Jump to content

Էջ:Manuk Abeghyan Collective works vol. 3.djvu/306

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

հաւաստի» (Ա. 1)։ Պատմված էր և եկեղեցու մասին և բերված էր կաթողիկոսների հաջորդությունը Ս. Գրիգորից մինչև Սահակի մահը։ Եվ այդ կատարված էր ըստ տոհմային ավանդությունների ու զրույցների, նրանց ծագումը մեծ մասամբ հնացրած էր կապելով որևէ հին իշխող տոհմերի հետ, կամ բացատրելով որևէ ժողովրդական ստուգաբանությամբ, որ ժամանակի համար հասկանալի և ընդունելի կլիներ։ Բացի նախարարական տոհմերի ծագումից՝ Պատմության մեջ մերթ-մերթ հիշատակված էին նաև այս կամ այն տոհմի նախնիների գործերը, առանձնապես 5-րդ դարում նշանավոր Մամիկոնյան, Բագրատունի, Արծրունի և Կամսարական նախարարությունների։

Սխալ կարծիք է, թե Խորենացու գրքի մեջ իբր «սկզբից մինչև վերջը հեղինակի դիտավորությունն է Բագրատունիների համբավն հռչակել», և իբր Պատմության «այս նպատակը, որով գիրքը միտումնավոր քաղաքական գրության կերպարանք է ստանում, կարող էր առաջուց անվստահություն ծնեցնել նրա արժանահավատության նկատմամբ»: Դա մի կոպիտ թյուրիմացություն է, արդյունք մասամբ բնագրի սխալ հասկացման[1]։ Բագրատունիների մասին հիշված պատմություններն այնքան և այնպիսի չեն, որ այդ կարծիքին իբրև ապացույց ծառայեն՝ Հայոց Պատմությունն այս իմաստով «միտումնավոր» համարելու։ Ոչ մի այդպիսի միտում կարելի չէ, օրինակ, տեսնել այն պատմությունների մեջ, ըստ որոնց Բագրատունիներն իբր երկար ժամանակ պահել են հրեությունը և դրա համար չարչարվել։ Խորենացին կարող էր նրանց մասին, նրանց տոհմային

  1. Սխալ հասկացել և թարգմանել են մինչև վերջերս այս հատվածը. Յանմահ յիշատակ թողուլ զայս քեզ և որ զկնի քո գալոց են ազգք, զ ի և ա զ գ ի և ս ն ա խ ն ա կ ա ն ի, և ք ա ջ և ա ր գ ա ս ա ւ ո ր՝ ո չ մ ի ա յ ն ի բ ա ն ս և ի պ ի տ ա ն ա ւ ո ր խ ո հ ա կ ա ն ո ւ թ ի ւ ն ս, ա յ լ և ի մ ե ծ ա մ ե ծ ս և ի բ ա զ ո ւ մ գ ո ր ծ ս ա ր ժ ա ն ա փ ա ռ ս, զ ո ր ս յ ի շ ա տ ա կ ե ս ց ո ւ ք ի կ ա ր գ ի պ ա տ մ ո ւ թ ե ա ն ս, յորժամ զորդի ի հօրէ ծննդաբանելով ազգաբանիցեմք զբովանդակն. իսկ զՀայաստանեայցս նախարարութիւնս, զամենեցուն զուստն և զզիարդն յայտնելով համառօտ» (Ա. 1): Ընդգծված տողերը վերագրել են Բագրատունիներին, մինչդեռ դրանք հայ ազգին են վերաբերում. «Անմահ հիշատակ թողնել այս քեզ և քեզնից հետո եկող սերունդներին [=Բագրատունյաց], ինչպես և մի նախնական և քաջ ազգի ևս [=հայ ազգին], որ արգասավոր է ոչ միայն բանահյուսությամբ և պիտանի խոհականությամբ, այլև մեծամեծ և բազմաթիվ արժանափառ գործերով, որ կհիշատակենք այս պատմության ընթացքում, երբ ամբողջը [=իշխող տան վերաբերյալ] կ՚ազգաբանենք որդեցորդի ծննդաբանելով, իսկ Հայաստանի նախարարությունների ամենքի որտեղացի և ինչպես լինելը համառոտ հայտնելով…»։– Այս տողերի գրողս դեռ 1890 թ. («Նոր-Դար», Լրագիր № № 11—13, Վարսամ ստորագրությամբ) ուղղել եմ հիշված սխալ հասկացումը, մանրամասն վերլուծելով Ա. 1. գլուխը։ Խորեն Ստեփանեն իր աշխարհաբար թարգմանության երկրորդ հրատարակության մեջ օգտվել է դրանից, առաջ բերելով, սակայն, մի ուրիշ սխալ, այն է՝ վերացրել է «զբովանդակն» և «իսկ» բառերի միջի կետադրության նշանը: Անհասկանալի է, թե ինչպես 1913 թ. տպագրության մեջ, որի բնագիրը ես եմ կազմել, «ևս» բառի փոխանակ՝ հիշված տողերի մեջ՝ «ազգի» բառից հետս մտցված է մի այլ ընթերցված՝ «ես»: