Էջ:Manuk Abeghyan Collective works vol. 3.djvu/325

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

լուրջ վերաբերվող։ Ընծայականի մեջ նա այսպես է բնորոշում իր արդեն վերջացրած աշխատությունը. «կարգագրեալ և եդեալ ծայրալիր պարապմամբ զսկիզբն և զմիջոցն և զկատարածն»։ Այդ նշանակում է, որ նա լիակատար ուսումնասիրություն է արել «Հայոց պատերազմի» մասին՝ պարզելով այդ մեծ եղելության պատճառները, զարգացումն ու հետևանքները։ Եվ նա ամեն պատմիչի համար անհրաժեշտ այդ առաջադրանքը գլուխ է հմտությամբ և գործի մեծ ծանոթությամբ։ Տեսնենք այդ։

Սկիզբը, այսինքն եղելության պատճառները նա որոշում է ճիշտ և բազմակողմանի։ Ինչպես հայտնի է, Սասանյան հարստության հիմնադիր Արտաշիր արքան հղացել է պետական կրոնի գաղափարը։ Նա հին զրադաշտական կրոնը, մազդեականությունը դարձրել է պետական կրոն, իբրև խարիսխ իր և իր հաջորդների թագավորության։ Այդ կրոնի պաշտոնյաները, մոգերը դարձել են պետական գործակալներ և ազդեցություն են ձեռք բերել պետական գործերի մեջ։ Մի անգամ որ առաջ է եկել պետական կրոնը, բնականաբար Պարսից արքաները ձգտել են,– ինչպես նման դեպքերում և ուրիշ բռնակալներ,—իրենց կրոնը մտցնելու նաև իրենց բազմազգի տերության բոլոր ժողովուրդների մեջ՝ կրոնով միաձույլ պետություն կազմելու համար։ Դրա հետևանքով և տեղի է ունեցել աղանդների ու քրիստոնեության հալածանք, ինչպես Շապուհ Բ.–ի օրով (310—379 թ.) նրա թագավորության երկրորդ շրջանում (342—379 թ.)։ Հայաստանում Արշակի անկումից հետո կարճատև հալածանք է եղել (Բուզանդ, Դ. 56, 59)։ Ահա «Հայոց պատերազմի» հիմնական պատճառը։ Եվ Եղիշեն լավ հասկացել է այդ, նա հենց այդտեղից էլ սկսում է, ասելով թե՝ երբ Հայաստանում վերացվեց Արշակունիների իշխանությունը, մեր աշխարհին տիրեց «ազգն Սասանայ պարսկի, որ վարէր զիւր իշխանութիւնն օրինօք մոգուցն. և բազում անգամ մարտնչէր ընդ այնոսիկ՝ որ ոչ ընդ նովին օրինօքն մտանէին»։ Հայերի դեմ կռիվն,— ասում է Եղիշեն,— սկսված էր Տիրանի որդի Արշակի տարիներից։ Երբ Վռամշապուհի որդի Արտաշես արքային ձգում են թագավորությունից, իշխանությունն անցնում է Հայոց նախարարներին. «Վասն որոյ և աստուածպաշտութիւնն բարձրագլուխ կամակարութեամբ երևելի լինէր յաշխարհին Հայոց ի սկզբանց տէրութեանն Շապհոյ արքայից արքայի [=Շապուհ Գ. 384 թ.] մինչև ցամն երկրորդ Յազկերտի» [439 թ.]։ Ուրեմն, ինչպես ուրիշ աղբյուրներից էլ հայտնի է, կրոնի հալածանք չկար մինչև Հազկերտ Բ.–ի տարիները։

Հիմնական պատճառից հետո՝ Պատմագիրն անցնում է մասնավոր պատճառին։ Դա Հազկերտ Բ.–ի մոլեռանդ, «անխաղաղասէր» ու չար բնավորությունն է, որ խիստ գույներով նկարագրում է նա։ Այդ թագավորը նորոգում է քրիստոնեության հալածանքը, բայց սկզբի տարիներում միայն պարսիկ քրիստոնյաների վերաբերմամբ, իսկ հայերի և այլ հպատակ ազգերի համար՝ դեռ խորհուրդ են անում, թե ինչպես վարվեն։