Jump to content

Էջ:Manuk Abeghyan Collective works vol. 3.djvu/346

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է
Այս էջը սրբագրված չէ


և ի գետ արկանել»: «Զհրեշտականման այրն զՏէր՝ նոյն անհանգիստ հալածանօք վախճանեցուցին, որք և այժմ դեռ ևս անյագութեամբ քինով ընդ մեռելոյն կագին»։ «Անարատ և յամենեցունց յարգելի յոյսն տէր Խոսրովիկ, չև ևս հասեալ ի սահմանս մեր, մինչդեռ գայր ի ճանապարհի, և լուան՝ որպէս ի վերայ թշնամոյ ընդդէմ զինեցան, ասելով. «Ահա ո՞ւր գայ միւս ևս թարգմանն»: Եվ սա ճանապարհին մեռնում է։ Նա հիշում է նույնպես և տեր Աբրահամ եպիսկոպոսին և ուրիշներին, և ավելացնում է վերջը, թե «առ մեօք իսկ և ի մերում ժամանակի եղեալ տեսաք զայս ամենայն», և ապա հիշում է նաև սուրբ Ներսեսին և Սահակին: Թուղթը վերջացնում է ասելով, թե թեպետ Վահանից շատերը բարիքներ են տեսել, բայց տեսնելով նրա օրըստօրե փառավորությունը, շատերը կլինեին, որ եթե հնար գտնեին, «առ նախանձու չհատուցանէին զբարի փոխարէնս՝ փոխանակ քո տեառնդ բարւոյն, այլ զնոցուն հակառակսն»:

Ցավոք, Թղթի այս մասից պակասում է մի կտոր, իսկ մի քանի տող ևս աղճատված է երևում և մութն է, բայց և այնպես մնացածից պարզվում է, որ այն պայքարը, որ Սահակի ու Մաշտոցի օրով կար հունասերների և նրանց հակառակորւթւերի մեջ, նրանց մահից հետո, 5-րդ դարի երկրորդ կեսին, ավելի ևս սաստկացած է եղել, դառնալով հունական գիտություն սիրող ազգայինների ու պարսկասերների կռիվ։ Հակառակորդ տգետ աբեղաները չեն ըմբռնել հունական ուսում ստացած թարգմանիչների կուլտուրական դերը։ Կուլտուրական պայքարը նրանց կողքից վերածվել է թշնամական կռվի, հալածանքի, որի ժամանակ, անձնական շահերի համար, անգամ անթույլատրելի միջոցների են դիմել՝ կաշառք, զրպարտություն, անվանարկություն, հափշտակություն։ Նրանց զոհերից մեկն եղել է և Ղաղար Փարպեցին, բայց նա կարողացել է պաշտպանել իրեն։

Ղազարը չի հիշում, թե իրեն հալածող աբեղաներն ինչ կուսակցության մարդիկ են եղել։ Ոչ մի հիմք չկա նրանց համարելու ասորական հոսանքի մարդիկ, ինչպես ընդունում են։ Ասորական «ուղղափառ» եկեղեցին 5-րդ դարի վերջերին արդեն չափազանց թուլացած էր ամբողջ Պարսկաստանում. նա ինքը ձգտում էր հովանավորություն գտնելու հայոց եկեղեցու կողմից ընդդեմ նեստորականների, որոնց պաշտպանում էր Պարսից կառավարությունը։ Այս դեպքում էլ, ինչպես առաջ, գործել է պարսից պետական քաղաքականությունը ընդդեմ հույների և հունասեր հայերի, բայց այժմ ոչ ասորիների ձեռով, ինչպես առաջ էր։ նրանց դերն արդեն վերջացած էր Հայաստանում, ինչպես և նրանց լեզվի կիրառությունը հայոց եկեղեցիներում։ Այժմ պարսիկները հենվում էին մի նոր մեծ հոսանքի վրա, որ նրանք առաջ էին բերել հայերի մեջ, դա պարսկասերների «յոգնախումբ» բազմությունն էր, որին պատկանող անհատներից շատերը, նույնիսկ երևելի տոհմերից, ընդունում էին մոգական կրոնը՝ պարսկական կառավարությանը հաճոյանալու համար։

Թեպետ Նուարսակի դաշնադրությամբ Վահանի պահանջն եղել էր