Jump to content

Էջ:Manuk Abeghyan Collective works vol. 3.djvu/44

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ծովը, տեսանելի դարձրեց արեգակը, գտավ արջառը. մի գիշերվա մեջ կատարեց նա օրերի գործը»։ Ինդրայի «հատուկ բնական արարքն այն է, որ նա հաղթահարում է երաշտի դեմոնին», ինչպիսին հանդիսանում է Վրտրան. նա «անձրևի աստված» է և տալիս է անձրև ու արեգակ։ Մ. Խորենացին այդ մասին ակնարկ չի անում, բայց քանի որ Ինդրայի համապատասխան հայկական աստվածն է Վահագն,- ինչպես Ինդրան՝ երկնքի ու երկրի որդի, ծովածին, հրամազ, բոցամորուս, արեգակնաչյա, խարտյաշ մի պատանյակ, որ կռվում է վիշապների դեմ, քանի որ մեր այդ աստուծու անունն անգամ նույնն է, ինչ որ Ինդրայի մակդիրը՝ «Վերեթրագնա»,- պետք է կարծել, որ նույնպես անձրև բերելու համար է Վահագնի կռիվը վիշապների դեմ։

Այդ հավաստվում է մեր ժողովրդական հավատալիքներով, նույն առասպելի գերապրուկներով։ Վիշապը,- կարծում են,- երբ շատ մեծանում է, վտանգավոր է դառնում. նա փոթորկի ժամանակ չար ոգիների հետ բարձրանում է վեր՝ կամ երկինքն ու ամպերը կապելու, որ անձրև չգա, կամ կուլ տալու արեգակը, որ իբրև աշխարհ լուսավորող գեղեցիկ աղջիկ է պատկերանում։ Բայց Գաբրիել հրեշտակը, ուրիշ հրեշտակների հետ, կռվում են վիշապի դեմ, սպանում նրան, կամ վեր հանելով՝ բարձրից ցած են գցում նրան ու փշրում, և այդ ժամանակ արեգակը ցույց է տալիս իր երեսը, կամ անձրև է գալիս, կամ թե, ինչպես ասում են, կռվի իջոցին այդ վիշապը ջուր է փչում երկրի վրա։ Կռվից առաջանում է փոթորկի շառաչյունը, որոտը։ Փայլակը Գաբրիելի թրի փայլքն է, կայծակը՝ նրա հրեղեն նետը։

Այս միևնույն չար վիշապի պատկերն է, երկրի վրա տեղափակված, որ մեր «Սասնա Ծռերի» մեջ հանդես է գալիս իբրև լեռներում ապրող մի ջրարգել հրեշ։ Նա նստում է աղբյուրի վրա, խափանում է քաղաքի ջուրը և ջուրը բաց թողնելու համար պահանջում է աղջիկների զոհաբերություն. մինչև որ Ծովային Սանասարը, կայծակի թուր ունեցող այդ կայծակի հերոսը, սպանում է նրան և ջուրն ազատում։

Ի՞նչն է կազմում այս հետաքրքիր ֆիզիկական առասպելի հիմքը հասարակական կյանքից։- Երկրի ուժեղները, ամենահին դարերից, ջրազուրկ տեղերում բռնությամբ տիրել են ջրերին և առանց զոհաբերության չեն թողել, որ ուրիշներն օգտվեն դրանցից։ Ահա այն նախատիպը, որի անդրապատկերումն է առասպելական աշխարհի երկնային աղբյուրի կամ ծովի ջուրն արգելող օդերևութային վիշապը։ Երաշտի ժամանակ երևակայել են, թե երկնքում չար վիշապը կտրում է երկնային ջրերի, անձրևի առաջը, մինչև որ մարդկանց բարեկամ ամպրոպային բարի աստվածը հաղթում է այդ չար դեմոնին և մարդկանց ուղարկում է անձրև։

Վահագնի երգը, որ բովանդակում է այս հին առասպելական ըմբըռնումը ամպրոպի աստվածության մասին, հայոց հնագույն ժողովրդական երգերից մեկն է։