Jump to content

Էջ:Manuk Abeghyan Collective works vol. 3.djvu/303

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

«Ո՛չ կարգք ինչ աստ լեալ յայտնի, և ոչ մեհենից պաշտամունք. և ո՛չ գլխաւորաց աշխարհիս առաջինն յայտնի է, և ոչ վերջինն, և ոչ այլ ինչ օրինաւոր, այլ խառն ի խուռն ամենայն և վայրենի» (Ա. 9)։ Եվ ահա առաջին Արշակունի թագավորին վերագրվում է «Յօրինուած թագաւորութեանն», նախարարական տոհմերի կարգումն ու պաշտոնները, և ազնվապետական տերության կազմակերպությունը։

Չի պարզված, թե Վաղարշակ թագավորը ո՛ր պատմական անձի հիշողություն է. նրա հաջորդ Արշակն, անշուշտ, պատմական հիշողություն է։ Իսկ հաջորդ Արտաշես, Տիգրան և Արտավազդ թագավորները՝ դրանք են Մեծն Տիգրանը, իր նախնի Արտաշեսը, թագավորության հիմնադիրը, և իր որդի Արտավազդը, որոնք մտել են Արշակունի հարստության մեջ։ Ինչպես երևում է, 5-րդ դարում պատմական ավանդությունը Մեծն Տիգրանին, հետևաբար և մյուսներին, կապած է եղել Արշակունի տոհմի հետ։ Փ. Բուզանդը (Դ. 55) «Հայոց մեծ թագավոր Տիգրանին» անվանում է Արշակունի. «…Զոր ածեալն էր գերի Տիգրանայ արքայի Արշակունւոյ»։ Խորենացին այս պատմությունների համար իբրև աղբյուրներ հիշում է (Բ. 10) «Ափրիկանոս ժամանակագիր, որում վկայէ Յովսեպոս և Հիւպողիտայ և այլք բազումք ի Յունաց» և այլն։ Հետո մի շարք գլուխների մեջ (Բ. 23-33) դրված են ասորական Աբգարի մասին պատմություններ, աղբյուրը Ղերբուբնա։ Ապա (Բ. 34) համառոտ բովանդակությամբ բերում է Թադեոս առաքյալի և Սանդուխտ կույսի վկայաբանությունը և ավելացնում. «Այս ամենայն… յայլոց պատմեալ յառաջագոյն քան զմեզ՝ ոչ ինչ կարևորագոյն համարեցաք ոճով երկրորդել»։ Դրանից հետո պատմում է Սանատրուկի, Երվանդի, Արտաշեսի, Արտավազդի, Տիրանի ու Տիգրանի և Վաղարշի մասին։ Այդ բոլոր պատմությունները ժողովրդական վիպական ծագում ունեն, որ և Պատմագիրը հիշում է հաճախ։ Դա եղել է «Վիպասանք», «Հայոց երգք վիպասանաց», «Երգք Առասպելաց»։ Բ. 48. գրում է. «Եւ զայս մեզ ստուգապէս պատմէ Ողիւմպ քուրմ Հանւոյ, գրող մեհենական պատմութեանց, և զայլ բազում գործս՝ զոր ասել կայ մեզ առաջի, որում և Պարսից մատեանքն վկայեն և Հայոց երգք վիպասանաց»։ Վերջում (Բ. 66) հիշում է Բարդածանի գրած պատմությունը։ Ապա գալիս է Ագաթանգեղոսի պատմությունը Խոսրովի ու Տրդատի և Ս. Գրիգորի մասին, միջին նաև երբեմն ուրիշ աղբյուրներից և ժողովրդական վեպի հատվածներից։ Հիշում է աղբյուրներ՝ Ագաթանգեղոս, «Պահլավիկների առասպելների» համար՝ Խոռոհբուտ (Բ. 70), Խոսրովի մահից հետո մինչև Տրդատ՝ անիշխանության ժամանակի համար՝ Փերմելիանոս եպիսկոպոս (Բ. 75)։ Տրդատի թագավորության ժամանակի և հետագայի պատմության համար, բացի Ագաթանգեղոսից, հիշում է աղբյուրների համար այսպես. «Որ ինչ ի թագաւորութեանն Տրդատայ և յետ նորա, ոչ հեղգութեամբ և անզգուշաբար վրիպեալ, և ոչ կամաւոր սխալանօք ի սմա յարմարեալ բան, այլ որ ինչ ի յիշատակաց դիւանագիր մատենիցն Յունաց։ Իսկ ըստ նմանեացն ապա և որ ինչ ի համբաւուց արանց իմաստնոց