Էջ:Manuk Abeghyan Collective works vol. 3.djvu/302

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

զցեղապետութիւն ազգին իւրոյ ունէր հնազանդեալ Նեբրովթայ (Ա. գրքի Բ.հավելված)

10. Պատմության առաջին գրքի նյութը:- Պատմության առաջին գիրքը, որ կոչել է «Ծննդաբանութիւն Հայոց Մեծաց»,— Մեծ Հայաստանի [իշխողների] ծննդաբանությունը, բովանդակում է վերևում դրված առաջին չորս շրջանը։

1. Հայկի և Արամի ժողովրդական առասպելները նա հանճարեղ կերպով մտածելով դրել է Պատմության սկզբում. այդ հերոսների անունով կոչվել են հայերը։ Դա բնիկ Հայկազանց իշխանությունն է:

2. Օտար տիրապետության սկզբում դրել է Շամիրամի և Արա Գեղեցկի ժողովրդական առասպելը և ապա Ասորեստանի իշխանությունը և մի շարք Հայկազն կուսակալների անուններ:

3. Երրորդ շրջանում դրել է Հայկազանց բնիկ տոհմի մի շարք թագավորների անուններ, ապա Մեծն Տիգրանի վեպը և հետո Վահագնի մասին ժողովրդական երգից մի հատված, և վերջը մի քանի անուններ:

4. Չորրորդ շրջանի մասին գրում է. «ոչ ինչ ճշմարտագոյն ունիմ պատմել քեզ. քանզի շփոթ իմն ամբոխից լեալ՝ այր զարամբ ելանէին տիրել աշխարհիս» (Ա. 31)։

Այս բոլոր ընդարձակ ժամանակի պատմությունն ուրիշ բան չէ, բայց եթե Հայկի, Արամի, Արա Գեղեցկի, Տիգրանի ու Վահագնի հին առասպելները, որ նա պատմել է իբրև իրական եղելություններ, իսկ նրանց պարապ միջոցները լցրել է սոսկ անունների շարքերով։ Այս նկատմամբ հետաքրքիր է Ա. 19. գլուխը, որի մեջ հեղինակը հայտնում է, թե ինքը հարմարեցնելով կարգել է ամենը («Յարմարեալ զամենայն կարգեցից»), առնելով գրքերից և տեղյակ անձերից, որոնցից հավաքել է հնագրություւններ, ինքը ոչ մի կամամտածական, ինքնահնար բան չի հորինել, իսկ ինչ որ աղբյուրներին է վերաբերում, դրանց ստուգությունն աստծուն է հայտնի է «Մեք այնոցիկ օտար և ի բաց կացեալ»,— ասում է Պատմագիրը:

Եվ այսպես առասպելները դասավորելով՝ նա հորինել է հնագույն ժամանակի հայոց պատմությունը, այն, որ անհնարին էր, բայց ինքը, ինչպես ասում է, հնարավոր է դարձրել Սահակ Բագրատունու սիրուն. կամ, ինչպես ինքն ասում է իր առաջին գրքի համար, «ի վերայ այլոց անհնարիցն, հնարավոր վասն քո արարելոց մեր, կատարեմք և զայս» (Ա. գրքի Բ. հավելված)։

11. Արշակունի հարստության դարաշրջան:— Երկրորդ գիրքը, որ կոչել է «Բան միջակ պատմութեան մերոց նախնեաց» սկսվում է Ալեքսանդր Մակեդոնացուց, անցնում է Պարթևների տիրապետությանը և ապա պատմում է Հայաստանի Արշակունի տոհմի առաջին երկու թագավորների՝ Վաղարշակի ու Արշակի մասին։ Իբրև աղբյուր հիշում է Մար Աբաս, այլև անորոշ ձևով՝ ասեն, ասի։ Վաղարշակի մասին գրել է և առաջին գրքի մեջ։ Այստեղ նա Հայաստանի դրությունն այսպես է նկարագրում.