Էջ:Manuk Abeghyan Collective works vol. 3.djvu/32

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Միաժամանակ նրանից է ծագում հայ ազգի երկրորդ անունը. «Յորոյ անուն և զաշխարհս մեր անուանեն ամենայն ազգք, որպէս Յոյնք՝ Արմէն, իսկ Պարսիկք և Ասորիք՝ Արմէնի(կ)ք» (Խոր., Ա. 12)[1]։

ՏՈՒՐՔ ԱՆԳԵՂՅԱ

1. Տուրք և Անգեղ աստվածներ։- Նախնական ժամանակներն է տանում մեզ և այս հսկայի առասպելը, որի մասին շատ քիչ բան գիտենք[2]։ Նրա անունը, որ Մովսես Խորենացուց է միայն հայտնի, ձեռագիրների մեջ կա թե՛ Տուրք և թե՛ Տորք ձևերով։ Բերենք Մ․ Խորենացու այն կտորը, որի մեջ հիշվում է Տուրքը։ «Իսկ զայր խոժոռագեղ և բարձր և կոպտարանձն և տափակաքիթ, խորակն և դժնահայեաց, ի զաւակէ Պասքամայ, ի Հայկայ թոռնէ, Տուրք անուն կոչեցեալ, որ վասն առաւել ժահադիմութեանն ձայնէին Անգեղեայ[3], վիթխարի հասակաւ և ուժով, հաստատէ կուսակալ արևմտից. և յերեսացն անպիտանութէնէ կոչէ զանուն ազգին Անգեղ տուն» (Բ. 8)[4]։ «Բայց զԱնգեղ տուն ասէ նոյն պատմագիր [Մար Աբաս] ի Պասքամայ ումեմնէ ի Հայկայ թոռնէ լինել» (Ա. 23)։

«Անգեղ» բառը նշանակում է «տգեղ», բայց այդ վիպական «Անգեղեայ» անունն իր կազմությամբ չի կարող նշանակել «տգեղ»։ Դա կազմված

  1. Այս անունը Մարքվարտը ծագած է համարում Ա ր ի մ անունից խալդական «ինի» (խալնի, Մուշկ-ինի) վերջավորությամբ իբրև Ար(ի)մինի, միջի ի ձայնավորի դուրս ընկնելով։ Դա խալդական արձանագրության մեջ երևում է Ուրմենի ձևով․ պարսիկները դարձրել են Արմինա, հույները՝ Արմենիոս, Արմենիա։- «Արիմ» և «Հայ» եղել են, անշուշտ, հայության մեջ մտնող առանձին ցեղերի անուններ, որոնք ընդհանրացել են մեկը հայերի մեջ, մյուսը («Արմեն» ձևով)՝ օտարների մեջ։ Մի անգամ որ Ա ր ի մ դարձել է նախնի դիցազն, բնականաբար և նրա տոհմը կարող էր կոչվել «եան» մասնիկով Արմեանի։ Արմեան, սեռ․ տր․ «Արմենի», ինչպես և Խորենացին նույն անվան «Արամ» ձևից նույն մասնիկով կազմած ունի «Արամեան» բառը «հայ» նշանակությամբ․ «Արք Արամեանք», «Արամեան ազն» (Բ․ 92, Գ․ 29)։
  2. Մ․ Աբեղյան, Հայ ժողովրդական առասպելները, էջ 259–283։
  3. Պետք է նկատի ունենալ, որ Մ․ Խորենացին սիրով կանգ է առնում մյուս նախարարների անունների բացատրության վրա ևս և այդ բացատրությունները, ինչպես երևում է, նա ինքն է տալիս։ «Եւ զԱրծրունիսդ գիտեմ՝ ոչ Արծրունիս, այլ արծուի ունիս, որք՝ արծուիս առաջի նորա կրէին»։ «Գիտեմ և զԳնունիսդ գինի ունիս, որ զարժանի թագաւորին պատրաստէր զըմպելիսն»։ «Ասեմ և զՍպանդունիսդ ի վերայ զենարանաց, և զՀաւունիսդ բազէակիրս․․․ Եւ եթէ առ ցոփս ինչ ոչ ունիցիս, և զՁիւնականսդ՝ ամարանոցաց պահակս և ձիւնակիրս» (Բ․ 7)։ «Աշխարհն յանուն քաղցրութեան բարուց նորա անուանեցաւ Աղուանք զի աղու ձայնէին զնա» (Բ․ 8)։ Այս բացատրությունների կարգին է պատկանում նույն գլխի մեջ և «Անգեղեայ» բառի մեկնությունը՝ «որ վասն առաւել ժահադիմութեանն ձայնէին Անգեղեայ․․․ և յերեսացն անպիտանութենէ կոչէ զանուն ազգին Անգեղ տուն»։
  4. «Անգեղ տուն», «Անգեղ տունն գաւառ» է Չորրորդ Հայքի կամ Մեծ Ծոփքի գավառներից մեկը, որի մեջ է Անգեղ բերդը (Փ․ Բուզանդ, Դ․ 24)։ Բայց «Անգեղ տուն» միաժամանակ և նախարարական տոհմի անունն է։ Ագաթանգեղոսի մեջ հայոց «գլխավոր նախարարների», «կուսակալների» մեջ առաջինն է «իշխանն Անգեղ տան», «զմեզ իշխանն Անգեղ տան»։