ոչ հաճելիք։ Զի այսպէս ի քոյ հապճեպելոյ ահա ոչ ինչ յաղագս Մակեդոնացւոյն, և ոչ վասն Եղիականին ի կարգին նշանակեցաք» (Ա. 32)։ Ուրիշ անգամ այդ իշխանը խնդրել է նրան՝ գրել պարսկական առասպելների մասին։ «Բայց արդարև այդ ի՞նչ տարփանք է, որ դու ունիս Բյուրասպ Աժդահակի փծուն և անճոռնի առասպելների համար,— գրում է նա դիմելով իշխանին, — և կամ ինչո՞ւ մեզ նեղություն ես տալիս պարսից անհարմար և անոճ բաների, մանավանդ թե անբանության