Էջ:Manuk Abeghyan Collective works vol. 3.djvu/295

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

բնակության տեղերը կապված են Մասիսի հետ, իսկ մյուս կողմից՝ մարերի (կամ Աժդահակի զարմի) բնակության տեղերը,—նույն և Մարացոց տերերի՝ Մուրացաններինը,– նույն Մասիսի ստորոտներում են և նրանից դեպի արևելք: Դրանով Պատմագիրը հաստատած է համարում իր բացատրությունները։

Նա Արտավազդի մահը պատմելիս ասում է, որ Գողթան երգիչներն առասպելաբանում են, թե Արտավազդը նախանձել է հոր փառքին, ուստի և հայրն անիծել է որդուն, որ որսի գնալիս քաջքերը բռնեն նրան և տանեն «յԱզատն ի վեր ի Մասիս», այնտեղ մնա և լույս չտեսնե: Այնուհետև ըստ առասպելին՝ Արտավազդը երկաթե շղթաներով կապված է մի այրի մեջ, երկու շուն կրծում են շղթաները, Արտավազդն աշխատում է ելնել և վերջ տալ աշխարհին, բայց դարբինների կռանահարության ձայնից կապանքը զորանում է: Արտավազդի մահվան մասին այս առասպելը, գերբնական բան ունենալով իր մեջ, խելքի մոտիկ ու ճշմարիտ չէ: Բայց Խորենացին այլաբանություն է համարում այդ. «Արտաւազդայ… մահ հանդերձ այլաբանելով», ուստի և ավելացնում է մեկնելով. «բայց է ճշմարտութեամբ այսպէս, որպէս ասացաքս վերագոյն»։ Իսկ վերևում պատմել է բնական իրողության գույնով, թե Արտավազդը «անցեալ զկամրջաւն Արտաշատ քաղաքի, որսալ կինճս և իշավայրիս զակամբք Գինայ, և աղմկեալ ի ցնորից իմն խելագարանաց, ընդ վայր յածելով երիվարաւն, անկանի ի խոր իմն մեծ, և խորասոյզ լեալ անհետի»։

Առասպելն ասում է. «Վիշապազունք գողացան զմանուկն Արտաւազդ և դեւ փոխանակ եդին»: Բայց այդ գերբնական է, խելքի մոտիկ չէ. ուստի և «ոմանք», անշուշտ, առասպելը մեկնելով, «համարեցան կախարդել զսա (զԱրտաւազդ) կանանց զարմիցն Աժդահակայ», քանի որ ժամանակի հասկացությամբ կախարդելուն կարելի էր հավատալ, իսկ որ մարդիկ երեխա գողանան և տեղը դև դնեն՝ ոչ։ Սակայն Խորենացին Արտավազդի կախարդված լինելուն էլ չի հավատում և գրում է. «Բայց ինձ արդարացեալ թուի լուրն այն, թէ ի ծննդենէն եւ եթ մոլութեամբ լեալ, մինչ նովիմբ եւ վախճանեցաւ»։ Ուրեմն բոլոր «հաւաստին», ինչ որ իբրև պատմական բերում է Խորենացին Արտավազդի մասին, այն է՝ թե նա խենթ ու խելառ (մոլի) ծնվել է և որսի ժամանակ խելագարված ընկել է Մասիսի վհերից մեկն ու անհետացել։ Մնացածն առասպելներ են, որոնք, սակայն, «զճշմարտութիւնն իրաց այլաբանաբար յինքեանս ունին թաքուցեալ»։ Եվ երբ մի անգամ գիտենք, թե ինչ եղանակով Խորենացին առասպելների մեջ այդ «թաքուցեալ ճշմարտութիւնը» կամ հավաստին մեկնելով հանում է առասպելից, և այն, որ նա իր Պատմությունը «ոճով» է գրում,— սխալված չենք լինի, եթե ասենք, որ Արտավազդի մասին բոլոր հավաստին էլ մի մեկնություն է միայն, որ «ոմանք» տվել են առասպելի մեջ պատմվածին։

Սանատրուկի ձյունի տակ մնալու մասին «առասպելաբանեն, եթէ կենդանի իմն նորահրաշ սպիտակ յաստուածոցն առաքեալ՝ պահէր զմանուկն» (Բ. 36)։ Բայց քրիստոնյա Խորենացին այսպիսի բանին չի հավատում, ուստի և անմիջապես մեկնում է. «Բայց որչափ մեք եղաք վերահասու՝ այսպէս է. շուն սպիտակ ընդ խնդրակսն լեալ, պատահեաց մանկանն և դայեկին»:

Երվանդի մասին ասում են. «Ըստ հմայիր դժնեայ գոլ ական հայեցուածով. վասն որոյ ընդ այգանալ աչալրջացն սովորութիւն ունել սպասաւորացն արքունի՝ վէմս որձաքարեայս ունել ընդդէմ Երուանդայ, և ի հայեցուածոցն դժնութենէ ասեն պայթել որձաքար վիմացն»: Պատմագիրն այս բանը սուտ և առասպել է անվանում, իբրև մի անհավատալի բան. բայց և անմիջապես, հավատալի կացուցանելու համար, փոխում է այդ, մեկնելով իր ժամանակի հասկացությամբ և հավատալիքով. «Բայց այս կա՛մ եղիցի սուտ և առասպել, և կամ դիւականս ինչ առ իւր ունել զօրութիւնս, զի այսպէս հայեցուածոցն անուամբ վնասեսցէ զորս կամի» (Բ. 42):

Բերված օրինակներից երևում է Պատմագրի հայացքն առասպելների վրա, և թե ինչպես նա ամեն մի առասպելական պատմվածք, սուտ համարելով հանդերձ, այլաբանություն է համարում և մեկնելով միջից