վիշապների մասին մեր օրերում «պես-պես բաներ» էին պատմում, կամ, ըստ Խորենացու, «անյայտ իրք վիշապաց, որք են յԱզատն ի վեր ի Մասիս»։ Այդ Անուշի զավակները, ինչպես և ընդհանրապես Հայաստանի այդ «Մարք» շրջանի բնակիչները, կոչվել են «Վիշապազունք» կամ «զարմք Աժդահակայ»։ Նրանք Վիպասանքի շարունակության մեջ էլ հանդես են գալիս։ «Վիշապաց մոր» երևան գալը մեր առասպելի մեջ մի պատահական բան պետք չէ համարել։ Վիշապի կանայք ամպրոպային կռվի մեջ գերվում են ամպրոպային աստուծուց, երբ սա հաղթում է վիշապին։ Ինդրայի կռվի մեջ Ահիի (վիշապի) դեմ՝ նույնիսկ վերջինիս մայրն է դուրս գալիս։ Ամպրոպային առասպելի մեջ ամպրոպի աստծու քրոջը կամ կնոջը հափշտակում է վիշապը և արգելում իր բուրգում։ Բայց աստվածը հաղթելով վիշապին՝ ազատում է քրոջը կամ կնոջը։ Մեր առասպելի մեջ Տիգրանուհին նույն դերն է կատարում։ Աժդահակը, ամպրոպային վիշապը, հափշտակում է Տիգրանից (= սկզբնապես ամպրոպային աստուծուց) նրա քրոջը և պահում իր մոտ։ Բայց Տիգրանը հարձակվում է իր թշնամի վիշապի վրա, սպանում է նրան, ազատում քրոջը և գերում է վիշապի կնոջը, «վիշապաց մորն», և բնակեցնում նրան իր սերնդով Մասիսի վրա։
Տիգրանի տեղ սկզբնապես ամպրոպային աստվածը, Վիշապաքաղ Վահագն եղած պիտի լինի վիշապ Աժդահակի դեմ կռվողը։ Այս ենթադրությունը հավանական է դառնում այնու, որ Աժդահակի դեմ կռվող Տիգրանը Վահագնի հայրն է։ Առասպելաբանության մի ընդհանուր հատկությամբ, մանավանդ երբ առասպելն սկսում է կորցնել իր դիցաբանական կերպարանքը և պատմական գույն ստանալ, հաճախ մի աստվածություն կամ դիցազն բաժանվում է երկսի. ստեղծվում է աստծու կամ դիցազնի համար հայր կամ որդի, որի վրա պատմվում է, երբեմն փոխված ձևով, միևնույն հին առասպելը։ Հայկական զրույցի այսպես երկուսի բաժանվելն անհրաժեշտ պիտի լիներ այն ժամանակ, երբ արդեն մարերն ու վիշապներն սկսել էին շփոթվել պատմողների գիտակցության մեջ, երբ առասպել և պատմական վեպ խառնվում էին. վիշապների ազգի տեղ անցնում էր մարերի ազգը. հին առասպելական օձերի կամ վիշապների թագավոր Աժդահակին փոխանակում էր մարաց թագավորը, ինչպես և նրա սերունդները համարվում էին մարաց թագավորի զարմ—մարեր, կամ ընդհակառակն, մարերը համարվում էին վիշապազն Աժդահակի զարմ։
4. Վիշապը կամ Աժդահակն իբրև տոտեմ։— Որ «վիշապ» և «մար» շփոթվել են իրար հետ, դրա մի պատճառն այն է, որ «մար» նշանակում է օձ, վիշապ։ Արդարև, մեր մատենագրության մեջ «մար» (=օձ, վիշապ) բառը չկա գործածված, բայց ոչ ամեն պարսկերեն բառեր, որ մեր ժողովրդի մեջ եղել են և կան այժմ, մտել են մեր հին մատենագիրների մեջ։ Պարսկերեն լեզուն դեռ Քսենեփոնի ժամանակ ծանոթ է եղել հայերին, ուստի «մար» բառի «օձ» նշանակությունն ամենահին ժամանակներից կարող էր ծանոթ լիներ մեր ժողովրդին, ինչպես և այժմ ծանոթ