Jump to content

Էջ:Manuk Abeghyan Collective works vol. 3.djvu/332

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

սոսկ լրատու չէ, անտարբեր և անկողմնակալ, ինչպես որ այդպես չեն եղել և չեն բոլոր ազգերի պատմագիրները։ Նրա նպատակն է եղել, ըստ իր ժամանակի պահանջի, ուսուցանել ժամանակի մարդկանց, որ պատրաստ լինին քրիստոնեական կրոնի համար համոզմունքով նահատակվելու. «Յայսմ հաւատոց զմեզ ոչ ոք կարէ խախտել, ոչ հրեշտակք և ոչ մարդիկ, ոչ սուր և ոչ հուր, ոչ ջուր, ոչ ամենայն զինչ և են դառն հարուածք… Ի քէն տանջանք և ի մէնջ յանձնառութիւնք. սուր քո՝ և պարանոցք մեր։ Չեմք ինչ լաւ մեք քան զառաջինսն, որ յայսր վկայութեան վերայ եդին զինչս և զստացուածս և զմարմինս իւրեանց» (էջ 57 և հտն.)։ Ահա մի նշանաբան, որ շաղախված այդ նամակի առաջին ստորագրող Հովսեփի (Յովսէփի), Մաշտոցի առաջին աշակերտի, այլև նրա մի քանի ընկերների արյունով, մեծ արժեք է ունեցել հետագայում։

Դա կորովի անվեհեր դիմագրավումն է մահվան հանուն գաղափարի, հանուն խորին համոզումի, մանավանդ երբ այդ կապված է «հայրենի աշխարհի» ու ժողովրդի շահերի հետ։ Արի անձեր էին հարկավոր քաջալերելու համար։ «Քաջութեա՛մբ միայն մեռցուք, զանուն և զոգիս և եթ ժառանգեսցուք» (էջ 97), — ահա՛ թե ինչ էր աղաղակում դիմադրության համար ոգևորված բազմությունը։ Աղվանքի հազարապետը պատգամավոր է գալիս ու հայտնում իրենց երկրի դժբախտության մասին. «Իսկ գունդն Հայոց իբրև լուաւ զայս գոյժ դառնութեան, ոչ ինչ թուլացեալ լքան ի քաջութենէն» (էջ 101), ասում է Եղիշեն։ Թեպետ և դրսից օգնություն ստանալու հույսը կտրվեց և տեսնում էին, որ իրենք սակավաթիվ են, դարձյալ «ոչ ինչ վատասրտեալ դողային, այլ ըստ առաջին ուխտին խիզախէին և ասէին. «Պատրաստ եմք ի սպանանել և ի մեռանել» (էջ 105), «Իսկ քաջն Վարդան և ամենայն զօրքն որ ընդ նմա էին… ոչ ինչ զանգիտեցին առ ի յոյժ բազմութենէն… խումբ արարեալ յարձակէին» (էջ 108 և հտն.)։ «Յայնմ տեղւոջ դէտ ակն ի վեր ամբառնայր Արշաւիր Արշարունի, գոչէր առիւծաբար և յարձակէր վարազաբար, հարկանէր և սատակէր զՎուրկն քաջ զեղբայր թագաւորին Լփնաց, և զբազում համհարզս նորին ընդ նմին սատակէր։ Եւ այնպէս ամենեքեան առ հասարակ այր զախոյեան իւր յերկիր կործանէր…» (էջ 110): «Դարձեալ յարձակէին ոչ սակաւ քաջութեամբ ի վերայ բերդիցն և քաղաքացն զոր ունէին Պարսիկքն» (էջ 111)։ «Իբրև ետես մեծն Վարդան զերկպառակութիւն աշխարհին իւրոյ, ոչ ինչ թերահաւատութեամբ զանգիտեաց… քաջալերեցաւ յանձն իւր, և քաջալերեաց զզօրսն իւր» (էջ 142)։ Ամբողջապես քաջության և արության ներբող է և սպարապետի գեղեցիկ ճառը, որ ճակատամարտից առաջ ասում է նա իր «քաջ նիզակակիցներին», որոնք սպարապետի հետ մտել էին շատ պատերազմների մեջ և «քաջապես հաղթել թշնամիներին»։ «Երկիւղ՝ թերահաւատութեան է նշանակ, զթերահաւատութիւն մեք ի մէնջ վաղ մերժեցաք, ընդ նմին և երկիւղն փախիցէ ի մտաց ի խորհրդոց մերոց» (էջ 150)։ Այսպես է իր ճառը վերջացնում «առաքինի զօրավարն» («առաքինի» հին իմաստով, իբրև կտրիճ, արի