Էջ:Manuk Abeghyan Collective works vol. 3.djvu/285

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

համար… ի՞նչ կարոտություն ունես դու այդ սուտ առասպելներին, կամ ի՞նչ պետք են քեզ այդ անմիտ և անհանճար կցկցված զրույցները… Բայց ասում ես մեզ, որ իմաստ տանք նրանց անիմաստությանը և զարդարենք անզարդները։ Ես նույն խոսքն եմ ասում քեզ. այդ ի՞նչ կարոտություն է և այդ ի՞նչ փափագ է անբաղձալի բանին բաղձալ և մեր նեղությունն ավելացնել։ Բայց այդ կվերագրենք քո մանկական [= երիտասարդական][1] տարիքին և կհամարենք տհաս խակությանդ ցանկություն։ Ուստի այստեղ էլ թող կատարած լինենք քո կամքն ու փափագը» («Յաւելուած Ա.»)։

Ծերունի Պատմագիրը, զգալով, որ վերջին խոսքով վիրավորում է իր երիտասարդ իշխանին, անմիջապես, նրա սիրտն առնելու համար, հաջորդ գլուխն սկսում է նորից դառնալով նույն խնդրին. «Պլատոնի խոսքն այժմ համարձակ կասեմ. «Իսկ արդ սիրելիի համար արդյոք կա՞ մի ուրիշ ես»։ Որովհետև իսկապես չկա մի ուրիշ ես. ուստի բացի ուրիշ անհնարին բաներից, որ մենք քեզ համար հնարավոր դարձրինք, այդ էլ կկատարենք, որովհետև որոնց զրույցներն ու գործերն ատում ենք, և մանավանդ թե նրանց լսելն էլ մեզ զզվեցնում էր, այսօր իմ ձեռքով շարադրում եմ դրանց անմտությանը միտք տալով, և նրանց շատ վաղուցվա, նրանց համար էլ անհասկանալի բաներն ահա բացատրում եմ, միայն թե դրանք քեզ էլ ուրախություն և կամ մի օգուտ տան։ Բայց իմացիր մեր ատելությունը այսպիսի բանի վերաբերմամբ, որ արժան չհամարեցինք մեր արդեն գրած առաջին գրքի մեջ դնել այդ, ոչ էլ վերջին պատմությունների մեջ, այլ զատ և ջոկ դրինք»։

Շատ հետաքրքիր է Բ. 64-րդ գլխի վերջի մասի բովանդակությունը։ Պատմագիրը հիշում է, որ վերջին Տիգրանն ազնվական տոհմեր է հաստատել, բայց անուններով չի հիշում դրանք, որովհետև հաստատ չգիտի։ «Եվ այս պատճառով ոչինչ չենք գրիլ այն տոհմերի մասին, որոնք վերջին Տիգրանից կարգվեցին, թեև շատ անգամ էլ խնդրես այդ մեզնից… Որովհետև որքան հնար էր՝ փախանք ավելորդ ու պաճուճված խոսքերից… Եվ քեզ, ինչպես շատ անգամ, այժմ էլ աղաչում եմ, մեզ մի՛ ստիպիլ ավելորդ բաներ գրելու, և քիչ կամ շատ պատմություններով՝ մեր այս մեծ և հավաստի ամբողջ աշխատությունը դատարկ և ավելորդ գործ դարձնիլ. որովհետև այդ ինչպես ինձ, նմանապես և քեզ համար վտանգավոր կլինի» (Բ. 64)։

Բերենք մի հատված ևս, որով լավ պարզվում է հեղինակի հայացքը պատմության մասին և նրա վերաբերմունքը դեպի Սահակ Բագրատունին։ Խոսելով Սահակ կաթողիկոսի ճառի մասին, որ նա ասել էր Պարսից թագավորի առաջ, Խորենացին ավելացնում է. «Բայց թէ ասիցէ ոք, պարտ է մեզ զասացեալսն մեծին Սահակայ ի Պարսից հրապարակախօսութեանն գրել գիտասցէ, զի ոչ յումեքէ ի լսելիսս մեր հասեալ է բովանդակն

  1. «Մանուկ» նշանակում է նաև՝ «կտրիճ», «երիտասարդ»: