Jump to content

Էջ:Manuk Abeghyan Collective works vol. 3.djvu/308

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

էր, և դրա արդյունքները համարվում էին ստույգ իրականություն։ Ազդել է, հարկավ, և՛ նրա մեծ գրական արժանիքը, և՛ իդեոլոգիան, որ կտեսնենք քիչ հետո։

Նրա երկի այս և ուրիշ հատկությունները պատճառ են դարձած, որ նրա Հայոց Պատմությունը եղել է միակ աղբյուրը սկզբից մինչև 440 թվականը ժամանակաշրջանի համար: Հաջորդ պատմիչները հետևել են նրան և նրանից քաղվածներ արել հին պատմության համար, կատարյալ վստահություն տածելով առ նա։

Նրա Հայոց Պատմությունը շատ կարդացված և սիրված է եղել, ավելի քան մեր մյուս բոլոր պատմագիրներինը: Դա շատ էլ արտագրված է, բայց և այնպես այդ գրքի օրինակները բավարարություն չեն տվել պահանջին, գրքի պակասություն է զգացվել, և այդ համարվել է «աղէտ անբերելի» (=անտանելի աղետ) 17-րդ դարում։ Եվ ահա Թոմաս Նուրիջանյան եպիսկոպոսը, «ի վայելուչ քաղաքէ Վանանդու Գողթնեաց», իր քեռու որդի Մատթեոսին ուղարկել է Ամստերդամ «առ ի յօրինել և հոգալ զբուն գործիսն տպագրութեան», հետո ինքն էլ գնացել է այնտեղ և 1695 թ. տպագրել է իր աշխատությամբ ու ծախքով «զվիպագրութիւն բազմերախտի առն Մօսիսի Քերթողահօրն»։ Դա Հայոց Պատմության անդրանիկ տպագրությունն է, որ և մեր հին, 17-րդ դարից առաջ ապրած, պատմագիրների տպագրության անդրանիկն է։

Այս ամենն էր պատճառը, որ երբ կասկածելի համարվեցին նրա Պատմության աղբյուրները և Պատմությունն ինքը, մանավանդ երբ սրա հեղինակին տեղահան անելով՝ սկսեցին դնել 6-րդ, 7-րդ, 8-րդ կամ 9-րդ դարերում, այդ մի տեսակ ցավ պատճառեց նրանց, ովքեր կատարյալ վստահությամբ էին նայում մեր այս Պատմագրին։ Ժամանակի տեղափոխության համար բերված փաստերն ընդհանրապես համոզիչ չեն։ Ինչ վերաբերում է Պատմության բովանդակությանը, բնականաբար այժմ դա քաղաքական դեպքերի նկատմամբ այլևս այն արժեքը չունի, ինչ որ առաջ։ Այլևս ոչ ոք չի կարող միամտաբար ընդունել, թե Մ. Խորենացու Պատմության մեջ հիշված անձերը բոլորն իրապես գոյություն են ունեցել, և կամ նա իր գրվածքի մեջ միշտ պատմել է իրոք կատարված դեպքերի մասին։ Կան բաներ, որ մտացածին ու անստույգ են, հետևանք սխալ քննադատության, կամ անվավեր աղբյուրների։ Այսպես, օրինակ, Աբգարի մասը Հայոց պատմության հետ կապ չունի։ Մի թյուրիմացության արդյունք է Արտաշեսի «տիեզերակալության» մասին պատմածները (Բ. 11 —13), և ուրիշները։ Բայց այսուամենայնիվ Հայոց Պատմությունը չի կորցնում իր նշանակությունը, այլ վերագնահատվելով՝ նայելով մասերին տարբեր կերպով է արժեքավորվում։ Որ պատմվածքների աղբյուրներն արդեն հայտնի են, բնականաբար այժմ դիմում ենք այն աղբյուրներին, որ գործածել է Պատմագիրը։ Բայց այդպիսի դեպքերում էլ նա հաճախ տարբերվում է իր աղբյուրներից, և կարելի չէ նկատի չառնել այդպիսի տարբերությունները, քանի որ, ինչպես ասած է,