Jump to content

Էջ:Manuk Abeghyan Collective works vol. 3.djvu/55

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Վիպական Տիգրանի և վիպական Մարաց թագավորի հարաբերությունը նույնպես մի ավանդական հիշողություն է պատմական Մեծն Տիգրանի և նրա անմիջական հաջորդների հարաբերության մարերի հետ։ Մեծն Տիգրան թագավորն առնում, ավերում է Մեծ Մարաստանի մայրաքաղաքը՝ Եկբատան, և նրա թագավորին ստիպում է ճանաչել իր իշխանությունը։ Փոքր Մարաստանի թագավորը դաշնակից է հայերին և հիշվում է Տիգրանի պատերազմների մեջ. նա կնության է առնում Տիգրանի դուստրը։ Վեպի մեջ Տիգրանուհին, որ սովորարար նշանակում է Տիգրանի դուստր, Տիգրանի քույրն է։ Մենք չգիտենք, թե այդ փեսան ի՛նչպես է վարվում, երբ Մեծն Տիգրանի աստղը թեքվում է, բայց շատ շուտով, Տիգրանի անմիջական հաջորդների՝ Արտավազդի և Արտաշեսի ժամանակ Փոքր Մարաստանը թշնամանում է հայերի հետ։ Տիգրանի թոռ Արտաշեսը նույնիսկ պատերազմ է ունենում մարերի հետ և հաղթում է նրանց։ Այս ամենը կատարվում է մի քանի տասնյակ տարիներում և հեշտությամբ կարող էր պատմվել մի հայոց թագավորի՝ Տիգրանի և մի մարաց թագավորի վրա, և պատմվել է։


Մեծն Տիգրանի այս վիպական պատմությունը, ըստ ինքյան հասկանալի է, պետք է հանել այն տեղից, ուր կա Խորենացու Պատմության մեջ, և դնել իր իսկական տեղում։ Երգն ու գովեստը Մեծն Տիգրանի, ըստ Խորենացու՝ Միջին Տիգրանի վրա է եղել․ նրա վրա էլ պետք է պատմել այսուհետև։ Եվ այսպիսով, Խորենացու պատմությունը, «որ յաղագս Մեծին Տիգրանայ, որ… էր հուժկու, անուանի և յաղթող ընդ այլ աշխարհակալս», ստանում է իր իսկական պատմական արժեքը, և միանգամայն այդ պատմությունը դառնում է Խորենացու Հայոց Պատմության կարևոր մասերից մեկը։ Երգը մեծ ճշմարտությամբ պահել է Մեծն Տիգրանի պատմությունը։ Ցավոք, Խորենացին սխալվել է իր ժամանակաբանության մեջ։


3. Աժդահակի առասպելը։— Տիգրանի վեպը բուն պատմական հիշողությունների հետ ունի նաև առասպելական, հատկապես ամպրոպի վիշապի առասպելի բնավորություն, որ ինչքան էլ Մեծն Տիգրանի պատմության ազդեցության տակ եվհեմերական մտածությամբ պատմական գույն է ստացել, բայց դեռ երևում է պարզապես որոշ առասպելական գծերով։ Պատմվածքի մեջ երկվություն կա․ գործող անձերը հանդես են գալիս և՛ իբրև մարդ, և՛ իբրև վիշապ։

«Աժդահակ» անունը առասպելական Աժի Դահակա—Վիշապ Դահակն է, որի դեմ կռվում է պարսիկների մեջ Հրուդենը—Թրայետաոնան։ Սրան համապատասխան է հնդիկների մեջ Տրիտա աստվածը, որ Ինդրայի հատկություններն ունի և նույնպես կռվում է Վիշապի դեմ։ «Աժդահակ» բառի «վիշապ» նշանակությունը ծանոթ է նաև Մ. Խորենացուն։ Աժդահակի կինը՝ Անուշ՝ վեպի մեջ (Ա. 31) հիշվում է պարզապես իբրև «մայր վիշապաց»։ Տիգրանը մարերի հետ գերում է նրան և իր որդիների հետ բնակեցնում է «յանդորրութեան սպառուածի փլածին մեծի լերինն» (Ա. 30), Մասիսի վրա, որ վիշապների կամ վիշապազների բնակարան է համարվել հնումն և մինչև մեր օրերը։ Մասիսի (առանձնապես Փոքր Մասիսի)