Էջ:Manuk Abeghyan Collective works vol. 3.djvu/30

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

կռվում է մի աստղային դիցազն Հայկ, հայերի նախնին: Հայկի կռիվը Բելի դեմ ցույց է տալիս, որ այդ առասպելը զարգացել է հայերի մեջ արամեացիների սահմաններում: Դրա մեջ պահված է ասորական քաղաքակրթության, կուլտուրայի և կրոնի՝ հայերի վրա ունեցած ազդեցության հիշողությունը, և մի հիշատակ այն թշնամական հարաբերության, որ հայերն ունեցել են իրենց դրացի հարավային ազգերի հետ, որոնց աստվածն էր Բել: Բայց կարող է այդ զրույցի մեջ մնացած լինել նաև ասորեստանցոց դեմ Հայաստանի նախահայ բնակիչների՝ ուրարտացիների մղած պատերազմների հիշատակը, որ հետո հայերը ժառանգել են իրենց հետ համաձուլված ուրարտացիներից[1]:

Հայկի առասպելի գրական մշակումը Մ. Խորենացու ձեռով՝ տեսնել Խորենացու մեջ:


ԱՌԱՍՊԵԼՆԵՐ ԱՐԱՄԻ ՄԱՍԻՆ

Այս զրույցներն ևս, ըստ Մ. Խորենացու, ծագում են գուսանականից[2], բայց պատմված են շատ համառոտ և ավելի ևս գրական մշակությամբ, ուստի դժվար է ստուգությամբ որոշել դրանց ավանդական բանահյուսական տարրերը: Դրանց մեջ երևում է հայերի հարաբերությունն իրենց սահմանակիցների հետ՝ Մարաստանի, Ասորեստանի և Կապադովկիայի կողմերում:

Արամի կռիվն Ասորեստանի դեմ թերևս մի ավանդական հիշողություն է ուրարտական հզոր Արամ թագավորի, Սալմանասար Բ.–ի (860-826 մեր թ. ա.) հակառակորդի, և նրա ռազմական գործողությունների ընդդեմ ասորեստանցիների: Պատմականի հետ միասին այդ զրույցն ունի միաժամանակ նաև առասպելական բնավորություն: Ասորեստանի կողմերում Հայոց երկրի ավերիչն է «Բարշամ անուն, յազգէ սկայիցն… Սմա ճակատու պատերազմի ի դիմի հարեալ Արամ… Եւ զայս Բարշամ… աստուածացուցեալ պաշտեցին Ասորիք» (Խոր. Ա. 14): Ուրեմն Արամի հակառակորդն է Բարշամ աստվածը, որին պաշտել են նաև հայերը:

Նույնպես սովորական մարդիկ չեն Արամի թշնամիները Կապադովկիական Կեսարիայի (Մաժաքի) կողմերում: Այստեղ նա պատերազմում է Տիտանյանների հետ, և առանձնապես՝ նրա դեմ է դուրս գալիս «Պայապիս Քաղեայ Տիտանեան», որին հաղթելով՝ Արամը քշում է «ի կղզի ինչ Ասիական ծովուն»: Այս հսկայի անվան մեջ տեսնում են «Պապայոս խիմայրագենես»— Պապայոս խիմայրածին (քիմայրածին), որ հայերեն լինում է Քաղի զարմ, Քաղեայ[3]: Հունական առասպելաբանությամբ

  1. Հայկի ու Բելի մասին զրույցներ 19-րդ դարում՝ տե՛ս Սրվանձտյանց, Գրոց Բրոց, էջ 113 և հտն., Ներսէս Սարգիսեան, Տեղագրութիւնք ի Փոքր և ի Մեծ Հայս, Վենետիկ, 1864, էջ 273 և հտն., Մ. Աբեղյան, Հայ ժողովրդական առասպելները, էջ 244 և հտն., Մ. Աբեղյան, «Վիշապներ»…, Երևան, 1941, էջ 60 և հտն.:
  2. Մ. Աբեղյան, Հայ ժողովրդական առասպելները, էջ 581—590:
  3. Jos. Markwart, Die Entstehung u. Wiederherstellung d. arm. Nation, էջ 66—68: