Մհերը «մէկ մեծ ահագին քար էբի, կցից քաղաքի քամակ, գիտու մէջ. գետ էլաւ էրկու ճող, մէկ ճող էն եանէն կիյա, մէկ էս. էլ քաղաք չի աւրի։ Բրջայ բալաքն էլ վար էն քարին շինից, իսկի աւիրիլ չկայ էն բերդին»։ Նման ուժի և շնորհքի տեր, միաժամանակ և քանդակագործ է նաև Պարսից Ռոստոմը։ Այդ լեռնանման կամ, ըստ Խորենացու, հարյուր քսան փղի ուժ ունեցող Ռոստոմի առաջ նույնպես ոչ միայն գետինը, այլև քարը դիմանալ չէ կարողանում։
«Եթե նա վեր ելներ մի քարի վրա ու կանգներ,
Ծանրությունից երկու ոտքը քարի մեջը կխրվեր»։
«Հսկա Ռոստամն, որ հենց ժայռին ձեռ էր ձգում և բռնում,
Որձաքարը անգամ տեղից պոկում կռվի օրերում,
Եվ ահագին կորովովը սարը տեղից էր շարժում.
Ծանր, ամուր քարը մոմ էր նա համարում իր բռում»[1]։
Եվ այդ նույն Ռոստոմը ներկայանում է, պարսից ժողովրդի ավանդությամբ, իբրև արարիչ Պարսկաստանի ժայռերի վրա եղած հին քանդակների, որոնք հայտնի են Նախշի Ռոստամ անունով։
1․ Աստղիկ Դերկետո դիցուհին և Շամիրամ։—Հին Արևելքում եղել է մի շատ սիրված աստվածուհի, որ հազարավոր տարիներ շարունակ չափազանց մեծ նշանակություն է ունեցել Արևելքի կրոնական կյանքի համար։ Նա իր հիմնական գաղափարով եղել է պտղաբերության ու սիրո, այլև ջրի դիցուհի և զանազան ժողովուրդների մեջ զանազան անուններով ու կերպարանքներով պաշտվել է շատ կողմերում։ Նա Ասորեստանում կոչվել է Միլիտտա, Իշտար, Բաբելոնում՝ Իշտար, Փինիկեում՝ Աստարոթ, Աշտարտ, Դերկետո, Ասորիքում՝ Դերկետո, Ատարգատիս, Աստարտե, հույների մեջ՝ Ափրոդիտե, պարսիկների մեջ՝ Անահիտա, հայերի մեջ՝ Անահիտ[2]։ Այս սիրո դիցուհու պաշտամունքը ցոփ և անառակ է եղել բազմաթիվ այր և կին սպասավորներով ու հետևորդներով։
Այս սիրո ու հեշտության դիցուհին Հայաստանում պաշտվել է և Աստղիկ անունով։ Նա ասորական Դերկետո աստվածուհին է, որ ասորական ազդեցությամբ մտել է հայերի մեջ։ Նրա Աստղիկ անունը հենց թարգմանություն է ասորական «Կաուկաբտա» բառի, որ նշանակում է աստղիկ, այսինքն՝ Արուսյակ մոլորակը, որ այս սեմական դիցուհու սիմբոլն էր, ինչպես և հայերենում հենց «աստղիկ» բառը նշանակում է նաև Արուսյակ, որ մեր ժողովրդի մեջ այժմ կոչվում է Լուս-Աստղ։ Անահիտ և Աստղիկ սկզբնապես եղել են միևնույն դիցուհու տարբեր կոչումները, մեկը՝ դիցուհու Անատու մականունից, մյուսը՝ նրա սիմբոլ Արուսյակից-Աստղիկից։
Ըստ հների՝ ասորական Դերկետոյի կամ ասորեստանյան Միլիտտա դիցուհու դուստրն է Շամիրամը։ Նա նույն բնավորությունն ունի, ինչ որ իր մայրը, սեմական ժողովուրդների աստվածուհին Իշտար, Դերկետո։ Նա էլ հայտնի է իր գեղեցկությամբ, այրասիրտ է, ռազմիկ, միաժամանակ և վավաշոտ։ Բաբելոնում նրա անվան հետ կապված են եղել շատ շինարարություններ։ Շատ տեղերում հին ժամանակ նրա անունով կոչվել