Էջ:Manuk Abeghyan Collective works vol. 3.djvu/334

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

քնարերգությամբ, և որի նմանը դեռ չի առաջ բերել մեր նոր գրականությունը:

Գեղեցիկ ոճական ձևի հետ՝ այս հեղինակը ցույց է տալիս մեծ արվեստ նաև հորինվածքի ուրիշ կողմերով: Նա, գործողությունը կենտրոնացնելու և շարժում առաջ բերելու համար, գիտե դեպքերը պատմել ուրիշի բերանով, ինչպես, օրինակ, Վասակի արարքները Վարդանի բացակայության ժամանակ, երբ նա Աղվանքում էր, նրան պատմում է գուժկանը։ «Հայոց պատերազմը» մերթ դրամատիկ ձև է ստանում գործող անձերի փոխանակած խոսքերով, ինչպես է, օրինակ, Հազկերտի և հայ նախարարների հանդիպման տեսարանը. մերթ կենդանանում է գործող անձերի արտասանած ճառերով։ Իսկ երբ նա ինքը վիպում է, նրա պատմվածքը մերթ «մեղվաշուրթն» է, լցված համակրությամբ ու սիրով առ գործող անձերը, մերթ ատելության ու զայրույթի բուռն պոռթկում է, որով նա կրակ է թափում իր հակակրած անձերի գլխին։ Ամեն դեպքում էլ այս ճարտասան բանաստեղծն, իր զգայուն սիրտը, իր խոկերն է բաց անում ընթերցողի առաջ նույնիսկ սիրած հերոսների ճառերով ու խոսքերով։

Եղիշեն վարպետ է նաև բնութագրության։ Բայց նա անձերի արտաքինը չի նկարագրում, կամ շատ քիչ է այդ անում։ Դա բարոյագետի և ուսուցողի աչքին սակավ արժեք ունի, և առհասարակ միջնադարյան քրիստոնյայի համար կարևորը մարմինը չէր, այլ հոգին։ Եվ մեր այս Պատմագիրը մանրամասն ուսումնասիրում է գործող անձերի ներքինը, բայց ոչ ընդարձակ չափով իր սիրելի հերոսների, ինչպես են՝ Վարդանը և մյուսները։ Այս նկատմամբ նա բավականանում է սովորաբար բնորոշ մակդիրներով, ինչպես՝ արին Վարդան, մեծն Վարդան, քաջն Վարդան, առաքինի զօրավարն [Վարդան], կորովին Վարդան։ Եղիշեի համար ավելի կարևորը մասսան է, և նա ուժեղ գրչով շարժման մեջ է դնում, հանդես է բերում ոգևորված ու մարտնչող բազմությունը թե՛ ժողովրդի, թե՛ եկեղեցականության։ Շատ ավելի նա կանգ է առնում թշնամիների բնութագրի վրա—Հազկերտի, Միհրներսեհի, մոգպետի ու մոգերի և Վասակի։ «Հայոց պատերազմի» անմիջական նախաձեռն պատճառ համարում է նա, ինչպես տեսանք, Հազկերտին ու Միհրներսեհին. ուստի նա շատ խիստ գույներով նկարում է այդ թագավորի բնավորությունը և շարունակ չի մոռանում նրան։ «Սատանան նրան իր համար գործակից գտավ և բոլոր մթերած թույները դուրս թափեց, ու դեղած (թունավորած) նետերով լցրեց նրան ինչպես մի կապարճ թունավորված նետերով։ Եվ սկսեց նա եղջերցել (պոզահարել) անօրենությամբ, գոռոզանում ու գոռալով հող էր հանում երկրի չորս կողմը, և մեզ, Քրիստոսին հավատացողներիս, իրեն թշնամի ու հակառակորդ էր ցույց տալիս, և նեղվում, տագնապում էր անխաղաղասեր կյանքով։ Որովհետև շատ սիրելի էր նրան խռովություն, արյունհեղություն,այդ պատճառով նա իր մեջ տարուբերվում էր, թե ո՛ւմ վրա թափեմ դառն թույները, կամ ո՛ւր արձակեմ շատ նետերը։ Եվ մեծ