ժամանակագիրներն իրենց պատմած զրույցներն օդից չեն առնում, առավել ևս Մ. Խորենացու նման մի պատմագիր: Շատ այնպիսի բան, որ կասկածելի է համարված եղել, հետագայում իբրև ստույգ է երևան եկել։ Կան պատմվածքներ էլ, որոնց համար Խորենացին առաջնակարգ աղբյուր է, ինչպես 4-րդ դարի վերջերի և 5-րդ դարի համար։ Իսկ հնագույն ավանդական բանահյուսության համար Խորենացին միակ աղբյուրն է: Անշուշտ, նրա մեկնություններն այդ մասին արժեք չունեն, կամ այնքանով միայն պիտանի են, որ դրանցով կարելի է լրիվ վերականգնել առասպելը, կամ տեսնել հեղինակի իրեն սրամտությունը։ Շատ պատմվածքների համար այժմ արդեն դիմում ենք արտաքին աղբյուրներին, որոնք ավելի շատ և համեմատաբար ավելի ստույգ տեղեկություններ են պահել Հայաստանի քաղաքական պատմության համար։ Համենայն դեպս՝ ամբողջ հայոց պատմությանը մինչև 5-րդ դարը՝ այժմ պիտի նոր հորինվի, ինչ որ քաղաքական դեպքերին է վերաբերում, արտաքին աղբյուրների հիման վրա, իսկ Խորենացու Պատմությունը մեջ կարող է գալ իբր երկրորդական, երրորդական աղբյուր, այն էլ այն ժամանակ, երբ համապատասխան է արտաքին աղբյուրներին։
Այս ամենը, սակայն, վերաբերում է անձերին ու կատարված դեպքերին։ Բայց բացի դրանցից՝ կա նաև ներքին կյանքը։ Եթե այս կամ այն եղելության նկատմամբ սխալաշատ է Խորենացու Պատմությունը, դա հարուստ է այնպիսի տեղեկություններով, որ կազմում են բուն պատմությունը, և ինչպիսի ուսումնասիրություններ էլ որ անելու լինեն Հայաստանի ներքին կյանքի պատմության վերաբերյալ, միշտ դիմում են և պիտի դիմեն նրա Պատմությանը։
13. Քերդողահայրը և նրա «Հայոց Պատմությունն» իբրև գրական երկ:– Մ. Խորենացու «Հայոց Պատմությունը շատ բարդ, իր բոլոր ապացուցված անվավեր մասերով հանդերձ՝ շատ ճարտար, իր ժամանակի համեմատ՝ վարպետորեն կազմած մի երկասիրություն է»։ Դա «մեզ համար ամենից առաջ մի գրական հիշատակարան է»[1]։ Իբրև այնպիսին դա ամենից առաջ իր գաղափարախոսությամբ բազմակողմանի արտահայտություն է իր ժամանակի։ Ինչպես վերևում ասվեց, այս Պատմությունը ծագած է դարի պահանջից, այն քաղաքական դրությունից, որով առաջ էր եկել 5-րդ դարի մտավոր շարժումը, որ և ավելի վատացած կերպով իշխում էր դեռ այդ դարի 2-րդ կեսին։ Քաղաքական անկումն առաջացրել էր բնականաբար վհատություն, միաժամանակ և ձգտում նորից հին անկախությունը ձեռք բերելու։ Պետք էր այս գաղափարը զարգացնել, հուսադրել։ Ահա հիմնական խնդիրը, որ զբաղեցնում էր հասկացող մտքերին։ Դա ազգային շահերի պաշտպանությունն էր։ Դրա համար հարկավոր
- ↑ «Մ. Խորենացի ըստ պրոֆ. Ն. Մառի», «Հանդէս ամսօրեայ», 1895, էջ 18, 54, 108, 195, 297. թարգ. Ե. Լալայանի. H. Mapp, О начальной истории Армении Анонима. К вопросу об источниках истории Моисея Хоренского. По поводу критических статей проф. A. Carriere՚a, «Византийский Временник», 1894, II.