Jump to content

Էջ:Manuk Abeghyan Collective works vol. 3.djvu/345

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ժողովուրդսն և տղայքն անգամ ի վերայ ուսոց ծնողացն, շարժեալ զձեռներն ի գովութիւն այլոցն՝ ձայնս անյօդակապս արձակեալ յայթռեն»։ Իսկ Ղազարի հակառակորդներն ի՞նչպես են վարվում։ «Եւ դոքա նստին գլխարկեալք, պատատեալք երեսօք, որպէս առ հոտեալ դիական, պապանծեալք որպէս համր դև։ Եւ եթէ գթացեալ մարդասիրին, կամիցի տալ բան խրատու ի ժողովրդոցն փրկութիւն, հայեցեալ ի դառն խորհրդոցն նոցա որոճմունս՝ յինքն ամփոփեալ արգելու զշնորհն» (էջ 432—433)։ Ուրեմն ճառախոսը տեսնելով ունկնդիրների վատ վերաբերմունքը՝ բնականաբար կորցնում է և իր տրամադրությունը խոսելու։

Հակառակորդների զրպարտություններից առանձնապես աչքի են ընկնում առաջին երկուսը։ Շատ պարզ երևում է, որ նրան խորտակելու համար՝ նրան գրել են մծղնե (մեսալյան) կոչված աղանդավորների մեջ, որոնք ի միջի այլոց քարոզում էին «անխտիր հաղորդակցություն տղամարդոց և կանանց մեջ»։ Հայոց Շահապիվանի եկեղեցական ժողովը, որ տեղի է ունեցել շուրջ 446/447 թ., առանձնապես զբաղվել է այդ աղանդով և մեծամեծ պատիժներ է սահմանել դրա հետևողների համար, լինին ռամիկ թե ազնվական: Դրանից երևում է, որ այդ աղանդն ընդարձակ ծավալ է ստացած եղել։ Շահապիվանի ժողովից հետո չի վերջացել այդ աղանդը Հայաստանում։ Որ աբեղաները Ղազարին մեղադրել են իբրև աղանդավորի և մի մարդու, որ պոռնկությունը մեղք չի համարում, այդ ցույց է տալիս, որ 5-րդ դարի ընթացքում հարատևել է և աճել է այդ աղանդը։

Տե՛ս Հինգերորդ հավելված՝ «Հայոց եկեղեցու դիրքը քաղկեդոնականության վերաբերմամբ 5-րդ դարի երկրորդ կեսին»։

3. Պարսկական և ազգային հայկական կողմնորոշումներ։— Ղազարն իր անձնական հալածանքին պատճառ դնում է, ինչպես տեսանք, աբեղաների նախանձն իր առաջադիմության համար։ Անշուշտ, առանձնապես, գործել են և նրանք, որ ցանկացել են նրա տեղն ունենալ։ Բայց և այնպես Թղթից հենց պարզ է, որ այն եղել է գլխավորապես քաղաքական-հասարակական երևույթի արտահայտություններից մեկը. եղել է մի կռիվ ոչ թե կրոնա-դավանաբանական հիմքի վրա, այլ պարսկական և ազգային-հայկական կողմնորոշումների։ Այդտեղ գործել են նույն ազդակները, ինչ որ Գյուտ կաթողիկոսի վերաբերմամբ։ Այս կաթողիկոսը մենակ չի եղել հալածված։ Ղազարն իր «Թղթի» վերջում գրում է, թե դիցուք ինքն արժանի է այդպիսի պատուհասի, «իսկ այլ առաքելանման մարդիկն ընդէ՞ր այսպիսումն և և՛ս առաւել քան զսոյնս դիպեալք ի յաշխարհիս ի յայսմ՝ խստագոյն վշտիւ վախճանեցան» (էջ 436)։ Եվ նա հիշում է մի քանի անձեր, որոնց հալածել են, այսպես՝ «երանելի փիլիսոփոսն Մովսէս, որ արդարև մինչդեռ էր ի մարմնի՝ ցանկ երկնային զօրացն էր քաղաքակից, ո՞չ ապաքէն ի տեղւոջէ ի տեղի աբեղեանդ Հայոց հալածական արարին»։ Մեկ ուրիշին, որ գիշեր ցերեկ աշխատել է «ի լուսաւորութիւն աշխարհիս Հայոց», «զոսկերսն ի գերեզմանէն հանել տային