Էջ:Manuk Abeghyan Collective works vol. 3.djvu/326

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Մոգերը բնականաբար ուրիշ խորհուրդ չէին տալ թագավորին, «բայց եթէ ի մի օրէնս դարձուցանես զամենայն ազգս և ազինս՝ որ են ի տէրութեան քում», «բայց միայն զաղանդ քրիստոնէից բարձ ի միջոյ»։ Այդ էր պահանջում նրանց դասային շահը, բայց կար և պետական շահը։ Երբ ներքուստ միաձույլ մի կրոն ունենան տերության բոլոր ժողովուրդներն ու ցեղերը, այն ժամանակ «և Յոյնք իսկ ոչ ելանեն ընդ քո իշխանութիւնդ»,—հույներն անգամ չեն հարձակվիլ քո տերության վրա,– ասում է Եղիշեն մոգերի բերանով։ Ուրեմն երկիրն ուժեղացնելու և քրիստոնյա հռոմայեցիների դեմ կանգնելու համար՝ հարկավոր էր հայերին և ուրիշներին մոգական կրոնին դարձնել։ Բայց դեռ վճռում են նախ Հայաստանից հեռացնել հայկական այրուձին։ Այդ խորհուրդը Պատմագիրը դնում է մոգերի բերանին, բայց և մեծամեծներն ու ինքը Հազկերտը նույն կարծիքին են եղել— «էին ի նմին բանի»։ Քրիստոնյաներին կրոնափոխ անելը, դա հին քաղաքականության արծարծումն էր, որ նորոգվում էր մոգերի ու պարսիկ մեծամեծների կողմից, վերջիններիս մեջ էր նաև հազարապետ Միհրներսեհը, «հին վիշապն չարաթոյն», որ «էր իշխան և հրամանատար ամենայն տէրութեանն Պարսից», գրում է Եղիշեն,— «և չէր ոք ամենևին՝ որ իշխէր ըստ ձեռն նորա ելանել: Եւ ոչ միայն մեծամեծը և փոքունք, այլ և ինքն թագաւորն հրամանի բերանոյ նորա անսայր որոյ և ձախող իրացն իսկ բուռն հարեալ էր նորա» (էջ 127 և հտն.):

Այս ամենը պարսկական կողմից և պարսկական շահերի տեսակետով։ Այս սկզբնական նախապատճառներից ելնում է գործողությունը։– Առաջին բանը լինում է այն, որ, ինչպես ասվեց, հայկական զորքը հանում են Հայաստանից և տանում են Ապար աշխարհ՝ քուշանների դեմ կռվելու։ Այսպես վարվում են պարսիկներն առաջին անգամ. «ոչ էին օրէնք երթալ զայն ճանապարհ յառաջ ժամանակաւ» (էջ 17), — գրում է Եղիշեն։ Այդ դառնում էր մի զորավոր պատճառ հայ ազատանու համար՝ գրգռվելու ընդդեմ պարսկական իշխանության. որովհետև նրանք ոչ միայն հեռավոր երկիր պիտի գնային ծառայելու, այլև այրուձի պահելու պարտականությունն ավելի ևս ծանրանում էր։ Շոշափված էին նրանց սեփական շահերը։ Դժգոհությունն ավելի մեծանում է, երբ այնտեղ, հեռաստանում, վատ են վարվում նրանց հետ և զանազան միջոցներով նեղելով փորձում են նրանց մոգական կրոնին դարձնել։ Բայց դեռ բուն երկրից չեն պահանջում հավատափոխություն։

Եվ ահա գալիս է մի նոր պատճառ, որ բոլոր հայ ժողովրդին գրգռում է ընդդեմ պարսից իշխանության։ Աշխարհադիր են անում, աշխարհի հարկն ավելի ծանրացնում։ Հարկեր են դնում նաև միայնակյացների ու վանականների, եկեղեցու և եկեղեցականների վրա, որոնք առաջ հարկից ազատ էին, և նախարարներին բանսարկությամբ գժտեցնում միմյանց հետ։ Հայ հազարապետին, որ «իբրև զհայր վերակացու համարեալ էր աշխարհականացն քրիստոնէից», գործից հանում են, փոխանակ մի պարսիկ են կարգում, և վերջապես, որ կարևորն է՝ դատավորությունն