Էջ:Manuk Abeghyan Collective works vol. 3.djvu/29

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

հայերն արևմուտքից են անցնում արևելք, մինչդեռ ըստ Հայկի առասպելի՝ նրանք հարավից են գալիս դեպի հյուսիս: Եթե դա մի հիշողություն չէ այն մասին, թե հարավով դեպի արևելք շարժված հայ ցեղի մի ճյուղը հետագայում դեպի հյուսիս է տարածվել, ապա դա պարզապես ստեղծածն է քրիստոնյա մատենագրի, որ հայերի ծագումը, ուստի և Հայկի առասպելը, կապել է աշտարակաշինության հետ:

Ինչքան էլ Խորենացու ձեռով գրական մշակություն է կրած Հայկի առասպելը, բայց և այնպես դրա մեջ դեռ երևում է նաև նախնիների պաշտամունքի հետքը: Բնական է, որ այն դարերում, երբ իշխում էր հոգու հավատն ու նախնիների պաշտամունքը, հայ ցեղին առաջնորդող նահապետներից մեկը դառնար հայ ազգի նախնին: Այդպես էլ հենց կոչվել է Հայկը («բնկին Հայկայ»), և հայ ազգի ծագումն ու անունը բացատրել են նրա անունով: «Աշխարհս մեր կոչի յանուն նախնւոյն մերոյ Հայկայ՝ Հայք» (Խոր. Ա. 11): Թե ի՛նչ լեզվաբանական կապ կա Հայկ և հայ բառերի մեջ, այդ պարզ չէ: Բայց ժողովրդական ստուգաբանությամբ Հայկ անունը, որ նշանակում է հսկա, առնչության մեջ է դրված «հայ» անվան հետ, և Հայկը դարձել է հայ ազգի նախնին, որից ժողովուրդն ստացել է իր անունը: Նույնպիսի ստուգաբանությամբ Հարք գավառի անունը կապված է եղել նախնիների հետ,— «Հարք, այս ինքն թէ հարք են աստէն բնակեալք՝ ազդի տանն Թորգոմայ»: Այդ նախնին, ըստ այն դարերի հասկացության, մի պաշտելի էակ է, աստվածային ծագում ունեցող մի դիցազն, ինչպես և կոչվում է Հայկն առասպելի մեջ: Այդպիսի նախնիների պաշտամունքը, ինչպես վերևում տեսանք, նախնական հավատալիքով սերտ հարաբերության մեջ էր դրվում որևէ աստղի հետ: Այդ պատճառով և Հայկ անունը կապված է մի համաստեղքի հետ:

Մյուս կողմից՝ այդ առասպելը— հայերի կամ թե նախահայերի իրենց հարավային դրացիների, հատկապես ասորեստանցիների, գուցե և բաբելացիների հետ ունեցած հարաբերության հետևանքով— կրել է մի ուրիշ պատմական ազդեցություն: Հին թշնամի դևի, դեմոնի, խավարի ոգու տեղ անցել է, թշնամական հարաբերության պատճառով, Բելը, որ Հայաստանի հարավային դրացիների, սեմական ազգերի՝ ասորեստանցիների, բաբելացիների, քաղդեացիների և ուրիշների արեգական աստվածն է, երկնքի և լույսի տեր, աշխարհի և մարդկանց արարիչ, որ աստղերին իրենց ճանապարհը ցույց է տվել: Բել կոչումը, որ նշանակում է տեր, տրվում է և ուրիշ աստվածների ու աստղերի, ինչպես և թագավորների: Այսպես և ըստ հների պատմության՝ Ասորեստանի թագավորներից մեկը կոչվել է Բել, որի որդին է համարվում Նինոս: Բայց Բելն սկզբնապես արեգակնային աստվածություն է: Եվ եթե նկատի ունենանք, որ մեր հսկա Հայկն ևս իբրև նախնի մի համաստեղություն է, ապա պարզ կլինի, որ հին առասպելն իր այս կերպարանքի տակ դեռևս պահում է իր առասպելական դիցաբանական բնավորությունը, որով արեգակի կամ աստղերի աստված Բելի դեմ, որից ծագում են աստվածներն ու մարդիկ,