Jump to content

Էջ:Manuk Abeghyan Collective works vol. 3.djvu/36

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

են բլուրներ, բարձրավանդակներ, և՛ Փոքր Ասիայում, և՛ ուրիշ կողմերում։ Դերկետոյի պաշտամունքը, ինչպես և նրա դուստր Շամիրամինը մտել է նաև Հայաստան։ Այստեղ ևս շատ տեղեր կապված են եղել Շամիրամի անվան հետ։ Հիշենք միայն, որ Վան քաղաքը կոչվել է Շամիրամակերտ, և մինչև վերջերս Շամիրամի անունով էր կոչվում Վան քաղաքի հոյակապ արհեստական ջրանցքը, Շամիրամա առուն կամ Շամիրամա գետը։

Շամիրամի մասին հին ժամանակ Հայաստանում պատմել են և առասպելներ, որոնց մի մասի բովանդակությունը բերում է Մ․ Խորենացին։ Շամիրամն իր թշնամիներից հալածված փախչում է, առասպելը պատմում է նրա «զհետևակ փախուստն, և զպասքումնն, և զիղձս ջրոյն, և զարբումնն, այլ և ի մօտ հասանել սուսերաւորաց՝ և զյուռութսն ի ծով, և բան ի նմանէ՝ Ուլունք Շամիրամայ ի ծով։ Այլ․․․ և Շամիրամ քար»։ (Ա․ 18)։ Խորենացին չի ասում, թե Շամիրամի մահվան այս առասպելը ո՛ր ծովի հետ է կապված։ Քանի որ նա ասում է, թե «առասպելք աշխարհիս մերոյ․․․ աստ ուրեմն [Հայաստանում] զմահն ասել Շամիրամայ», ենթադրաբար իմանում ենք Վանա լիճը։ Արդ՝ Շամիրամի մահվան մասին 19-րդ դարում գրի առնված կա մի ժողովրդական զրույց, որ կապված է Վան քաղաքից հարավ լճի ափին գտնվող հայտնի Արտամետ ավանի հետ[1]։ Եվ այս առանձին նշանակություն է ստանում, քանի որ նույն տեղում եղել է Աստղկի պաշտամունքը։

2. Արա Գեղեցկի և Շամիրամի առասպելը։— Աստղիկ—Դերկետոյի պաշտամունքի հետ Հայաստան մտել են և նրա առասպելները, որոնցից մի քանիսը պատմվում էին մեր ժողովրդի մեջ մինչև վերջերս։ Նրա պաշտամունքի մնացորդներն էլ դեռ պահված էին մինչև 20-րդ դարի սկիզբները[2]։ Նշանավոր է այդ սիրո դիցուհու տարփածուի, երիտասարդ աստուծու մահվան և հարության շատ հայտնի առասպելը, որ տարածված է եղել Առաջավոր Ասիայում և կապված Իշտարի, Աշտարտի, Ափրոդիտեի և այլ անունների հետ։ Հայերի մեջ դա Արա Գեղեցկի և Շամիրամի առասպելն է, որի մեջ Շամիրամը փոխանակել է իր մորը՝ Աստղիկ—Դերկետոյին։ Դրա հիմքն է գարնանային երիտասարդ բնության մահացման երևույթն աշնանն ու ձմեռը և ապա վերակենդանացումը հաջորդ գարնանը։ Առասպելը հետևյալն է։ Սիրո և հեշտասիրության դիցուհի Իշտարը չամուսնացած աստվածուհի է։ Նա իր տարփանքի համար հոմանիներ է որոնում։ Բայց նա հեշտասեր կողմի հետ ունի և մի սոսկալի մահաբեր կողմ, որով նա իր տարփածուին մահացնում է, և ապա ողբում է նրա մահը և վշտից հետևում է նրան մինչև Սանդարամետի բանտը՝ իր տարփածուին հարություն տալու։ Իշտարի առասպելներից հայտնի է Գիլգամեշի[3] նշանավոր վեպը։

Հրաշալի գեղեցիկ դիցազն է Գիլգամեշը, որին սիրում է Իշտարը։

  1. Ն. Սարգիսեան, Տեղագրութիւնք։— Զրույցը տեսնել նաև Մ. Աբեղյան, Հայ ժողովրդական առասպելները, էջ 546 և հտն․։ Այս աշխատության մեջ, էջ 511—549, նաև «Շամիրամի առասպելը»։
  2. Այդ մասին բավական նյութ կարելի է գտնել սրա հեղինակի հետևյալ աշխատության մեջ. Պրոֆ․ Դ-ր Մ․ Աբեղյան, «Վիշապներ» կոչված կոթողներն իբրև Աստղիկ— Դերկետո դիցուհու արձաններ, Երևան, 1941, էջ 71—93։ Այդ արձանները ձկնակերպ են և գտնվում են Հայաստանի Գեղամա լեռներում և այլ կողմերում։
  3. Առաջ կարդում էին «Իզդուբար»։ Վեպի մասին տե՛ս Die Keilinschriften und das Alte Testament, von Eberhard Schrader, Berlin, 1903, էջ 556-562։