Էջ:Manuk Abeghyan Collective works vol. 3.djvu/45

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
ԱՎԱՆԴԱԿԱՆ ՎԵՊ
ՎԻՊԱՍԱՆՔ

1. Ավանդական վեպ, Վիպասանք, Երգք վիպասանաց, Երգք առասպելաց։— Առասպելից տարբեր ծագում ունի ավանդական վեպը (էպոսը)։ Մինչ առասպելներն ունեն ավելի դիցաբանական բնավորություն, շատ քիչ պատմական ազդեցության են կրած և հաճախ փոխառություն են ուրիշներից,— վեպն, ընդհակառակն, իր ծագումով, ընդհանուր առմամբ, բնիկ ազգային ինքնուրույն ստեղծագործություն է։ Վեպը պատմական բանաստեղծություն է։ Նրա նյութը պատմությունն է, այս բառն ընդարձակ մտքով առած, լինի իսկական, թե կեղծ պատմություն։ Եվ մեր «վեպ» բառը հնումն հենց այդ ընդարձակ նշանակությունն էլ ունեցել է[1]։

Մ․ Խորենացին մեր առաջին հին վեպն անվանում է «Վիպասանք», «Երգք վիպասանաց»։ Սակայն նա գործածում է նաև «Առասպել» կամ «Երգք առասպելաց»[2]։ Առասպել չի կոչված միայն Մեծն Տիգրանի պատմությունը։ Թե մեր հին վեպը հենց այդպես «Վիպասանք», «Երգք վիպասանաց» և «Առասպել» էլ կոչվել է, այդ երևում է նաև Փավստոս Բուզանդի

  1. Մ․ Խորենացին, որ մեր առաջին հին վեպի միակ աղբյուրն է, այդ բառը գործածել է միշտ գրավոր պատմական հիշատակարանների համար։ Նրա գրքի մեջ «վեպ» նշանակում է պատմություն, «վիպագրել»՝ պատմագրել, պատմել, «վիպագիր»՝ պատմագիր, «վիպասան» բառն էլ նշանակում է պատմություն ասող։ Այժմ «վեպ» կամ «ավանդական վեպ» նշանակում է «էպոս», բայց «վիպել» պատմել։ 19-րդ դարից սկսած «վեպ» բառը գործածվում է նաև «ռոման» բառի նշանակությամբ։ Ապա «զրույց» բառն ևս, որ այժմ նշանակում է ընդհանրապես բերանացի պատմված ավանդություն, Խորենացու գրքի մեջ համանիշ է «վեպ» բառին և նշանակում է թե՛ բերանացի և թե՛ գրավոր պատմվածք, պատմություն ընդհանրաապես, հաճախ գրավոր պատմություն։ Խորենացին այս բառը «բերանացի զրույցի» իմաստով գործածելիս՝ սովորաբար «անգիր, հին, վաղնջուց, նախնական» բառերով, կամ «յաւանդութենէ հասեալ», «որդի ի հօրէ առնելով յիշատակ», «զրուցեն պառաւունք» շրջաբանություններով տարբերում է ավանդական զրույցը գրավոր զրույցից։ Տե՛ս Մ. Աբեղյան, Հայ ժողովրդական առասպելները, էջ 10—22։
  2. «Զորմէ առասպելաբանեն»․ «Զայս տեղի առասպելաբանելով վիպասանքն յերգելն իւրեանց ասեն»․ «Առասպելեալ երգեն»․ «Ըստ առասպելին»․ «Զայս կամելով երգել յառասպելսն». «Նոյն երգիչքն յառասպելին ասեն»․ «Զորմէ յառասպելս ասեն»։