Էջ:Manuk Abeghyan Collective works vol. 3.djvu/335

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

հիմարությունից ինչպես մի կատաղի գազան հարձակվեց Հունաց աշխարհի վրա․․․» (էջ 12 և հտն․)։

Հետո էլ ուրիշ անգամներ մեր Պատմագիրը դառնում է այս թագավորի բնութագրին, որովհետև նա, իբրև գեղարվեստական գրող, ամենը չի կուտակում մի տեղ՝ ծանրաբեռնելով իր գործը։ Այսպես, օրինակ, քիչ հետո գրում է. «Եվ այսպես հպարտացավ, բարձրամտեց, մարդկային բնությունից վեր ընդվզելով սանձակոտոր էր լինում ոչ միայն մարմնական պատերազմի գործերի մեջ, այլ իրեն մեծ ոմն էր կարծում, քան իր հայրենի կարգի բնությունը։ Այս պատճառով կեղծավորությամբ նա թաքցնում էր իրեն, իր կարծիքով,— և ինչպես երևում էր իմաստուններին,— անմահների կարգի մեջ էր դնում իրեն։ Եվ սաստիկ բարկացած էր Քրիստոսի անվան վրա»։ Նա, այդ թագավորը խաբեբա է, երկդիմի մտքով է վարվում (էջ 17), թաքցնում է իր մտադրությունը (էջ 19), հենց որ արտաքուստ մի փոքր ապահովվում է, հալածանք է սկսում (էջ 20—22). կեղծավոր է (էջ 25), աշխատում է քրիստոնյաներին խորամանկությամբ մոգական կրոնին դարձնել։ «Իսկ անօրէն իշխանն իբրև գիտաց եթէ յայտնեցաւ խորամանկութիւն խորհրդոյն… սկսաւ ծածուկ նետիւք խոցոտել զմիտս իւրոյ չարութեանն… Մերթ շանթէր գալարէր իբրև զօձ թունաւոր, մերթ պարզէր գոչէր իբրև զառիւծ զայրացեալ. գելոյր և տապալէր երկդիմի մտօք, զխորհուրդս կամացն կամէր կատարել» (էջ 26)։ Առհասարակ սկզբից մինչև վերջը Եղիշեն բաց չի թողնում Հազկերտի, իբրև գլխավոր գործող անձի, հոգեկան վիճակի փոփոխությունները պարզելը։ Եվ այդ անում է նա մեծ վարպետությամբ և ուժեղ, թանձր գույներով։

Դառնությամբ լի է նա մոգերի ու մոգպետի վերաբերմամբ ևս նրանց ունեցած ազդեցության համար. «իսկ չարասէր մոգպետն հանդերձ մեծ հազարապետաւն շնչեաց զչարախօսութիւն, և բորբոքեաց զթագաւորն իբրև զհուր անշիջանելի»։ Նրանք, — ասում է, — «անլուծելի հանգույցներով կապված էին կռապաշտության մեջ, վառված ու տաքացած ինչպես մի հնոց՝ եկեղեցու սուրբ ուխտն այրելու համար, որովհետև այնպիսիներն իսկապես իրենց կյանքում բնակվում էին ինչպես թանձրամած խավարի մեջ, և նրանց հոգիներն արգելված էին մարմնի մեջ, ինչպես կենդանին գերեզմանի մեջ, որոնց վրա ամենևին չի ծագում Քրիստոսի սուրբ լույսի նշույլը։ Նաև օրհասական արջերը վերջի շունչը փչելիս՝ ավելի մեծ ուժով են կռվում, և իմաստուները տեղի տալով փախչում են նրանցից։ Այսպիսի մի ձևով եկել հասել է տերության վախճանը. եթե խփվում են՝ չեն զգում, և եթե արտաքին թշնամի չի գտնվում, իրենք իրենց հետ են մարտնչում, կռվում։ Իսկապես հարմար է գալիս նրանց վրա մարգարեի խոսքը, որ ասում է. «Մարդ իր քաղցից շուռ կգա և կուտի իր մարմնի կեսը»: Սրա նման և Տերն ինքն ասում է. «Ամեն տուն ու թագավորություն որ ինքն իր մեջ բաժանվի, չի կարող հաստատ մնալ»։ Արդ, ի՞նչ ես ծեծկվում,― շարունակում է Եղիշեն դիմելով Հազկերտին և