Jump to content

Էջ:Manuk Abeghyan Collective works vol. 3.djvu/57

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

է։ Մի անգամ որ վիպասանների գիտակցության մեջ «մար» նշանակում է վիշապ, այն ժամանակ հեշտ հասկանալի է, թե ինչպես մարք և վիշապք, վիշապազունք և «զարմք Աժդահակայ», = «զարմք Վիշապ Դահակայ» շփոթվել են իրար հետ։ Մանավանդ որ առասպելական վիշապները կապված են Մասիսի հետ, իսկ մարերը բնակվելիս են եղել Մասիսի ստորոտներում և այդ լեռից դեպի արևելք, Արաքսի երկու կողմերում։ Նրանք, որ մինչև 5-րդ դարն արդեն հայացած են եղել, համարվել են վիշապազունք, իբրև Վիշապ Դահակի զարմեր։ Դա նախնական շատ ցեղերի հավատալիքներից մեկն է, որով իրենց ծագած են համարում կենդանական գերբնական էակներից,— սրանց թվում և օձերից, վիշապներից,– և նրանց անունով կոչում իրենց։ Ուրիշ խոսքով՝ վիշապը կամ Վիշապ Դահակը համարվել է Մասիսից դեպի արևելք բնակված մարական ծագում ունեցող տոհմի տոտեմը, իրենց պաշտած կենդանի նախնին, որի անունով և նրանք կոչվել են նաև վիշապազն կամ Աժդահակի զարմ։

Հետաքրքիր է, որ այդ կոչումը մնացել է մինչև այժմ։ Խորենացին հայտնում է, թե «թուելեաց» երգերը, որ է՝ Վիպասանքը, «պահեցին ախորժելով․․․ մարդիկ կողմանն գինեւէտ գաւառին Գողթան» (Ա․ 30). «Յայտնի են քեզ ի վիպասանացն, որ պատմին ի Գողթան» (Բ. 49)։ Մի անգամ որ Գողթնի բնակիչները յուրացրել և ախորժելով պահել են մարերի մասին հին երգն ու առասպելը, վիշապազների առասպելը, զարմանալի չի լինիլ, որ նրանք յուրացրած և պահած լինեն նաև «Աժի Դահակի», Վիշապ Դահակի զարմ կոչումը։ Հին առասպելական Դահակ անունը, ինչպես հայտնի է, դարձած է Զոհակ, սրանից է ծագում Զոկ։ Գողթն գավառի բնակիչների արդի Զոկ կոչումն, ուրեմն, ոչ այլ ինչ է, եթե ոչ հին «զարմք Աժի—Դահակայ» կոչման մնացորդը, որ հին դարերից պահվում է մինչև մեր օրերը։ Դա տոտեմիստական աշխարհայեցության մի գերապրուկ է։ Հայերի մեջ այդ նախնական հավատքը շատ զորեղ է եղել, ինչպես այդ երևում է օձերի պաշտամունքի արդի մնացորդներից։

5․ Մեծն Տիգրանի և Երվանդ–Արտաշեսի վեպերի կապակցությունը։— Թե այս երկու վեպերն առնչություն ունեցել են միմյանց հետ, այսինքն թե այդ երկուսը մի ընդհանուր վեպի մասեր են եղել, թե չէ, այդ որոշ կերպով չգիտենք Մ․ Խորենացուց։ Սակայն երևում է, որ դրանք միացած են եղել, կենտրոն ունենալով մարերի, որ է՝ վիշապազների հետ հայերի հարաբերությունը թե՛ ըստ պատմականին և թե՛ ըստ առասպելականին։ Հայաստանի մարերը, որ է՝ վիշապազները, ըստ վեպի, ինչպես տեսանք, սերունդն են Մարաց թագավոր Աժդահակի կամ Վիշապ Դահակի, որին հաղթում է Տիգրանը և որի զարմերը գերում է նա և բնակեցնում Մասիսի ստորոտներում։ Վեպի մեջ, ուրեմն, պատմվում է, թե Մասիսից մինչև Գողթն բնակվող մարերը գերի են բերված Մեծն Տիգրանի ձեռով։ Այնուհետև նույն մարերը, կամ վիշապները, վիշապազները, երևան են գալիս և Արտաշեսի վեպի մեջ։ Այս բնական հաջորդությամբ Տիգրանի վեպի անմիջական շարունակությունն է դառնում Սանատրուկի որդի Արտաշեսի վեպը, սկսած նույնիսկ վիշապ Երվանդից, որ թագավորելուց հետո՝ երկրորդական գահը տալիս է Մարացոց տիրոջը կամ, վիշապ Արգավանին։ Այսպիսով հավանական է դառնում, որ այդ վեպերը թե՛ անջատ և թե՛ կից ևս պատմվեին և կամ համարվեին միևնույն ընդհանուր վեպի մասեր։ Այդ երևում է և Խորենացու իրեն Պատմության բովանդակությունից։