Էջ:Manuk Abeghyan Collective works vol. 3.djvu/287

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

պատմագիրների գրվածքներն, ինչպես երևում է, Խորենացին ձեռի տակ չի ունեցել, այլ օգտվել է Եվսեբիոս Կեսարացու «Քրոնիկոնից». որովհետև ինչ որ նա բերում է՝ կա այս գրքի մեջ։ Բացի նրանցից՝ նա հիշատակում է՝ Եպիփանոս եպիսկոպոսի Կիպրացւոց Կոստանդեայ «Հերձուածոց Յանդիմանութիւն», և անորոշ կերպով՝ «հին պատմագիրք», «ժամանակագիրք», «Ուշիմնագոյն ոմն և ընթերցասէր ասորի», «հին պատմութիւնք», Ոլիմպիոդորոս փիլիսոփայի անգիր զրույցներ. օգտվում է, ինչպես ասում է, «ի սիրելւոյն իմմէ և քան զշատս արդարախօսողէ, ի Բերոսեանն Սիբիլլայ»։

Այս մասում նա դնում է Նոյի երեք որդիների՝ Սեմի, Քամի և Հաբեթի (Յաբեթի) ազգաբանությունը։ Հայերի ծագումը հանում է Հաբեթյան տոհմից այսպես՝ Հաբեթ, Գամեր, Թիրաս, Թորգոմ, Հայկ, որ հայոց նախնին է, և այնուհետև՝ Արամանյակ (Արմենակ), Արամայիս, Ամասիա, Գեղամ, Հարմա, Արամ, Արա Գեղեցիկ։ Ինչպես երևում է, 5-րդ դարում մեր գրողների մեջ ընդունված է եղել հայ ազգի ծագումը կապել աստվածաշնչյան անունների հետ. Կորյունը հայերին անվանում է «Ասքանազեան ազգ», իսկ Ագաթանգեղոսի Պատմության մեջ՝ հայերը կոչվում են «Թորգոմայ ազգ», «Թորգոմայ տուն»։ Խորենացին էլ Հայկի հայր դնում է Թորգոմին։

Հետո անցնում է Պատմագիրը հայոց պատմությանը, որի գլխավոր աղբյուրներից մեկը հին շրջանի համար՝ է՛ «ասորի Մար Աբաս Կատինայ, այր ուշիմ և վարժ քաղդէացի և յոյն գրով»։

Երկրորդ գրքի համար ևս նա մի շարք անուններ է հիշում իբրև աղբյուրներ՝ Ագաթանգեղոս, Արիստոն Փեղղացի, Բարդածան, Բարսումա, Պաղեփատոս, Պորփիւր, Փիլեմոն, Խոռոհբուտ, Եւսեբիոս Կեսարացի, Հերոդոտ, Ափրիկանոս, Յովսեպոս, Ղեբուբնա, Մանեթոս, Պոլիկրատէս, Սկամադրոս, Եւագարոս, «Ողիւմպ քուրմ», Փղեգոնիոս և այլն։ Հիշում է հաճախ Վիպասանք, երգեր, երգիչք Գողթան, կամ անորոշ ձևով՝ հինքն Արամազնեայց, հինքն մեր ասեն, ասի, պատմի, պատմեն, կոչեն, լսեմք, գրեալ յայլոց, ոմն և այլն: Բայց այս բոլոր աղբյուրները նրան շատ նյութ չեն տվել. ուստի նա Երրորդ գրքի սկզբում գանգատվում է աղբյուրներ չունենալու համար։ «Ո՛չ հնախօսութիւնք եղեալ մերոյ աշխարհիս, և ոչ ընդ ամենայն յունականսն անցանել ատակեալ սակս կարճութեան ժամանակին. նա և ոչ մատենագրութիւնք Դիոդորի հուպ առ մեզ են, զի ի նմա պահելով զակն՝ անմոռաց անցանէաք ընդ բնաւն, զի մի՛ ինչ ի մէնջ մնասցէ ի գլխաւորացն և ի պիտանեացն, և արժանի յիշատակի մերոց շարագրութեանց։ Այլ որչափ ջան և յիշողութիւնք բաւեցին՝ պատմեցաք ստուգապէս ի մեծէն Աղեքսանդրէ մինչև ի վախճան սրբոյն Տրդատայ, յոյժ կանուխ և հեռի ժամանակօք։ Վասն որոյ մի՛ զմեզ այպանեալ պարսաւեսցես» (Գ. 1)։ Տեսնենք աղբյուրներից մի քանիսն առանձնապես։

5. Մար Աբաս։— Ըստ Մ. Խորենացու՝ Հայոց առաջին Արշակունի