է «եայ = եան» մասնիկով, ինչպես՝ արևելեան—արևելեայ, արևմտեան — արևմտեայ, տասնամեան—տասնամեայ (սեռ. տասնամէի), Մամիկոնեան— Մամիկոնեայ (սեռական՝ Մամիկոնէի, Մամիկոնէից)։ Ըստ այսմ՝ «Անգեղեայ» նույն է, ինչ որ «Անգեղեան»։ Արդ, սեռականի կամ ածականի այս «եայ = եան» մասնիկը նշանակում է ծագում։ «Անգեղեայ» կոչումն, ուրեմն, ցույց է տալիս, որ Տուրքը համարվել է Անգեղի սերունդ, իբրև Անգեղյան Տուրք։ Անգեղ կոչվել է հայկական աստվածներից մեկը։ Աստվածաշնչի մեջ սեմական Ներգալ աստուծու անունը հայերենում թարգմանված է Անգեղ։ Սեբեոսի Պատմության մեջ կարդում ենք. «Եւ որդիքն Բագարատայ ժառանգեցին զժառանգութիւնս իւրեանց ի կողմանս արևմտից, այս ինքն է Անգեղ տուն․ վասն զի կոչեցաւ Բագարատ և Անգեղ, զոր ի ժամանակին յայնմիկ ազգ բարբարոսացն աստուած կոչեցին[1]։ Ուրեմն Անգեղ աստվածը կոչվել է և Բագարատ, որ փոխառություն է հին պարսկերենից և նշանակում է՝ «աստուածատուր»[2], կամ «դից տուրք» (հմմտ․ Մ. Խոր․, Բ․ 36, «Սանատրուկ․․․ Տուրք Սանոտայ»)։
Մյուս կողմից՝ Տորք կամ Տուրք անվան մեջ տեսնում են Միտանի և Խետ ցեղերի Տարկու, Տարքու կամ Տուրգու աստուծու անունը, որ եղել է պտղաբերության ու բուսականության աստված[3]։ Նրա պաշտամունքը մի ժամանակ տարածված է եղել Փոքր Ասիայում և այլուր։ Կարծում են, թե նա պաշտված է եղել և հարավային Հայաստանում, «այսինքն Հայաստանի հարավային մասում, Եփրատից մինչև Վանա ծովը», այնտեղ, ուր «ընկնում է նաև Անգեղ գավառը հին Նայիրի աշխարհում»։ Եթե ստուգվի այս շատ հավանական ենթադրությունը, այն ժամանակ պետք է ընդունել, որ այդ անունը ժողովրդական ստուգաբանությամբ նույնացել է հայերեն «տուրք» բառի հետ, ըմբռնվել է իբրև «տուրք դից», և այն շրջաններում, ուր հայերենի հետ խառն գործածվելիս է եղել պարսկերենը, դա ասվել է նաև Բագադատա—Բագարատ, որ է «դից տուրք»։ Ապա՝ ինչպես դիցաբանության մեջ հաճախ պատահում է, որ սկզբնապես ուրույն աստվածներն ու հերոսները կամ նույնանում են միմյանց հետ, կամ մեկը մյուսի սերունդ է դառնում, — այնպես և այդ երևույթը տեղի է ունեցել և այս դեպքում։ Տուրք աստվածը, պաշտամունքի տեղի նույնության պատճառով, հարաբերության մեջ դրվելով Անգեղ աստուծու հետ, կամ նույնացել է նրա հետ («կոչեցաւ Բագարատ և Անգեղ»), կամ դարձել է Անգեղի սերունդ—«Տուրք Անգեղեայ»։ Առասպելի հետագա զարգացման ընթացքում, սակայն, «Անգեղեայ» անվան իսկական նշանակությունը
- ↑ «Սեբէոսի եպիսկոպոսի Պատմութիւն», Երևան, 1939, էջ 7։
- ↑ H. Hubschmann, Armenishche Grammatik, Leipzig, 1897, էջ 31։
- ↑ Ն. Ադոնց, Տորք աստված հին Հայոց, Հուշարձան, գրական ժողովածու, Վիեննա, 1911, էջ 389 և հտն․։ Ա. Խաչատրյան, Տորք Անգեղյա հայ հին մատենագրության և նոր բանասիրության մեջ, «Տեղեկագիր» գիտության և արվեստի ինստիտուտի, № 5, Երևան, 1931, էջ 4 և հտն․։ Այստեղ Տորք «Անգեղեայ» բացատրված է իբրև Անգեղի, Անգեղ բերդի Տորք։