Էջ:Manuk Abeghyan Collective works vol. 3.djvu/288

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

թագավորը՝ Վաղարշակ՝ ասորի Մար Աբասին ուղարկում է իր եղբայր Արշակի մոտ, նամակով խնդրելով, որ թույլ տա Մար Աբասին՝ հայոց պատմությունը հանի Նինվեի դիվանից։ Այդտեղ Մար Աբասն իբր գտնում է մի գիրք, որի վերնագիրն է եղել. «Այս մատեան հրամանաւ Աղեքսանդրի ի քաղդէացւոց բարբառոյ փոխեալ ի յոյն, որ ունի զբուն հնոցն և զնախնեացն բանս»։ Մար Աբասը դրանից հանել է հայոց «հաւաստի» պատմությունը, բերել Վաղարշակին, որ սա զգուշությամբ պահել է տվել արքունիքում, մի մասն էլ հրամայել է փորագրել քարի վրա։

Այս ամբողջ պատմությունը Վաղարշակի նամակի և Նինվեի դիվանի մասին՝ անվավեր է։ Պարթևական հարստության սկզբում Նինվե քաղաքը վաղուց կործանված է եղել. և այդ քաղաքում, ինչպես 19-րդ դարի պեղումներից պարզվել է, եղել են միայն աղյուսների վրա սեպագիրներով դրոշմված պատմություններ Նինվեի իշխողների և նրանց աստվածների մասին։ Եվ ինչպես ինքը Մ. Խորենացին գրում է (Ա. 14), «Ոչ հարկ ինչ և ոչ պէտք կարևորք էին նոցա՝ զազգաց օտարաց և զաշխարհաց ի բացեայ և զհամբաւս հինս և զզրոյցս նախնականս յիւրեանց թագաւորաց կամ մեհենից մատեանս գրել. մանաւանդ զի և ոչ պարծանք ինչ նոցա և ոչ բարգաւաճանք՝ օտար ազգաց քաջութիւն և գործք արութեան»։ Վաղարշակի նամակի կեղծիքը կատարված է պատմությունն արժանահավատ դարձնելու համար։ Դա սովորական երևույթ է եղել առանձնապես ասորիների մեջ, ինչպես գրում է Ղ. Փարպեցին։ Մի ժամանակ կասկածում էին Մար-Աբասյան աղբյուրի գոյություն ունեցած լինելու մասին. բայց այժմ պարզված են համարում, որ եղել է Մար Աբասի անունով մի գրվածք, որից, ըստ երևույթին, օգտվել է Մ. Խորենացին, ինչպես և ինքն իսկ գրում է. «Յորմէ մեր հաւաստի ի վերայ հասեալ կարգի զրուցացս՝ երկրորդեմք այժմ քում հարցասիրութեանդ, ձգելով զմեր բնիկ նախարարութիւնս[1] մինչև ցՔաղդէացւոց Սարդանապաղղոս, և ևս մօտագոյն» (Ա. 9)։

Մար-Աբասյան գրվածքի ծագման կեղծիքն արդյոք սկզբնական ասորի հեղինակի՞նն է, թե՞ Մ. Խորենացունը, այդ դժվար է որոշել։ Համենայն դեպս, եթե Խորենացու աղբյուրի մեջ էլ եղել է այդ կեղծիքը, մեր Պատմագիրը վերամշակել է այդ և հարմարեցրել իր նպատակին։ Երբ Վաղարշակն ուզում է իմանալ, «թէ ո՛յք արդեօք և ո՛րպիսի արք տիրեալ իցեն ի վերայ աշխարհիս Հայոց մինչև ցնա. զքաջա՞ց արդեօք, եթէ զվատաց անցեալ ունիցի զտեղի» (Ա. 8). կամ երբ նա իր եղբորը գրում է, թե մտադրվել է «գիտել, թէ ո՛յք ոմանք յառաջ քան զիս իցեն տիրեալ աշխարհիս Հայոց, և ուստի՛ նախարարութիւնքս որ աստ կան» (Ա. 9), այդ ուրիշ բան չէ, բայց եթե Խորենացու իր ծրագիրը, այն է՝ Հայոց

  1. Մեր բնիկ նախարարությունն, այսինքն՝ Հայկազնյան իշխող տոհմը, և ոչ թե «մեր բնիկ նախարարությունները», ինչպես սխալ թարգմանում են: «Նախարարութիւնս» բառի վերջի «ս» տառը հոդ է: