Այս տողերի մեջ նկարագրված է ծնվող աստծու կերպարանքը, որ նույնպես բոլորովին համապատասխան է ուրիշ ազգերի ամպրոպային աստվածների, ինչպես՝ Ինդրայի, գերմանական Թոռի կերպարանքին։ Նորածին Վահագնը մի երեխա չէ, այլ խարտյաշ պատանյակ: Ինդրան ևս պատկերացվում է իբրև խարտյաշ պատանի։ Խարտյաշ և արեգակնաչյա են նաև Ինդրայի ձիերը, որոնք նույնպես ամպրոպն են պատկերացնում: Ինքն Ինդրան ևս արեգակնաչյա է, երեսն արեգակի նման։ Հագնվում է արեգակի գեղեցկությամբ, անձամբ հրեղեն է։ Եվ թեպետ պատանյակ, բայց մորուք ունի, ինչպես և մեր պատանյակ Վահագնը։ Պատանյակ խարտյաշ, հրեղեն, ոսկեհեր, թե հուր հեր, դեղնամորուս, բոց մորուս, թե կարմրամորուս (ինչպիսին է Թոռը), արեգակնաչյա, թե հրաչյա (Թոռ),— այդ առնված է հենց կայծակի երևույթից, նրա այրող, հրեղեն ու բոցեղեն, կամ բոցի ու հրի ոսկեգույն, կարմիր ու փայլուն հատկություններից։
Այսպես ուրեմն, տեսնում ենք, որ Վահագնի անունը, նրա երգի մեջ նրա ծննդյան և կերպարանքի բոլոր հատկություններն ամբողջապես մի ամպրոպային աստծու՝ Ինդրայինն են։ Բայց այդ դեռ ամենը չէ։ Ինդրան ծնվելուն պես բոցերի միջից վազում է ամպրոպային վիշապի՝ Ահիի (օձի) կամ Վրտրայի (ամպի անձնավորումի, որ հաճախ ներկայանում է իբրև վիշապ) դեմ կռվելու, և կռվելով հաղթում ու սպանում է նրան։ Նույնն անում է և մեր Վահագնը. «և ի բոցոյն վազէր խարտեաշ պատանեկիկ»։ Խորենացին երգի շարունակության միայն համառոտ բովանդակությունն է մեջ բերել, ասելով. «Յետ որոյ (ծննդյան նկարագիրն անելուց հետո) և ընդ վիշապաց ասէին յերգին կռուել նմա և յաղթել»։
Բնական երևույթի անձնավորում Վահագնի կռիվը ոչ թե երկրի վրա օձերի դեմ է եղել, այլ ըմբռնվել է իբրև կռիվ վիշապ դեմոնի դեմ, իբրև «ամպրոպային կռիվ», ինչպես Ինդրայի կռիվն է,—մի հայացք, որ մինչև վերջերս էլ կենդանի է եղել մեր ժողովրդի մեջ։ Վիշապը մեր հին և մեր ժամանակի ժողովրդական հավատալիքներով՝ փոթորկի, պտուտահողմի, թաթառի և փոթորկալից ամպի անձնավորումն է, հենց ինքը փոթորիկը, «թանձրացեալ ամպով», կայծակներով ու որոտմունքով,— մի չար ոգի, որի նախատիպն է օձը, որ և սովորաբար չափազանց մեծ օձի կերպարանքով է ներկայանում, բայց իբրև ամպային էակ հաճախ փոխում է իր կերպարանքը և զանազան կերպարանքներ է ընդունում։ Եզնիկ Կողբացու գրելով, օրինակ, նա երևում է մերթ իբրև օձ, մերթ իբրև մարդ, երբեմն ջորի կամ ուղտ, կամ իբրև որսին հետապնդող ձիավոր։ Փոթորիկը, ասում է Անանիա Շիրակացին (7-րդ դար) «ի բաջաղանս և յառասպելս վիշապ հանել ասեն»։ Իսկ Վանական վարդապետը (13-րդ դար) փոթորկի երևույթի համար պարզապես գրում է. «Ասեն, թէ զվիշապն ի վեր յօդն քարշեն»։ Դա մի հին հավատալիք է եղել, ըստ որի վիշապը, փոթորկի անձնավորումը, փոթորկի ժամանակ վեր են քաշել։ Նույնը գտնում ենք և Եզնիկի մոտ, որ գրում է. «Եւ եթէ բառնայցի ի վեր այնպիսի վիշապն, ոչ եթէ եզամբք ինչ անուանելով»։