Էջ:Manuk Abeghyan Collective works vol. 3.djvu/294

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

որք են յԱզատն ի վեր ի Մասիս» (Ա. 30): Պատմագիրն, ուրեմն, ասում է, թե վերևում բերված պատմություններն իսկապես «անյայտ իրք վիշապաց» են, որ ինքը հայտնում է[1], այսինքն հասկանալի է դարձնում։ Դրա համար նա երգերի մեջ հիշված վիշապներն ու վիշապազները դարձնում է «զարմք Աժդահակայ», կամ, ավելի ճիշտ, երգերի մեջ հիշված անուններից, «ճշմարտապատմության» համար, նախընտրում է Աժդահակի զարմեր կոչումը։ Եվ հասկանալի է, թե ինչու: Վիշապները կամ վիշապազներն առասպելական էակներ լինելով՝ անհավատալի բաներ են։ Քրիստոնյա Պատմագիրը, որ նույնիսկ աստվածներն իբրև մարդ եղած է մեկնում, չէր կարող հավատալ, որ Սաթինիկ թագուհին մի վիշապ կամ վիշապազներ սիրած լինի, և կամ Արտաշես թագավորը նրանց հետ հարաբերություն ունեցած լինի։ Բայց մի անգամ որ նրանք մտնում են Արտաշեսի պատմության մեջ, պետք էր այդ «ճշմարտել»[2]։ Իսկ ճշմարիտն այն է, որ դրանք Մարաց Աժդահակ թագավորի զարմերն են, միայն հայերեն բառով ասած. «զի Աժդահակդ ի մեր լեզուս է վիշապ», ուրեմն և «Վիշապազն» նույն է, ինչ որ «Աժդահակի զարմ»։

Բերենք և հետևյալը: Խորենացին (Բ. 8) Մուրացան նախարարության համար գիտե. «Ոչ ասեն նահապետաց ազգին՝ Մուրացեան տէր, այլ Մ ա ր ա ց ւ ո ց ն տ է ր»: Այստեղից եզրակացնում է նա Մուրացանների մարացի լինելը: Եվ երբ միանգամ նրանք մարացի են, մարական ծագում ունեն, անշուշտ հասարակ ծագում պիտի չունենային, այլ մի իշխանից կամ թագավորից սերված պիտի համարվեին, ինչպես շատ նախարարական տներ։ Եվ ումնի՞ց հատկապես, եթե ոչ «ի զաւակէ Աժդահակայ մարաց եղելոյ թագաւորի», որի սերունդները բերված են Հայաստան։ Այսպես՝ մի կողմից Վիպասանքի մեջ հիշված վիշապները կամ վիշապազները նույն են, ինչ որ Աժդահակի զարմերը կամ մարերը. իսկ մյուս կողմից Մուրացանները կամ «մարացւոցն տեարք» ունին մարական ծագում և են Մարաց Աժդահակ թագավորի սերնդից: Ուստի բանավարությունը հեշտությամբ պիտի տաներ այն եզրակացության, թե Մուրացաններն են վիշապազներ, կամ, ընդհակառակն, երգերի մեջ հիշված վիշապազները մուրացաններ են, և վիշապ Արգավանը նույնն է Մուրացան Արգամի հետ։

Պատմագիրն իր այս եզրակացության համար իբրև հաստատություն գտնում է նրանց բնակության տեղի նույնությունը կամ մոտիկությունը։ Նա Ա. 30. հայտնում է, որ ըստ «թուելեաց երգերի», վիշապազները բնակվում են «յԱզատն ի վեր ի Մասիս»։ Իսկ Բ. 49. հայտնում է, որ զարմք Աժդահակայ (=Մարք=վիշապազունք) «ունին զամենայն զառ ստորոտովն Մասեաց», ինչպես և երգի մեջ նույնն ասվել է (Ա. 30): Իսկ Բ. 5. գլխի մեջ այդ կողմերը նա դնում է կալված Մուրացանների և հատկապես Մուրացան Արգամի, «որ ի ծննդոցն Աժդահակայ» (Բ. 43), և հիշում է Նախճավանը և «ըստ հիւսիսոյ Երասխայ զամենայն գիւղս», որ է՝ Մասիսի դիմացի գյուղերը, Շարուրի դաշտը: Նույնպես Բ. 8. գրում է. Երկրորդ թագաւորութեանն լինէր ի զաւակէ Աժդահակայ, Մարաց եղելոյ թագաւորի, որ այժմ Մուրացանդ կոչեն… Եւ թողու ի վերայ նորա զամենայն շէնս, որք ի գերութենէն Մարաց»: Այսպես մի կողմից՝ առասպելի մեջ վիշապների կամ վիշապազների

  1. Հմմտ. Ա. գրքի Բ. հավելվածի մեջ «Բիւրասպի» առասպելի մեկնությունը. «…միտս անմտութեան նոցա տալով, և զկարի վաղուց նոցա իրս և նոցա անհասանելիս աւասիկ յ ա յ տ ն ե մ»։
  2. «Բայց յիշատակեսցուք և մեք կարճառօտիւք, և զայլաբանութիւնն ճշմարտեսցուք» (Բ. 49)։