Պատմագիրը, բացի վիշապների դեմ կռվից, ոչ մի ակնարկ չի անում Վահագնի ուրիշ նահատակությունների, այսինքն քաջագործությունների բովանդակության մասին։ Անանիա Շիրակացին (7-րդ դար) հիշում է, թե հայոց նախնին Վահագն մի ցուրտ ձմեռ գողացել է ասորեստանցոց նախնի Բարշամի հարդը, որից և առաջացել է Հարդգողի (Դարմանագողի) ճանապարհը,— մի առասպել, որ մնում է մինչև մեր օրերը։ Հին հույների մեջ Կաթին Ծրի ծագումը կապված է Հերակլեսի մանկության հետ․ մի ուրիշ առասպելով՝ դա այն ճանապարհն է, որով անցել է Հերակլը Գերիոնեսի արջառը հափշտակած։
Հելլենիստական ժամանակներում հունական ազդեցությամբ տեղական աստվածները ոչ միայն հայերի, այլև ուրիշների մեջ նույնացվում էին հունականների հետ և հունական անուններով կոչվում․ մեր Վահագն հավասար է դասվել Հէրակլին։ Դա պատահական չի եղել, այլ կատարվել է մի ներքին նմանության պատճառով։ Այդ դեպքը միակը չի պատմության մեջ։ Համանման մտածությամբ նաև գերմանական ամպրոպային աստված Թոռը կամ Դոնարը հռոմեական ազդեցությամբ նույնացել է Հերակլեսի (Հերկուլեսի) հետ։ Եվ իսկապես՝ Հերակլի առասպելները շատ բազմազան տարրերից են կազմված, դրանցից շատերը կան զանազան ազգերի մեջ։ Ըստ որոշ առասպելարանների՝ հնդկական Տրիտա, Ինդրա, իրանական Կերեսասպա, գերմանական Թոռ աստվածները և Հերակլեսը, իբրև կայծակի կամ ամպրոպի հերոսներ կամ աստվածներ, իրենց մի քանի արարքներով և հատկություններով հավասարվում են միմյանց։
2. Վահագն ամպրոպային աստված։— Առասպելաբանության մասին քիչ ու շատ ծանոթություն ունեցող ամեն ոք իսկույն կնկատի, որ արեգակնանման աչերով, հրամազ ու բոցամորուս պատանյակ աստվածը երկնքի և երկրի, ծիրանի ծովի և մի բույսի— եղեգնի որդին, բնության մի երևույթի անձնավորում է։ Այդ նկարագիրը բավական հարմարվում է արեգակին։ Ուստի և ոմանք հնումն Վահագնին նույնացրել են արեգակի հետ իբրև Ապոլոն, ուրիշները նորումս երգի նկարագիրն արեգակին են վերագրել և բացատրել, թև դա պատկերացնում է արեգակի ծագումը։ Բայց այդ ընդունելի չէ։ Վահագն ամպրոպային աստված է։ Այդ պարզվում է համեմատական ուսումնասիրությամբ[1]։
Վահագնի պաշտամունքն իրանացիներից է անցել հայերին, նրա անվան նույն լինելն իրանական հաղթության աստված Վերեթրագնայի անվան հետ՝ վաղուց ապացուցված է։ Արդ՝ Վերեթրագնան, ինչպես բացատրում են, սկզբնապես ամպրոպային աստվածություն է եղել։ Թեպետև
- ↑ Վահագնի մասին մանրամասնություններ տեսնել Մ. Աբեղյան, Հայ ժողովրդական առասպելները, Վաղարշապատ, 1899, էջ 96—175։ Այս ուսումնասիրության մեջ Վահագն բացատրված է իբրև ամպրոպային աստվածություն։ Այստեղ և աբյուրները, հայ և այլ գրականություններից։— Վիշապի և անձրևաբեր աստծու մասին՝ նաև Մ. Աբեղյան, «Վիշապներ» կոչված կոթողներն իբրև Աստղիկ—Դերկետո դիցուհու արձաններ, Երևան, 1941։ Այստեղ նաև աղբյուրները։