Jump to content

Էջ:Manuk Abeghyan Collective works vol. 3.djvu/305

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Նրանից առաջ Կորյունը գրել է «Մաշտոցի վարքը», մի «հավաստի» և «ճշմարիտ պատմություն», որ շատ սիրելի է եղել հաջորդ սերունդներին, բայց դա մի կարճ շրջանի որոշ եղելության պատմությունն է։ Կար և «Ագաթանգեղայ Պատմութիւնը», նույնպես սիրված և ազդեցություն թողած, բայց քրիստոնեական դարձի պատմությունն է միայն: Վերջապես հայտնի է եղել և Փ. Բուզանդի Հայոց Պատմությունը, բայց դա էլ հավանորեն 5-րդ դարուց արդեն չուներ առաջին և երկրորդ դպրությունները և միայն մի քառասուն տարվա պատմություն էր, այն էլ մի այնպիսի պատմություն, որ բնավ բավարարության չէր կարող տալ ոչ հայ ազնվականությանն ընդհանրապես,— քանի որ դրա մեջ փառաբանված էին թագավորների հետ Մամիկոնյանները, — և ոչ էլ մանավանդ հունական ուսում ստացած մարդկանց շրջանին։ Այդ պատմությունը խիստ ռամկական էր, առանց ժամանակաբանության, հսկայական չափազանցություններով և չէր ըստ ճաշակի հունական ուսում ստացածների։ Կար և չորս հագներգությամբ բանահյուսությունը («Հիւսումն Պիտոյից»— «Բանից»), որ իր ձևով և բովանդակությամբ կատարելապես համապատասխան էր ժամանակի ոգուն, բայց դա էլ միայն Մեծն Տիգրանի վեպն էր իր մեջ ամփոփում։ Ժամանակի ազգային ինքնուրույնական ձգտումի հետևանքով պահանջ կար մի ամբողջական մշակված հայոց պատմության։ Այդ պահանջին բավարարություն տալու համար ահա երևան է եկել Խորենացու Հայոց Պատմությունը։

Այստեղ հայոց պատմությունն սկսված էր հայ ազգի ծագման ժամանակից, կապված Ս. Գրքի ավանդությունների հետ, և առաջ էր ընթանում ժամանակին հայտնի հին պատմական ազգերի պատմության հետ— Բաբելոնի, Ասորեստանի, Մարաց և Պարսից, Մակեդոնացոց ու Պարթևների, Հռոմայեցոց ու Սասանյանների։ Երբեմն հայ իշխանները ոչ միայն ժամանակակից էին այլազգի իշխաններին, այլև իբր մասնակից էին նրանց կատարած գործերին, նույնիսկ Իլիական պատերազմին. «Մեր Զարմայր ի ծառայութեան Ասորեստանեայց սակաւուք ընդ Եթովպացի զօրուն օգնական Պռիամու, և անդ ի քաջացն Հելլենացւոց վիրաւորեալ մեռանի. այլ կամիմ յԱքիլլեայ, և մի՛ յայլմէ ումեքէ ի քաջացն» (Ա. 32), բացականչում է Խորենացին այս սին պատմության վերջում սին պարծանքով։ Այդ Պատմությունը, սակայն, մի վկայական էր հայ ազգի հնության և հազարավոր տարիների պատմական կյանքի, որով շոյված էր ազգային զգացումն ընդհանրապես։ Մինչև անգամ դեռ 19-րդ դարի վերջին քառորդին՝ Հայկ նահապետին համարում էին իրապես ապրած մի անձ և պարծենում էին հայ ազգի խորին հնությամբ։

Դա բավարարություն էր տալիս նաև եկեղեցականներին և ականավոր ազնվական տոհմերին։ Այդտեղ պատմված էր նախարարությունների ծագման մասին, Հայկազն և Արշակունի իշխող տոհմերի համար «զորդի ի հօրէ ծննդաբանելով… զբովանդակն. իսկ զՀայաստանեայցս նախարարութիւնս, զամենեցուն զուստն և զզիարդն յայտնելով համառոտ և