Jump to content

Էջ:Manuk Abeghyan Collective works vol. 3.djvu/331

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

կռվում է գրչով․ շահագրգռված է իր պատմած դեպքերով, ինքը հուզվում է իր ազգի նեղյալ դրությամբ, ցավում է, տանջվում է դրա գիտակցությամբ, հիանում, հափշտակվում է նրա հերոսների սխրագործություններով. բարկանում, ատում է իր ժողովրդի տառապանքների դրդիչներին, ոգևորվում և աշխատում է նույն զգացումները հարուցանել ընթերցողի մեջ, որպեսզի նրանք էլ իր հետ գովեն կամ պարսավեն։ Ավելացրեք վրան, որ նա խորհրդածություններ է անում, պատմած դեպքերից խրատներ է հանում, որով պատմությունը դառնում է բարոյական ուսում։ Այդ նա իմաստալից ասացվածների ձևով դնում է «յեղանակների» սկզբում, իբրև ամբողջ գլխի ընդհանուր իմաստ, եզրակացությունը, հաճախ նաև պատմվածքի ընթացքում։ Այդ դեպքերում խոսում է ոչ միայն կրոնասերն ու հայրենասերը, այլ ավելի բարոյագետը։ Այսպես, օրինակ, Երկրորդ «յեղանակի» սկզբում. «Որոց ոգիքն թուլացեալ են յերկնաւոր առաքինութենէն՝ յոյժ ընդ ահիւ անկեալ է բնութիւն մարմնոյ. յամենայն հողմոյ շարժի և յամենայն բանէ խռովի, և յամենայն իրաց դողայ. երազագէտ է այնպիսին ի կեանս իւրում, և յանգիւտ կորուստն յուղարկի ի մահուան իւրում։ Որպէս և ասաց ոմն ի հնոցն, մահ ոչ իմացեալ՝ մահ է, մահ իմացեալ՝ անմահութիւն է։ Որ զմահ ոչ գիտէ՝ երկնչի ի մահուանէ. իսկ որ գիտէ զմահ՝ ոչ երկնչի ի նմանէ։ Եւ այս ամենայն չարիք մտանեն ի միտս մարդոյ յանուսումնութենէ։ Կոյր զրկի ի ճառագայթից արեգական, և տգիտութիւն զրկի ի կատարեալ կենաց։ Լաւ է կոյր աչօք քան կոյր մտօք։ Որպէս մեծ է հոգի քան զմարմին՝ այսպէս մեծ է տեսաւորութիւն մտաց քան զմարմնոց։ Եթէ ոք կարի առաւելեալ իցէ աշխարհական մեծութեամբ, և մտօքն աղքատագոյն, այնպիսին ողորմելի է քան զբազումս. որպէս և տեսանեմք իսկ՝ ոչ միայն ի չափաւոր մարդիկ, այլ և յոր մեծն է քան զամենայն։ Թագաւոր եթէ ոչ ունի զիմաստութին աթոռակից իւր, ոչ կարէ ի վիճակին իւրում վայելուչ գոլ։ Իսկ եթէ առ մարմնաւորս այսպէս, ո՜րչափ ևս առաւել առ հոգևորսն։ Բոլոր մարմնոյս հոգի է կենդանութիւն, իսկ մարմնոյ և հոգւոյ միտք են կառավար․ և որպէս աո մի մարդ՝ այսպէս առ բոլոր աշխարհս։ Թագաւոր ոչ զիւր միայն տացէ պարտիս, այլ և որոց եղև պատճառք ի կորուստ» (էջ 23 և հտն.)։

Պատմաբանների տեսակետով, անշուշտ, կարևոր է հարց դնել, թե Եղիշեի բերած նամակներն արդյոք իսկական պատճեննե՞ր են. գրական տեսակետով այդ առանձին արժեք չունի։ Հայերի գրած նամակն, օրինակ,— լինի իսկական թե Եղիշեի մշակած,— դա ինքը մի ուրույն գրական երկ է, որի մեջ ճարտարությամբ ամփոփված են նույն գաղափարները, մասամբ գրեթե նույն ձևով, ինչ որ Եզնիկ Կողբացու Հակաճառության մեջ, ինչ որ ինքը Եղիշեն սովորեցնել է կամենում քրիստոնեության և մազդեականության վերաբերմամբ։ Դրանով նա քրիստոնեական կրոնի ջատագովությունն է անում սիրով և պարզում սրա գերազանցությունը մոգական կրոնից։ Այդ էլ հենց հարկավոր է եղել նրան, քանի որ նա