Jump to content

Էջ:Manuk Abeghyan Collective works vol. 3.djvu/41

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

պատառում է երկնային ջրերն արգելող ամպերի կամարը, որ կանգնեցնում է Ինդրայի հակառակորդ Վիշապը, Վրտրան, որ միևնույն ամպն է կամ ամպի անձնավորումը։ Օրինակ՝ «Զորությամբ բարգավաճած է Ինդրան, որ Մարուտներին բարեկամ ունի. Վրտրային անդամալույծ արավ և այդ ժամանակ դուրս թափեց ծովի ջուրը»։ Այս ամպրոպի անձնավորում աստվածը, որ կայծակով զինված՝ հոսեցնում է երկնային ջրերը, համարվում է ծնունդ երկնային ջրերի։ Հնդիկների մեջ նա կրումի Ապտիա—ջրածին, ջրերի որդի անունը։ Այս մակդիրն այնքան առանձնապես վերաբերում է Ինդրային, որ նա նույնիսկ ապտիաների ապտիա է կոչվում։ Միայն Ինդրան չէ ջրերի որդին, այլև նրա երկվորյակ եղբայրը՝ Ագնին, որին նույնպես վիշապի դեմ կռիվներ են վերագրում․ նա կոչվում է, իբրև կայծակի կրակի աստված, Ապամ նապատ ջրերի զավակ։ Ապտիա— ջրածին, ջրերի որդի կոչվում է նույնպես վիշապի դեմ կռվող Տրիտա աստվածը, որ Ինդրայի հատկություններն ունի։ Այսպես և մեր Վահագնը, իբրև վիշապի դեմ կռվող ամպրոպային աստված, ծնունդ է երկնային ջրերի ծովի։

Երկնքի և երկրի որդի ծովածին Վահագնը երգի մեջ համարվում է սերված և մի բույսից— կարմրիկ եղեգնիկից։ Այսպես և երկնքի ու երկրի և ջրերի որդի Ագնին, իբրև կայծակի կրակի աստվածություն, ծնվում է միանգամայն և բույսերից։ Ռիգ-Վեդայի մեջ, օրինակ, երգվում է կայծակ Ագնիի համար. «Բույսերը կանոնավոր երևացողին՝ Ագնիին իրենց մեջ են առել իբրև սաղմ, այս Ագնիին ծնեցին մայրական ջրերը, նմանապես ծնում են նրան ծառերն ու խոտերը հավետ հղանալով»։ Զանազան հին ազգերի առասպելների մեջ երկնային կրակը բույսերի հետ կապված է մտածվում, այսինքն՝ ինչպես երկրի վրա կրակը փայտից է առաջանում, հավատում էին, թե երկնքում էլ կայծակը բույսերից է ծնվում։ Ուստի և կայծակը պատկերացնում են հաճախ իբրև զանազան բույսեր, կայծակի մարմնացումն են համարված շատ բույսեր, ինչպես, օրինակ, փշենին կամ փուշը, որ հայերի մեջ ևս, իբրև կրակի մարմնացում, զորավար «կապք», այսինքն պաշտպանության միջոց է համարվում չար ոգիների դեմ և մեր հմայական կամ «կապքի աղոթքների» մեջ կրակին հավասար է դասվում։

Ամպրոպի երևույթն ըմբռնվում է իբրև մի բոցավառում, հրդեհ երկնային, կարմիր բոցեղեն ծովի մեջ և ըստ հին հավատալիքների՝ զորեղ ամպրոպների ժամանակ՝ երկնային բույսերի ծխախառն-միգախառն բոցավառման միջոցին երկնային կրակի՝ «կայծակի առաջանալը փոխակերպվում էր մի աստվածության ծննդյան», և հատկապես կայծակի անձնավորում աստծու, որ երկնքի ու երկրի և երկնային ծովի ու բույսերի ծնունդ լինելով ծնվում էր ամպրոպի բոցերի միջից։ Այսպես և մեր Վահագն աստվածը։

Նա հուր հեր ունէր, բոց ունէր մօրուս,
Եւ աչկունքն էին արեգակունք։